Ինձ համար առավել կանխատեսելի էին «Ազատ դեմոկրատները»

Ինձ համար առավել կանխատեսելի էին «Ազատ դեմոկրատները»

«Ժառանգության» նախկին անդամ եւ նախկին պատգամավոր, վերլուծական կենտրոն հիմնած Ստյոպա Սաֆարյանն ընտրություններին կմասնակցի «Ազատ դեմոկրատների» ցուցակով։ Այժմ ընթանում են թիմի ձեւավորման, ցուցակի կազմման աշխատանքներ։ Ցուցակի առաջին եւ երկրորդ համարները կլինեն նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն ու «ԱԴ» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը։ Թե նրանցից որ մեկը կլինի առաջին համարը, դեռ պարզ չէ՝ կուլիսային պայքար է գնում։ Առաջին հնգյակում տեղ կունենա նաեւ Ստյոպա Սաֆարյանը, ով կմասնակցի նաեւ ռեյտինգային ընտրակարգով Քանաքեռ-Զեյթունը, Ավանն ու Նոր Նորքն ընդգրկող թիվ մեկ ընտրատարածքում։ Դաշինքի ցուցակում կլինի նաեւ մեկ այլ նախկին «ժառանգական»՝ Անահիտ Բախշյանը։ Բայց Սաֆարյանն ասում է, որ դեռ ճշգրտելու հարցեր ունի՝ արդյոք դաշինքի բոլոր անդամները միակե՞րպ են մտածում, կա՞ն լիարժեք գաղափարական ընդհանրություններ կարեւոր հարցերում։ Դրանից հետո կկարողանա օֆիցիալ հայտարարություն անել։ Սաֆարյանը, եթե առաջադրվի թիվ մեկ ընտրատարածքում, պետք է մրցակցի այնպիսի կարկառուն իշխանական դեմքերի հետ, ինչպիսիք են Քեթրինի Միհրանը, Տարոն Մարգարյանի աներձագը՝ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը։ Սաֆարյանը նրանցից չի վախենում, քանզի ժամանակին պայքարել է նաեւ Ռուբեն Հայրապետյանի պես «գիգանտի» դեմ եւ 35 տոկոս ձայն ստացել՝ գրեթե 2 անգամ ավելի, քան համամասնական ընտրակարգով ստացել էր «Ժառանգությունը»։ Սաֆարյանը դա բացատրում է նախկինում իր պատգամավորական աշխատանքով՝ «մարդիկ ինձ լավ են ճանաչում, ջերմությամբ ու երախտագիտությամբ են հիշում իմ պատգամավորության տարիները, կարելի է ասել՝ նրանց շնորհիվ ես բազային ձայներ ունեմ»։



- Ի՞նչը կապեց Ձեզ «Ազատ դեմոկրատների» հետ, այլ ուժերի հետ բանակցություններ եղե՞լ են։



- Առաջարկներ եղել են անցած մեկ տարվա ընթացքում 2 ուժերի կողմից, բայց ես դրանք չեմ դիտարկել, քանզի այդ ժամանակ դեռ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չեմ ունեցել։ Վերջին ամսվա ընթացքում երկու միավորի հետ են եղել որոշակի զրույցներ․ մեկը «Ելքն» է՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների, մյուսը «Ազատ դեմոկրատներն» է։ Ի՞նչը կապեց ինձ նրանց հետ։ Նախ 2012 թ․, երբ նրանք միավորվում էին «Ժառանգության» հետ, ես եմ եղել այն անհատը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, որը մշակել է երկու կուսակցությունների նախընտրական ծրագիրը։ Եվ այդ բանակցությունների ընթացքում արտակարգ իմացել եմ, թե ամեն մի փոքր խնդրի հետ կապված ինչպիսի վերաբերմունք եւ կողմնորոշում ունեն իրենք («Ազատ դեմոկրատները»)։ Այս կտրվածքով, ինձ բացարձակապես չի անհանգստացրել «Ազատ դեմոկրատների» որեւէ ծրագրային դրույթ, որ կարող է խորը հակասություններ ստեղծել իմ եւ իրենց միջեւ։ Հանուն արդարության ասեմ, որ նույնքան լավ ես չգիտեմ «Ելք»-ի պլատֆորմը, որը նոր պետք է ներկայացվի։ Հետեւաբար, զուտ ծրագրային առումով ինձ համար առավելապես կանխատեսելի էր «ԱԴ»-ի պլատֆորմը, գումարած դրան՝ նաեւ այն պայմանները, առաջարկի դետալները, որոնք կային նրանց կողմից։



- Մի քանի ուժեղ դաշինքներ են ձեւավորվել ընդդիմադիր դաշտում, ինչպե՞ս եք պատկերացնում մրցակցությունը նրանց հետ։



- Ես նշված դաշինքներից այս կամ այն չափով գաղափարական եւ ծրագրային կհամարեմ բացառապես «Ելք»-ին։ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը միանգամայն կանխատեսելի է՝ դա իր անձի, իր բարեգործությունների վրա հենվող մի քաղաքականություն է լինելու, որը, իհարկե, բառիս դասական իմաստով քաղաքական չէ, բայց նաեւ լուրջ ձեռնոց է հենց քաղաքական ուժերին։ Ես բավականին մշուշոտ եմ համարում Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի շանսերը՝ նվազագույն շեմը հաղթահարելու կապակցությամբ։ Այնտեղ կան բավականին խոցելի կերպարներ, եւ դեռ քարոզարշավը չմեկնարկած՝ բավականին մեծ դիմադրություն է ստեղծվել այդ դաշինքի նկատմամբ։ Կարծում եմ՝ իրենք շատ լուրջ խնդիր են ունենալու։



- Տեսեք, ասում են՝ Ծառուկյանը դասական առումով քաղաքական գործիչ չէ, բայց բավականին լուրջ քաղաքական գործիչ համարվող դեմքեր նրա հետեւից են գնում։



- Ես դա եմ ասում, որ շատ կուսակցություններ ոչ միայն ձախողվել են այս տարիներին, այլեւ այսօր հասկանում են, որ միայնակ որեւէ շանս չունեն խորհրդարանում հայտնվելու։ Հետեւաբար, գործարքը շատ պրագմատիկ է․ պարզապես նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի անձի վրա կառուցվող այդ կամպանիան, նաեւ ֆինանսական եւ այլ ռեսուրսների առատությունը, փորձում են հարմարվել։



- Դուք գնահատո՞ւմ եք այն ռիսկը, որ հնարավոր է չանցնեք ԱԺ։ Մե՞ծ հարված կլինի Ձեզ համար։



- Հաճելի չի լինի պարտության զգացողությունը, անշուշտ։ Բայց այս չորս-հինգ տարին, որ ակտիվ քաղաքականությունից հեռացա, թերեւս մի փոքր ավելացրել է ե՛ւ իմ իմաստնությունը, ե՛ւ իմ սթափությունը նման հարցերին մոտենալու առումով, ե՛ւ նաեւ ընտրություններից հետո իմ անելիքներն իմանալու առումներով։ Ես կարծում եմ, որ սա այն առավելություններն է, որոնք ես ունեմ որպես ելակետ իմ՝ քաղաքականություն վերադարձի առումով։ Ես գիտակցում եմ նաեւ մի բան, որ այս տարիների ընթացքում ես նաեւ ստեղծել եմ շատ ավելի մեծ ռեսուրսներ նաեւ քաղաքականության մեջ լինելու առումով։ Ես այսօր պատրաստ եմ շատ ավելի բարձր որակի կամպանիա իրականացնել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ