ՀՀԿ-ին միանալն էլ չօգնեց ՀԺԱՄ-ին ձևավորել միջին խավ

ՀՀԿ-ին միանալն էլ չօգնեց ՀԺԱՄ-ին ձևավորել միջին խավ

Հայաստանի ժողովրդական ազատական միություն՝ ՀԺԱՄ կուսակցությունը, իր սկզբնավորման օրվանից որդեգրել էր հետևյալ կարգախոսը՝ ձևավորենք միջին խավ։ Միանձնյա այս կուսակցությունը չկարողացավ Հայաստանում միջին խավ ձևավորել, և միացավ իշխող ՀՀԿ-ին։ Վերջին երկու համապետական ընտրություններին սատարելով հանդերձ իշխանություններին՝ նրանք այսօր էլ արձանագրում են, որ Հայաստանում իրենց ուզած միջին խավը չի հաջողվել ձևավորել։ Բայց այսօր նրանք կրկին որոշել են առաջիկա խորհդրարանական ընտրություններին աջակցել ՀՀԿ-ին։



ՀԺԱմ վարչության նախկին անդամ, այժմ ՀՀԿ անդամ պատգամավոր Վահրամ Մկրտչյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե որքանո՞վ արդարացրեց կամ կյանքի կոչվեց այս տարիներին ՀԺԱՄ-ի վերոնշյալ կարգախոսը։



«Լավ հարց եք տալիս, և ես այդ հարցին իրավունք ունեմ պատասխանելու, քանի որ տասնամյակներ գործել եմ այդ թիմում։ 2001-ին առաջին անգամ դա ծրագրային մակարդակով ՀԺԱՄ-ի ծրագրում արտահայտվեց, հետո 2003-ին մենք սկսեցինք քարոզարշավում օգագործել։ Բայց չէի ասի, թե այդ գաղափարը տապալված է, որովհետև հետագայում բավականին խոշոր օլիգարխիկ կուսակցություններ որդեգրեցին այդ գաղափարը և սկսեցին դրա մասին խոսել։ Իրենք, լինելով օլիգարխ, խոսում էին միջին խավի ձևավորման մասին։ Իշխանությունը սկսեց դրանք կարևորել, էդ ՓՄԶ ԶԱԿ-երը ստեղծել, աջակցել, բայց պետք է փաստել, որ միջին խավը դեռ շատ սակավ է Հայաստանում, և լիքը անելիքներ կան այս հարցում»,-ասաց պարոն Մկրտչյանը՝ նշելով, որ միջին խավ անշուշտ կա Հայաստանում, բայց դոմինանտ չէ։ Ըստ նրա՝ պետք է մոտ 80 տոկոս միջին խավ լինի, որը դեռևս չկա։ Մկրտչյանը, սակայն, չի կարծում, թե ՀԺԱՄ-ը ձախողել է այս գաղափարը։ Ի դեպ, Վահրամ Մկրտչյանն ասում է, որ ինքը ՀԺԱՄ դեսպանն է ՀՀԿ-ում։



-Հիմա ՀԺԱՄ-ը որքանո՞վ ազնիվ գտնվեց ժողովրդի առաջ, երբ ասաց, բայց այդպես էլ չձևավորեց իր խոստացած միջին խավը։



-Ինքն ասաց՝ ես կարևորւմ եմ այդ թեզը և ամեն ինչ պիտի անեմ, որ այդ խավի ձևավորմանը պաստեմ։ Բայց ինքն իշխանություն չէր, ինքը չէր կարող․․․



-Բայց դուք հիմա իշխանության գրեթե կազմում եք։



-Ես իշխանության մեջ եմ, այո, որպես օրենսդիր մարմնի անդամ, բայց իմ ձեռքին այդ լծակը չկա, որ ես բյուջեից մեծ միջոցներ ուղղորդեմ էն ծրագրերին, որոնք միջին խավին կնպաստեին։ Բայց թերևս կարող եմ ավելի ազնիվ գտնվել, երբ որ դրսում ես ու չես տիրապետում պետբյուջեի հնարավորություններին, քեզ թվում է, թե թերանում ես։ Բայց երբ լինում ես էնտեղ ու գրիչը դու ես ձեռք վերցնում, որ բաշխես, տալիս ես պաշտօանությանըմ սոցիալական ապահովությանը, բժշկությանը, և տակը բան չի մնում, որ դու զարգացման ծրագրերին տաս։ Այստեղ թերևս կարելի է ասել, որ ոչ գաղափարն է ձախողվել, ոչ էլ իրականացնողներն են ձախողվել։ Հանգամանքներն այդպիսին են։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ