Մի արա, Ավետ

Մի արա, Ավետ

Արդեն հասել ենք այնտեղ, որ Երեւանի պետական համալսարանում «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» թեմայով դասընթաց է անցկացնելու Ավետ Բարսեղյանը: Սա մայր բուհի վերջն է, այլ կերպ չես ասի: Բայց մյուս կողմից էլ օրինաչափ երեւույթ է կարծես: Եթե Հ1-ում Հայկոն է ճաշակ զարգացնում, ապա ինչո՞վ է Ավետ Բարսեղյանը պակաս Հայկոյից կամ ԵՊՀ-ն` Հ1-ից: Այսուհանդերձ` ավելի լավ է Հայկոն ամեն օր երգի Հ1-ով, քան Ավետ Բարսեղյանը խոսքի դասեր տա Չարենցի լսարանում:



Ո՞վ է «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» դասընթաց-շոուի հեղինակը, ովքե՞ր են կազմակերպիչները, եւ, վերջապես, ո՞վ է այն բութ ուղեղով արարածը, որ այս ապուշությունը ներս է թողել համալսարան: Եթե ԿԳ նախարարությունն այս համընդհանուր կրճատումների բումի մեջ չի պատրաստվում համալսարանը ներառել մտավոր հետամնացների համար հատուկ ուսումնական հաստատությունների շարքում, ապա պետք է կանխի նշված «դասընթացները», որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ լեզուն ու խոսքն աղավաղելու հրաշալի ձեռնարկներ:



Իսկ նման բան անելուց առաջ ԿԳ նախարարությանը որեւէ մեկը հարցնո՞ւմ է…
ԵՊՀ Չարենցի անվան լսարանը չի կարող Նազենի Հովհաննիսյան եւ Ավետ Բարսեղյան խաղացնելու վայր դառնալ, որովհետեւ, թող ներվի ինձ ասել, ոչ Նազենին եւ ոչ էլ Ավետը հայերեն խոսքի, մանավանդ գեղեցիկ խոսքի հետ բացարձակապես կապ չունեն:



Բանասիրականի ուսանողն ի՞նչ պետք է սովորի Ավետ Բարսեղյանից, որի խոսքերով գրված ամենանորմալ երաժշտությունն անգամ վերածվում է մկկոցով կատարվող տվայտանքի:



Մի առիթով Ավետ Բարսեղյանն ասել էր` ես սարսափում եմ իմ վատ բանաստեղծություններից: Բնավ չի երեւում, թե Ավետը վախենում է, այլապես, եթե հասկանար, թե որն է վատ բանաստեղծությունը, Չարենցի լսարանից կիլոմետրերով հեռու կմնար, գոնե մի փոքր ակնածանք կունենար իսկական բանաստեղծության ու հայերեն խոսքի նկատմամբ:



Բայց ի՞նչ մեղք ունի Ավետ Բարսեղյանը, որ նրան բերում են Չարենցի լսարան, որ նրանով կրթեն հայ ուսանողությանը: Ինքն այդ լսարանի տեղը, հավանաբար, Նազենի Հովհաննիսյանից է իմացել: Ի դեպ, մի քանի օր առաջ այդ նույն լսարանում անշլագ էր արել Նազենին եւ դարձյալ «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» խորագրի ներքո: Այսինքն՝ ծրագրված ձեւով լրացնում են սերնդի դեբիլացման այն բացը, որը մնացել է նույն Նազենիի, Ավետի, նույն եսիմինչերի «փառահեղ» հեռուստահաղորդումներից: Իսկ որ հայ մտավորական մարդիկ, բանասերները` լեզվաբան, գրականագետ ու գրաքննադատ, այսքան գրում ու ցույց են տալիս «Ավետի նման վառ պոետի» անհամատեղելիությունը հայ մշակույթի ու հայ խոսքի հետ, ոչ մեկին չի հուզում: Ի վերջո, ո՞վ է մեր երկրում պատասխան տալիս այն բանի համար, որ մեր երեխաներին գոնե Ավետ Բարսեղյանը հայերեն խոսք ու խրատ չսովորեցնի: Պարզվում է` չկա այդպիսի պատասխանատու, հետեւաբար՝ նաեւ պատասխանատվություն: Ուստի անիմաստ է դիմել ԿԳ նախարարությանը, համալսարանի ննջեցյալ ղեկավարությանը եւ անգամ «խոսքի հաջողության գաղտնիքը» Նազենիի եւ Ավետի գեղգեղանքներով բացահայտել տենչացող ուսանողությանը: Մնում է Ավետին դիմել` մի արա, Ավետ, եթե չես ուզում քեզ «հիշեն» հավետ:



Իմանալով, որ ԵՊՀ Չարենցի լսարանում հաջորդն Ավետ Բարսեղյանն է հայերեն խոսքի հերն անիծելու, մտաբերեցի նորօրյա հանճարի բանաստեղծական ձիրքի ու հայերեն մտածողության վառ դրսեւորումների մասին բարեկամիս` բանասեր, լեզվաբան, բանաստեղծ Լեւոն Սարգսյանի հոդվածները, որոնք լույս են տեսել «Ազգ», նաեւ` «Հրապարակ» թերթերում: «Հրապարակում» Լեւոն Սարգսյանն անդրադարձել էր Սիրուշոյի համար գրված ավետբարսեղյանական տեքստին: Խոսքը դղրդյուն հանած «ՊռեԳոմեշ» երգի մասին է, որտեղ Ավետ Բարսեղյանը, ինչպես իրավացիորեն նշում է Լեւոն Սարգսյանը, բոլոր առումներով գերազանցել է ինքն իրեն (http://www.hraparak.am/?p=68486&l=am/hay+ergi+nor+avetis+kam%D5%9D+partadrvox+pregomesh): Կարդա, հարգելի Ավետ, եւ բարի եղիր ձեռնպահ մնալ հայ խոսքի անդաստանում քո անիմաստ վարուցանքից: Մնա կերպարիդ մեջ, որ լավագույնս է բնորոշել ընթերցողը` դիմելով հոդվածի հեղինակին. «Ճիշտ քննադատություն է, բայց մի քիչ խիստ մոտեցումով: Ավետ Բարսեղյանն ընդամենը երգերի բառեր է գրում կամ, ասենք, սցենարավորում, նա ոչ գրող է, ոչ էլ պոետ, որ տաղանդավոր ասենք…»: Ուզում եմ ասել` մի փոքր համեստությունը քեզ չէր խանգարի, Ավետ:



ՀԳ. Մամուլում հրապարակումներ երեւացին այն մասին, որ, հնարավոր է, առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակին գեղեցկություն եւ բույր հաղորդի հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Եթե նայենք կադրային բազան, ինչից բողոքել էր նորհհկական վարչապետը, ապա վատ թեկնածություն չէ: Վատ չէր լինի նաեւ Ավետ Բարսեղյանի թեկնածությունը: Հավանաբար, մեկը պետք է լինի ՀՀԿ ֆրակցիայում, որ անիմաստ տեքստեր գրի մյուսների համար: Եթե նշվածները «ռասկրուտկա» արվելու խնդիր ունեն, հարց չկա, արեք, բայց ոչ համալսարանում: ԵՊՀ-ն հաստատ այդ վայրը չէ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ