Բացառիկ դեպք խորհրդարանում․ ՍԱՍ-ի Արտակը ԱԺ-ում առաջին անգամ որոշեց խոսել, բայց խոսափողը չաշխատեց

Բացառիկ դեպք խորհրդարանում․ ՍԱՍ-ի Արտակը ԱԺ-ում առաջին անգամ որոշեց խոսել, բայց խոսափողը չաշխատեց

Այսօր ԱԺ նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դիմեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «ՍԱՍ գրուպի» հիմնադիր Արտակ Սարգսյանին։



«Պարոն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակներն ահազանգում են, որ Դուք «ՍԱՍ» սուպերմարկետների աշխատողներին պարտադրում եք գրանցումից դուրս գալ և վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ Դուք առաջադրվելու եք։ Ես Ձեր անունը տվի, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք հերթագրվել և պարզաբանել՝ որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը»,-դիմելով գործարար պատգամավորին՝ ասաց Փաշինյանը։



Փաշինյանի այս ելույթից հետո վարման կարգով ձայն խնդրեց Արտակ Սարգսյանը։ Նկատենք, որ իր վերջին չորս տարվա պատգամավորական գործունեության ընթացքում սա առաջին «պատմական» պահն էր, երբ Արտակ Սարգսյանը ԱԺ-ում որոշեց ելույթ ունենալ։ Բայց լռակյաց պատգամավորի բախտը այնքան էլ չբերեց․ նրա խոսափողը չմիացավ։ Երևի ԱԺ քարտուղարության մտքով չէր անցել, որ այս խոսափողը երբևէ կարող էր աշխատել։ Թերևս տեխնիկական միջոցներն էլ «զարմացան», որ նրա խոսափողը պետք է միանար երբևէ։ Ամեն դեպքում, որքանով որ դահլիճից տեղեկություն ստացվեց, Արտակ Սարգսյանն ասել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ