Երբ Դավիթ Հարությունյանը ճիշտ է, իսկ ընդդիմությունը՝ մոլորված

Երբ Դավիթ Հարությունյանը ճիշտ է, իսկ ընդդիմությունը՝ մոլորված

Երբ Դավիթ Հարությունյանի քավորությամբ գրվեց նոր Ընտրական օրենսգիրքը, բոլորն սկսեցին քննադատել այն, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչն են քննադատում եւ ինչու։ Հիմնականում ինչ-որ մանր-մունր բաների վրա էին կենտրոնացել։ Ընդդիմությունը, օրինակ, կենտրոնացել էր ցուցակների հրապարակման, տեսախցիկների տեղադրման վրա։ Ուզում էին, որ Ընտրական օրենսգրքով անպայման ամրագրվի, որ ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները պետք է հրապարակվեն, ընտրությունների օրը տեղամասերում տեսանկարահանում պետք է իրականացվի։ Խորացել էին Ընտրական օրենսգրքում որոշ նրբերանգների չգոյության վրա, բայց ոչ ոք չէր խորանում գոյություն ունեցողների բովանդակության մեջ։ Ընդդիմությանը դաս չեղավ այն, որ իշխանությունը տարիներ շարունակ Սահմանադրությամբ, Ընտրական օրենսգրքերով, Վենետիկի հանձնաժողովով ու մյուս բոլոր «սրբություններով» երդվում էր, որ չի կարելի ցուցակները հրապարակել, ու հանկարծ վերջին պահին հետ կանգնեց իր երդումներից։ Հակառակը՝ ընդդիմությունը ոգեւորված էր պատրանքով, թե «իշխանությունը տեղի տվեց ճնշումներին»։ Եվ իրենք «ջախջախիչ հաղթանակ» տարան՝ հասնելով ոչ միայն ցուցակների հրապարակմանը, այլեւ, օրինակ, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը։



Իրականում տեսախցիկների տեղադրման մասին օրենք գոյություն չունի։ Եվ իշխանությանը հնարավոր չէ մեղադրել խոստումը չկատարելու մեջ։ Թեեւ Դավիթ Հարությունյանն արդեն հայտարարել է, որ տեսախցիկներ կարող են չտեղադրվել, քանի որ դրանց տեղադրման համար հայտարարված մրցույթը չի կայացել՝ մեկ կազմակերպություն է մասնակցել, եւ նրա առաջարկն ընդունելի չէ։ Բանն այն է, որ օրենքի նման իմպերատիվ պահանջ, որ ընտրատեղամասերում պարտադիր պետք է տեսախցիկներ տեղադրվեն, գոյություն չունի։ Կա ընդամենը Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11.1 մասը, որը սահմանում է․ «ԱԺ ընտրությունների ժամանակ կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով»։



ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հենց այս օրենքին հղում արեց, երբ հետաքրքրվեցինք Դավիթ Հարությունյանի հայտարարության մասին։ Իսկ մրցույթը տապալվելու եւ տեսախցիկներ չտեղադրվելու դեպքում օրենքն ի՞նչ է ասում։ «Դե, էստեղ ամրագրված է, որ նման կազմակերպությունը պետք է ընտրվի մրցույթի միջոցով»,-կրկին օրենքին հղում արեց պարոն Մուկուչյանը։ Այսինքն՝ ստացվում է, որ օրենքը մրցույթ հայտարարելու մասին է, ոչ թե տեսախցիկներ տեղադրելու։ Իշխանությունը կարծես ասում է․ «Կլինի մրցույթ, կլինի հաղթող, ուրեմն կլինեն նաեւ տեսախցիկներ, չի լինի՝ էդ էլ ձեր բախտից, պարոն Զուրաբյան եւ պարոնայք ընդդիմադիրներ»։



Ամեն ինչ շատ պարզ է․ Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանն ու մյուս իրավաբանները կարողացել են իրենց պրոֆեսիոնալիզմը գործադրել եւ մոլորեցնել հանրությանն ու ընդդիմությանը։ Նրանք հենց այսօրինակ պրոֆեսիոնալիզմի համար էլ տարիներ շարունակ մեծ պահանջարկ են վայելում իշխանության կազմում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ