Գյուտարարը կանխատեսել էր մառախուղի առաջացման պատճառները

Գյուտարարը կանխատեսել էր մառախուղի առաջացման պատճառները

«Ես գյուտարար եմ»,-ասաց խմբագրություն այցելած տղամարդն ու ցանկություն հայտնեց պատմել իր գյուտի մասին, որը կապված է այս օրերին Երեւանը պատած անոմալ մառախուղի հետ։ 



58-ամյա Գագիկ Ալավերդյանը մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը, դրանից հետո՝ նաեւ Գյուտարարների եւ ռացիոնալիզատորների ինստիտուտը, գյուտերի պատենտների եւ լիցենզիաների հասարակական ինստիտուտը, աշխատել էլեկտրաապարատների 9 միավորումներում՝ որպես ավագ ինժեներ։ Ասում է՝ բազմաթիվ գյուտերի հեղինակ է, փորձել է էներգիա ստանալ արեւից, քամուց, ծովի ալիքներից եւ այլ աղբյուրներից, ստեղծել է շարժիչ, որը, իր պնդմամբ, աշխատում է առանց որեւէ վառելիքի։



Ալավերդյանը միստիկ ձեւով կանխատեսել է նաեւ վերջին շաբաթների այս բնակլիմայական վիճակների փոփոխությունը՝ մառախուղի դրսեւորումները, փորձել է միանգամից դրա հեղինակային իրավունքներն ամրագրել, բայց մերժել են՝ ասելով, որ Հայաստանին դա չի սպառնում, զանգահարել է նաեւ «սոս» (նկատի ունի 911՝ ԱԻՆ), բայց այստեղից էլ են իրեն հանգստացրել՝ նշելով, որ ամեն ինչ վերահսկվում է իրենց կողմից։
Նա հանում է պայուսակից ձեռագիր շարադրված 7-8 էջանոց իր գյուտը՝ վերնագրված «Բնության օդային բալանսի խախտման երեւույթը Հայաստանում»։ Այն վերաբերում է մառախուղի առաջացման պատճառահետեւանքային կապերին. «Այս մառախուղը, որ սկսվեց Հայաստանում, ինքը հանդիսանում է հենց իմ գյուտի օրինակը, որի մասին ես խոսել եմ։ Սա շատ բարդ եւ վտանգավոր երեւույթ է, որ տիրում է Հայաստանում։ Այս պրոցեսն իրենից ներկայացնում է մի պրոցես, որը կախված է օդի գազերի փոփոխության հետ, որոնք ունեն կրիտիկական սահմաններ։ Մառախուղի օդը եկել-տարածվել ու կանգնել է, դա հետեւանք է այդ գազերի, որոնք պահում են ամենավերեւի շերտը եւ թույլ չեն տալիս, որ ոչ արեւի ճառագայթներ ներխուժեն, ոչ էլ այստեղից այդ օդը բարձրանա»։



Գագիկ Ալավերդյանից հետաքրքրվեցինք՝ ինքը վիճարկում է բնության երեւույթնե՞րը, թե՞ օդերեւութաբանների կանխատեսումները։ «Օդերեւութաբանները տալիս են ջերմաստիճանը, բայց տվյալ տեղում կարող է իրենք սխալվեն, որովհետեւ դա անոմալ երեւույթ է, իրենք չեն կարող միանգամից կանխատեսել»։ Իսկ իր արած գյուտը կանխատեսո՞ւմ է, թե մառախուղը երբ կանհետանա Երեւանից։ Գյուտարարն ասում է, որ ինքը կանխատեսում է, թե ինչ պայմաններում եւ ինչի ազդեցության տակ է դա առաջանում, որ թույլ չի տալիս արեւի ճառագայթների ներթափանցումը երկիր։
Ալավերդյանը նորից է պնդում՝ այն, ինչ հիմա է տեղի ունենում, անկառավարելի է եւ լի է վտանգներով։



Թե ինչ տեսակ վտանգների մասին է խոսքը, մանրամասնում է. «Օրինակ՝ մառախուղն ինչքան հաստատվում է, այնքան ջերմաստիճանն սկսում է սառել, տակը ձյուն կա, վերեւը՝ մառախուղ, մենք գտնվում ենք, այսպես ասած՝ սառնարանի խոլոդում, գետնի սառնությունը գնալով բարձրանում է, եւ վտանգավոր երեւույթ է տվյալ վայրում գտնվող մարդկանց համար, որովհետեւ մարդկանց մոտ կառաջանան թոքերի հիվանդություններ, սրտային հիվանդություններ, ու կան հիվանդներ, որ այս պայմաններում կարող են եւ չդիմանալ, չհաշված հոգեբանական վիճակը, երբ մարդը շաբաթներով արեւի երես չի տեսել»,-ասում է նա ու նշում, որ պետությունը պետք է արգելի դրսում աշխատողներին աշխատանքի գնալ, որովհետեւ երկար ժամանակ դրսում մնալուց մարդը կարող է թոքերի հիվանդություններ ձեռք բերել, ինչպես նաեւ պետք է փակեն գործարաններն ու արտադրամասերը, որոնք օդը կեղտոտում ու թունավորում են, քանի որ սառը օդի պատճառով թունավոր նյութերը չեն բարձրանում վերեւ, եւ մարդիկ դրանք շնչում են, ինչից էլ թունավորումներ կարող են առաջանալ։ Թունավորված օդն էլ կարող է բերել նաեւ ջրի թունավորման։ Իր այս նկատառումներն Ալավերդյանը շարադրել եւ ուղարկել է նաեւ վարչապետին։ Խմբագրություն էլ դիմեց, քանի որ ուզում է ժողովրդին տեղյակ պահել, թե ինչ կլինի, եւ ինչ առողջական խնդիրներ կունենան մարդիկ, եթե այս պրոցեսը երկար ժամանակ շարունակվի։



Նա չի հաշվել, թե Երեւանն ինչքան ժամանակ է արդեն, որ մառախուղի մեջ է, դա թողնում է գիտնականներին, բայց ասում է, որ իր գյուտում ունի գրաֆիկ, որի հիման վրա ներկայացրել է այդ պրոցեսը, դրա տեղաշարժը, ջերմաստիճանի փոփոխությունները։ «Ո՞րն է այս գյուտի իմաստը։ Սա մի երեւույթ է, որն ուսումնասիրված չէ, իսկ եթե մի բան ուսումնասիրված չէ, նորություն է, դառնում է գյուտ, բայց Հայաստանում ամեն ինչ անում են, ու ոչ մի գյուտ չի ընդունվում, ասում են՝ ես չեմ հասկանում, ու դա գյուտ չի համարվում»,-ասում է նա ու մի քանի հարցեր առանձնացնում, որոնք ուզում է տալ մասնագետներին։ «Առաջինն այն է, որ ի՞նչ կլինի մարդկանց եւ բնության վիճակը, եթե այս մառախուղի երեւույթը երկար ժամանակ շարունակվի, ո՞րն է պատճառը, որ մառախուղը վերանալու փոխարեն ընդարձակվում է եւ վերցնում նոր տարածքներ, թող նկարագրեն մառախուղի ընդհանուր մեխանիզմը, Հայաստանում ի՞նչ քայլեր են անում, որպեսզի այս երեւույթը վերահսկելի դառնա ու չունենա վատ ազդեցություն մարդկանց եւ բնության վրա։ Այս պրոցեսը երկար շարունակվելու դեպքում Հայաստանում կհայտարարվի՞ արտակարգ դրություն, թե՞ ոչ։ Թող մեր գիտնականները պատասխանեն այս հարցերին»,-ասում է Ալավերդյանն ու հավելում, որ մառախուղի առաջացման պատճառների մասին չկա եւ ոչ մի դասագրքում, քանի որ այս կարգի մառախուղը նոր երեւույթ է։ Նա, իհարկե, այս հարցերի պատասխանը տվել է իր գյուտում, բայց մինչեւ այն ներկայացնելն ուզում է, որ մասնագետները փորձեն պատասխանել դրան։



Ըստ նրա, մենք հիմա գտնվում ենք առաջին փուլում, շուտով կհաջորդի նաեւ 2-րդ փուլը, որտեղ կտեսնենք բաղձալի արեւը, բայց այն շատ շուտ էլ կանհետանա։ Լուծումը, գյուտարարի, համոզմամբ, մեկն է՝ առատ ձյուն գալու դեպքում այս պրոցեսն ու մառախուղը կվերանան, եթե ոչ՝ ջերմաստիճանը գուցե իջնի մինչեւ -20 աստիճան։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ