Բան չեմ ասելու ես, դավայ. Վարդան Ավետիսյան

Բան չեմ ասելու ես, դավայ. Վարդան Ավետիսյան

«Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ և ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը երեկ տարածել էր մի հայտարարություն, որտեղ կոչ էր անում աշխարհազորային ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ թշնամու հնարավոր հարձակմանը դիմակայելու համար։ Այս հայտարարությանը հակադարձել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ անհանգստանալու որևէ առիթ չկա. «Դա բացառապես Վարդան Ավետիսյանի և իր ղեկավարած ՀԿ֊ի՝ «Պահեստազորի սպաների համահայկական միության» կարծիքն է։ Հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը»:



Փորձեցինք այս ամենի հետ կապված պարզաբանում ստանալ հենց Վարդան Ավետիսյանից, նրա հեռախոսահամարը երեկվանից անհասանելի էր, սակայն այսօր առավոտյան կարողացանք կապ հաստատել, ով մեզ հետ զրույցում նշեց, որ դա հասարակական կառույցի կարծիք է, դա Պաշտպանության նախարարության դիրքորոշումը չէ, հետեւաբար` Արծրունը ճիշտ է ասել: Մեր այն հարցին՝ միգուցե մեկ ճշմարտության մասին խոսեին, Ավետիսյանն ասաց՝ «բան չեմ ասելու ես, դավայ», և անջատեց հեռախոսը: Քիչ առաջ ևս մեկ անգամ փորձեցինք կապ հաստատել Վարդան Ավետիսյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը կրկին անջատված էր:



Այսօր հայտնի է դարձել, որ Վարդան Ավետիսյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, նրան կփոխարինի Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի տնօրեն Գեւորգ Ալթունյանը: