Բաց զրույց Արամ Պաչյանի հետ

Բաց զրույց Արամ Պաչյանի հետ

Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում: Մարդ չգիտի` լա՞, թե՞ խնդա: Լա` ինչի՞ համար, խնդա` ինչո՞ւ: Եվ, առհասարակ, արժե՞ այդ ամենն այն մոմերի գինը, որ հիմա վառում ենք:



Ինձ անհասկանալի է ողբերգությունը, որ Արամ Պաչյանն է ապրում Թրամփի հաղթանակից. «Այսպիսով, ինչ ուզում եք, ասեք, բայց փաստ է՝ ԱՄՆ-ում հաղթանակեց մաչիզմը, կնատյացությունը, հաղթանակեց շոուն, իսլամաֆոբիան, հաղթանակեց TV-ն, հաղթանակեց սանրվածքը, խարիզման, հաղթանակեց զավեշտալի ինքնավստահությունը, ապուշությունը, տգիտությունը, վերջապես՝ ամբողջովին հաղթանակեց փողը: Սա փողի ամենապաշտոնական հաղթանակն է: Միլիարդատեր Թրամփը մատ արեց ոչ միայն Հիլարիին, այլեւ իրենց ողջախոհի տեղ դրած՝ ԱՄՆ-ում ապրող մի հսկա զանգվածի, որոնց մեջ մտնում էր նաեւ գործող նախագահ Օբաման՝ ընտանյոք հանդերձ: Հանրապետականների «ֆանտաստիկ» հաղթանակն ինչո՞ւ պիտի զարմացնի ու զայրացնի այդ նույն «ողջախոհ» զանգվածին, որն ամաչում է Դոնալդ Թրամփ երեւույթից: Մի՞թե ամեն ինչ դեռ տարիներ առաջ չէր կանխորոշում Թրամփ ֆենոմենը»:



Ամերիկային հաղթեց փո՞ղը: Համոզիչ չէ: Հուսամ` Թրամփն ընտրակաշառք չի բաժանել, այլապես հիմա իր փողերով հայտնված կլիներ Գուանտանամոյում: Ասում է` իսլամաֆոբիան հաղթանակեց, կնատյացությունը, շոուն, սանրվածքը, ապուշությունը, տգիտությունը: Դարձյալ չի համոզում Արամը: Բանն այն է, որ մահմեդական երկրներում այս քաոսը Թրամփը չի ստեղծել, այլ նրա նախորդները, որոնք հաստատ գիտեին, որ մահմեդական երկրներում բացարձակ մեծամասնություն են կազմում իսլամի հետեւորդները: Կա՞ ավելի մեծ կնատյացություն, քան տղամարդուն տղամարդու հետ օրենքով ամուսնացնելը: Դրա սկիզբն էլ ԱՄՆ-ում Թրամփը չի դրել: Շոու, սանրվածք, ապուշություն… ԱՄՆ-ում ե՞րբ է շոուի պակաս զգացվել: Ռեյգանը դերասան էր, եւ այն ժամանակ էլ էին ասում` շոու, մինչդեռ հենց նրա օրոք սկսեց խորհրդա-ամերիկյան սառույցը հալվել: Ապուշներ էլ ԱՄՆ-ն քիչ չի տեսել, նախագահներ, որոնք երկրների անուններ են շփոթել, որոնք Իրաքում այդպես էլ միջուկային զենքի պահեստներ չգտան, որոնք 2001 թվականին սեպտեմբերի 11 կազմակերպեցին եւ ընկան Ուսամա բեն Լադենի հետեւից, որոնք ատոմային ռումբ նետեցին Ճապոնիայի վրա, որոնք Ուկրաինայի մասնատման պատճառ դարձան, որոնք մինչ օրս էլ քրդերի քթից բռնած ման են տալիս` անկախության խոստումներով: Այս ամենը գուցե նաեւ խելացիության նշան է Թրամփի նախորդների կողմից, բայց մեծ հաշվով ապուշություն է, որովհետեւ միայն ու միայն դժբախտություն է բերել մարդկությանը:



Սիրելի Արամ, ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ում նախագահ ընտրվել, ասենք` կապիկը, շիմպանզեն կամ գորիլլան, էական չէ: Դու մեղադրում ես այն առաջադեմներին, որոնք հիմա կասեն, որ «… այսօրինակ ընտրությունը վկայում է, թե որքան առաջադեմ են ամերիկացիները, որ, եթե ուզեն, կարող են երկրի ղեկը վստահել մի բավականին տգեղ ուտիճի: Կարող են, իհարկե, չէ՞ որ սա ԱՄՆ-ն է՝ աշխարհի համար «մեկ» պետություն-կայսրությունը, ցեղասպանության վրա կերտած իր «զարմանահրաշ» պատմությամբ, աշխարհին Հոլիվուդ, կոլա, սենդվիչ, սելֆի ու Ֆեյսբուք պարգեւած կորուսյալ դրախտը... չէ՞ որ այսպիսի տերությանը եւ տերության մեջ ապրող ժողովրդին ամեն ինչ կարելի է, անգամ Թրամփ չի-կարելին է կարելի»: Բավականին հետ ես մնացել առաջադիմությունից, սիրելի բարեկամ: Ճիշտն ասած` չեմ հիշում, որ քաղաքներում քաղաքապետ են ընտրել տարբեր կենդանիների` աքաղաղի, այծի, սպիտակ ավանակի: Եվ գիտե՞ս, դա արել են ոչ թե այն պատճառով, որ իրենց մեջ նշվածներին հավասար մարդ չեն գտել, այլ որովհետեւ տվյալ քաղաքներում այդ պաշտոնն ուղղակի սիմվոլիկ է, որովհետեւ գործում է օրենքը, եւ բոլորը գիտեն, թե ինչ պետք է անեն: Եվ, ուրեմն, ԱՄՆ-ում ոչ թե գորիլլա, այլ Թրամփ են ընտրել, որպեսզի անհարմարություններ չունենան Բենիամին Նեթանյահուի, Ֆրանսուա Օլանդի եւ մյուսների հետ շփումների ժամանակ: ԱՄՆ-ն եւ նրա հասարակությունը, այ, այդքան առաջ են գնացել, եւ Թրամփը մեղք չունի, որ իրեն են ընտրել:



Աշխարհում շատերն են զարմացած ու զայրացած ԱՄՆ ժողովրդի ընտրությունից: Հեռավոր Հայաստանում մարդիկ կան, որոնք կոչ են անում ԱՄՆ հասարակությանը, որպես պատիժ, ընդհուպ մեկուսացնել մարդկությունից` ինչպե՞ս կարելի էր Թրամփին գերադասել Քլինթոնից: Բայց եկեք չբացառենք, որ ամերիկացի ընտրողներն էլ կարողանում են մտածել մի բան անելուց առաջ: Իսկ գուցե նրանք այդկերպ ցանկացել են փակե՞լ արաբական գարունների անիմաստ քաղաքականության էջը, գուցե ցանկացել են վերջ դնել Մերձավոր Արեւելքի ժողովուրդների դժբախտությա՞նը, գաղթականներին իրենց տնե՞րը վերադարձնել, վերջ տալ օտար պետություններում ռեժիմների արհեստականորեն փոփոխություն հրահրելու անշնորհակալ զբաղմունքի՞ն: Եվ, վերջապես, իրավունք ունե՞ր ամերիկյան հասարակությունը վերջ տալու պետական բարձունքները գրոհող՝ հայ-հայը գնացած, վայ-վայը մնացած տատիկների արշավանքին: Լոնդոնի լեդին բավական չէ՞:



Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ մոտենանք հարցին, ապա կտեսնենք, որ Օբամայի տխրահռչակ նախագահության տարիներին ԱՄՆ-ն հայտնվել էր մի փոսում, որից դուրս գալ չէր կարողանալու, եթե ԱՄՆ արտաքին քաղաքականության բոսերը փորձեին դա անել կոսմետիկ փոփոխություններով, դիցուք` դեմոկրատ Օբամային դեմոկրատ Քլինթոնով փոխարինելով: ԱՄՆ-ին կտրուկ շրջադարձ էր հարկավոր՝ իր համաշխարհային հեղինակությունը չկորցնելու համար, եւ այնտեղ հանճարեղ բան են մտածել` իշխանության գլխին դնել մեկին, որն ուղղակի Օբամայի հակոտնյան է: Այնպես որ, Թրամփի հաղթանակն անսպասելի էր միայն հասարակ մահկանացուների համար: Իսկ գործի գլուխ կանգնած աներեւույթ «քեռիները» լավ գիտեն, թե ինչ են արել: Թրամփի խելառության փուչիկն այնքան են փչել, որ այլեւս ամեն ինչ հնարավոր կլինի բացատրել այդ մարդու կերպարով, այո, ամեն ինչ, այդ թվում եւ «հակաահաբեկչական» հորջորջվող այս համաշխարհային պատերազմի ավարտը:



Եվ վերջում մի այսպիսի հարց իմ բարեկամ Արամ Պաչյանին: Միայն թե առանց էմոցիաների պատասխանիր, Արամ, ինչո՞ւ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց երկու օր առաջ Սահակաշվիլին հրաժարական տվեց Ուկրաինայում: Չե՞ս կարծում, որ ԱՄՆ-ն հոգնել է նրան Ուկրաինայում խաղացնելուց: Ի դեպ` նախագահ Պորոշենկոն ընդունել է հրաժարականը եւ խոստացել ուսումնասիրել այդ հրաժարականի բուն պատճառները:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ