Զանգերն ու տեսակցություններն արգելափակել են

Զանգերն ու տեսակցություններն արգելափակել են

Անցյալ տարի նոյեմբերին հայտնաբերված զինյալ խմբի գործով անցնող բոլոր 20 անձանց տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել։ Պատճառը գեներալ Վահան Շիրխանյանի՝ լրագրողների հետ հանդիպելու «համառ» ցանկությունն է։ Այս մասին հայտնեց Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։ «Վահան Շիրխանյանի տեսակցությունները եւ հեռախոսազանգերն արգելափակել են, քանի որ նա դիմում էր գրել, որ 01.12.16 թ. ցանկանում է տեսակցել լրագրողների հետ: Իսկ, որպեսզի ոչ ոք չկարողանա ապացուցել, որ այս երկու իրադարձությունները փոխկապակցված են, բոլոր 20 հոգու տեսակցությունները եւ հեռախոսային խոսակցությունները միաժամանակ արգելափակել են։ Էլ չէին կարող պատճառ բռնել, որ ամսվա մեջ արդեն 2 տեսակցություն տրված է եղել: Դրա համար այսկերպ վարվեցին»,- ասում է փաստաբանը։ Ըստ Ալումյանի, Վահան Շիրխանյանի վիճակն ավելի է վատացել։ «Նա ավելի դժվար է քայլում, համարյա չի կարողանում կանգնել»։ Հիշեցնենք, որ խմբի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Որպես խմբի ղեկավար՝ անցնում է Արթուր Վարդանյանը։