ՊԵԿ-ից պարզաբանում են իրենց «զավեշտը»

ՊԵԿ-ից պարզաբանում են իրենց «զավեշտը»

Պետեկամուտների կոմիտեից պարզաբանում են ուղարկել երեկ մեր կայքում հրապարակված «Զավեշտ ՊԵԿ-ից. Միրումյանը տնտեսվարողին նիստի է հրավիրել նիստից մեկ օր հետո» հրապարակման առնչությամբ։



«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի նախագահ Վախթանգ Միրումյանի 19.12.2016թ. 06/11-1/39178-16 գրությամբ «Վիսլա» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հակոբյանը պատշաճ կարգով ծանուցվել է դեկտեմբերի 23-ին կայանալիք հանձնաժողովի նիստի վերաբերյալ: Դեռ ավելին, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, գանգատարկման հանձնաժողովի քարտուղարն անձամբ զանգահարել և տնտեսվարողին տեղեկացրել է նիստի անցկացման մասին, սակայն վերջինս չի մասնակցել նիստին: Տվյալ դեպքում խոսել տեղեկացված չլինելու մասին, մեղմ ասած, ճիշտ չէ:



Մենք ճշտեցինք Գևորգ Հակոբյանից, թե արդյոք նա պատշաճ ծանուցվե՞լ է։



«Եթե Պետեկամուտների կոմիտեն համարում է, որ նիստից մի օր հետո նամակ ուղարկելը կամ նիստից երկու ժամ առաջ զանգել հրավիրելը պատշաճ ծանուցում է, ապա դա պատշաճ ծանուցում չէ։ Իրենք նամակը մի օր հետո են ուղարկել ինձ, իսկ զանգելն էլ նիստից երկու ժամ առաջ են զանգել։ Ես էլ Չարենցավանում եմ, ո՞նց պետք է երկու ժամվա մեջ հասցնեմ պատրաստվեմ, գնամ Երևան»,-ասաց Գ․ Հակոբյանը՝ նշելով, որ երբ իրեն զանգել էին, ինքը խնդրել էր, որ գոնե նիստը հետաձգեին, բայց չեն հետաձգել։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ