Բանկերը որոշել են հետ չմնալ Պաշտպանության նախարարությունից

Բանկերը որոշել են հետ չմնալ Պաշտպանության նախարարությունից

Հայաստանում գործող բանկերի վաշխառուական ախորժակը սահմաններ չի ճանաչում: Աստղաբաշխական տոկոսները, որով փող են տալիս կամ ֆինանսավորում որևէ գործարք, արդեն իսկ խոսում են այն մասին, որ տնտեսությանն աջակցելու, երկրի զարգացմանը նպաստելու փոխարեն, այդ հաստատությունները պարզապես տզրուկների կյանք են վարում:



«Բանկի ծառայության գումար» արտահայտությունը շատերին է ծանոթ: Այդ գումարը գանձվում է մեզնից՝ բանկերում վճարումներ կատարելիս: Այդ գումարից ոչ մի կոպեկ պետությունը չի ստանում: Իսկ եթե հաշվի առնենք, որ բանկերում «տեղ ու սթար» չկա վճարումներ կատարող ժողովրդից, միանգամից հասկանալի կդառնա, թե ինչ գումարների մասին կարող է խոսք լինել:



Ենթադրենք ոստիկանությունը տուգանել է ձեզ 5000 դրամ: Գնում եք վճարելու: Բանկի աղջիկը, վճարումը ձևակերպելուց հետո աննահանջ տոնով ասում է՝ 5 հազար 200: Ասում եմ՝ աղջիկ ջան, իմ խախտումը 5000 դրամի է, ոչ թե 5200-ի, և իմ կամքով չեմ եկել, որ ձեր գեղեցիկ ծառայություններից օգտվեմ: Ինձ ասում է՝ էս աշխարհից չե՞ք: Թե վերցնես, տեղը դնես, ձայն բարձրացնես՝ անվտանգությունն է գալու, ձայն չհանես՝ բանկի աղջիկը պիտի մտածի, որ ինքը շատ լավ հումորի զգացում ունի:



Այսօր գնացել եմ մեքենան տեխզննության անցկացնելու: Պարտաճանաչ վճարում եմ գույքահարկը՝ 40 հազար 500 (վերցնում են 40.700): Գնում եմ թաղապետարան, 0-ական են տալիս: Բերում եմ բանկ, որ տեխզննության կտրոն առնեմ: Աղջիկը թիվ է կրակում՝ 10 հազար 750: Հարցնում եմ՝ կասե՞ք ինչի համար: Դասը սովորած աշակերտի պես բլբլում է. այսքան՝ կտրոնի, այսքան պետտուրքի, այսքան չգիտեմ ինչ,ի այսքան էլ բանկի ծառայության: Հազար դրամ՝ հենց այդքան է ուզում բանկի ծառայության համար, որ ինձ կտրոն ծախի, որի կարիքը ես չունեմ և այդ թղթի կտորը գնում եմ միայն նրա համար, որովհետև ապուշ օրենք ունենք, որը մեզ պարտադրում է թուղթ առնել և մունդռել դիմապակին: Եվ այդ ապուշ օրենքի պատճառով ես պետք է բանկի ցմփոր կառավարչին ավելի հարստացնեմ: Ինչո՞ւ, նա ո՞վ դարձավ, կբացատրե՞ք, որ նույն և նույնիսկ ավելի մեծ համառությամբ է ինձնից 1000 դրամ պլոկում, քան ամոթխած նախարարը, որ ԱԺ-ին խնդրում էր գլուխ բերել տուժած զինծառայողների աջակցության հիմնադրամը՝ 1000-ական դրամ գանձելով աշխատող մարդկանցից:



Մեր պետությունը այնքան վատ վիճակում է, որ հոսանքը էժանացնում է հազիվ 1,2 դրամով: Բայց մեր բանկերն այնքան անամոթ ու ագահ են, որ միանգամից 100, 200, 1000 դրամով բարձրացնում են այդ նույն պետության քաղաքացիների կողմից կատարվող վճարները: Ենթադրենք մի խեղճ թոշակառու գնացել է լույսի փողը մուծելու: Հազիվ 1000 դրամի լույս է վառել: Բանկը կրակում է 1200 դրամ: Զավե՞շտ է: Ոչ, սա զավեշտ չէ, սա էշություն է:



Եվ ո՞վ պետք է մեր հասարակությանն ազատի այս էշությունից: Հավանաբար՝ կառավարությունը, որի այսօրվա ղեկավարը, չենք կասկածում, շատ լավ է նկատում մեր կյանքի բառադիությունները:



Էդիկ Անդրեասյան