Ֆիրդուսի շուկան կքանդեն, Կոնդը կվերակառուցեն

Ֆիրդուսի շուկան կքանդեն, Կոնդը կվերակառուցեն

Քաղաքաշինության պետական կոմիտեն կառավարությանն է ներկայացրել 2017 թ․ կառուցապատման ներդրումային փաթեթները, որից 105 մլն․ դոլարի ծրագրեր համարվել են իրատեսական եւ կիրականացվեն առաջիկա 3 տարում: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ում խոսքերով՝ 105 միլիոն դոլարի ծրագրերի մեջ չեն մտնում այն ծրագրերը, որոնք այս պահին ընթացքի մեջ են, մասնավորապես՝ «Դվին» հյուրանոցը, կրկեսի շենքը, ճանապարհաշինարարական ծրագրերը, փոքր ծավալի շինարարությունները: Խոսքը բոլորովին նոր ծրագրերի մասին է։ 



Նախատեսված գումարի մոտավորապես 50 տոկոսը տրամադրվելու է բնակարանաշինությանը, որի համար պետական բյուջեից կհատկացվի նախատեսվող գումարի միայն 5 տոկոսը, մնացածը մասնավոր ներդրումներ են: Մնացած 50 տոկոսն էլ կհատկացվի հյուրանոցային համալիրների եւ հասարակական բնույթի այլ շինությունների կառուցմանը։ Կոմիտեի նախագահն ընդգծում է, որ ներդրումների մոտ 50 տոկոսը տեղացի ներդրողների կողմից է, մնացած 50 տոկոսն էլ՝ արտերկրյա ներդրողների։
Նարեկ Սարգսյանը կարծում է, որ ներդրումները Հայաստանում արդարացված են, դրանում ինքը վստահ է, քանի որ իր ժամանակի 90 տոկոսը գնում է ներդրողների հետ հանդիպումների վրա, իսկ ներդրողներին էլ հետաքրքրում է հատկապես հյուրանոցային շինարարությունը։



Այս տարվա երկրորդ կեսին կքանդվի Ֆիրդուսի շուկան։ Այդ տարածքում կառուցվելու է մոտ 90 մ տրամագծով կոր, օղակաձեւ նոր հրապարակ։ Ինչ վերաբերում է բնակիչներին, Սարգսյանը նշում է, որ իրենց լիազորությունների շրջանակում չէ բնակիչների փոխհատուցմամբ եւ նրանց ճակատագրով մտահոգվելը։



Կքանդվի նաեւ երկաթուղային կայարանի հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինությունը։ Կայարանամերձ այս հրապարակի կառուցման ընդհանուր արժեքը 60 մլն․ դոլար է: Այս տարի ներդրվելու է մոտ 10 մլն․ դոլար։ «Կայարանամերձ շինությունն ամբողջովին կքանդվի, եւ այս տարի կսկսվեն հողային աշխատանքները: Այդտեղ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր՝ էկոնոմ եւ բարձր դասի, առեւտրային եւ հասարակական, գրասենյակային համալիր է կառուցվելու, այս պահին այն քննարկման փուլում է»,-ասաց Սարգսյանն ու նշեց, որ խոսքն այն հատվածի մասին, որը ԽՍՀՄ տարիներին եղել է կինոթատրոն. «Բացի այդ, ես ներդրողի առաջ պահանջ եմ դրել, ասել եմ, որ նախկինում կինոթատրոն է եղել, ինքը համաձայնել է այդ հատվածում մի փոքր կինոթատրոն կառուցել եւ կոչել «Սասունցի Դավիթ»»:



Վերակառուցվելու է նաեւ Կոնդ թաղամասի մի հատվածը։ Նարեկ Սարգսյանը նկատում է՝ Կոնդում կան կոմպակտ տարածքներ, որոնք արժե պահել, Կոնդում է եղել նաեւ Երեւանի առաջին բերդը։ Նա վստահ է՝ եթե ճանապարհ կառուցեցինք դեպի Կոնդ, ներդրումային մեծ ծրագրեր կլինեն։ Արդեն իսկ ներդրողի կողմից առաջարկ են ստացել Ամիրյան փողոցը Կոնդին կապող նոր ճանապարհի ստեղծման վերաբերյալ, ինչը թույլ կտա Սարյան փողոցը հատելուց հետո ուղիղ ճանապարհ բացել դեպի Կոնդ։ Առաջիկայում կընտրեն համապատասխան հատվածը եւ կանցնեն աշխատանքի։



Այս տարի կսկսվի նաեւ «Հին Երեւանի» մի հատվածի շինարարությունը, ինչպես նաեւ նախատեսված է Աբովյանի արձանի հետեւի հատվածում՝ դեպի Նոր Նորք տանող ճանապարհին, վարչական բնույթի օֆիսային շենք կառուցել։ Նա վստահ է, որ դրա կարիքն այսօր կա Երեւանում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ