ՀԺԱՄ-ը կսատարի ՀՀԿ-ին, Վահրամ Մկրտչյանն էլ կընդգրկվի ՀՀԿ ցուցակում

ՀԺԱՄ-ը կսատարի ՀՀԿ-ին, Վահրամ Մկրտչյանն էլ կընդգրկվի ՀՀԿ ցուցակում

Այսօր տեղի ունեցավ ՀԺԱՄ կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը: Օրակարգում մեկ հարց կար՝ ՀԺԱՄ կուսակցության քաղաքական դիրքորոշումը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունը որոշում կայացրեց, որ այս ընտրություններին սատարելու է Հանրատեպական կուսակցությանը, քանի որ այս տարիներին իրենք մշտապես համագործակցել են ՀՀԿ-ի հետ, հիմա էլ կշարունակեն իրենց փոխգործակցությունը իշխող կուսակցության հետ: Նիստին որպես հյուր ներկա էր նաև ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, ով նախկինում ՀԺԱՄ վարչության անդամ էր: Նա ևս ողջունեց կուսակցության այս որոշումը:



ՀԺԱՄ կուսակցության խորհդի նախագահ Աշոտ Ավալյանն իր ելույթում նշեց, որ ՀԺԱՄ-ն իր գործունեության ընթացքում առաջնորդվել է այն գաղափարով, թե քաղաքական միավորները, անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին անմիջականորեն ներգրավված են երկրի կառավարման գործում թե ոչ, չպետք է անգործության մատնվեն, այլ հարթակ գտնեն, իրենց ամբողջ ներուժն ի գործ դնեն հանուն պետականաշինության:
«Վերջին շրջանում մեզ համար առանցքային նշանակություն ուեենցող բարեփոխում ենք համարում նոր Սահմանադրության ընդունումը, որով Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը ՀԺԱՄ կուսակցության հիմնադրման օրվանից սկսած մեր քաղաքական օրակարգի առանցքային հարցերից է եղել»,-նշեց Աշոտ Ավալյանը:



Hraparak.am-ը հետաքրքրվեց Ավալյանից՝ բացի ՀՀԿ-ին աջակցություն հայտնելուց, ՀԺԱՄ-ը որևէ ձևաչափով ներգրավվածություն կունենա՞ այս ընտրություններին։
«Դեռ 10-15 օր կա վերջնական կուսակցությունների, դաշինքների հայտերը ներկայացնելուն, այս պահին խոսք է գնում միայն ՀՀԿ-ի հետ համագործակցելու մասին։ Իսկ համագործակցությունը շատ տարբեր կարող է լինել։ Արդեն մեր վարչության նախագահը անպայման մեր կողմից կոչ կանի, որ մարդիկ իրենց ձայնը ՀՀԿ-ին տան»,-նշեց նա։



Ինչ վերաբերում է Վահրամ Մկրտչյանի մասնակցությանը ընտրություններին, ապա վերջինս մեզ ասաց, որ ինքը, բնականաբար, կլինի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում։
«Դեռ ռեյտինգային, այդ տարածքային ցուցակների հարցը վերջնական հստակեցված չէ, տեսնենք։ Իսկ ցուցակում իմ համարի մասին դեռ բան չեմ կարող ասել»,-ասաց Վահրամ Մկրտչյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ