Սեյրան Օհանյանը հո չի՞ ասել՝ եկեք առաջին շարքերում կանգնեք

Սեյրան Օհանյանը հո չի՞ ասել՝ եկեք առաջին շարքերում կանգնեք

Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը դեռ չստեղծված՝ փլուզվում է։ Նրանց փափագած լայն կոնսոլիդացիան չի իրականանում։ Սկզբում դռները լայնորեն բացեցին, որ ով ուզի՝ մտնի ներս, դաշինք կազմի իրենց հետ։ Եվ, իսկապես, ով ուզեց եւ ով հասցրեց, մտավ այդ դաշինք՝ է՛լ Հայրիկյան, է՛լ Արամ Գասպարի Սարգսյան, է՛լ Տիգրան Կարապետիչ։ Թե ինչ կշիռ ունեն իրենք մեր քաղաքական դաշտում եւ ինչ էին տալու այդ դաշինքին, այլ հարց է։ Բայց ամենազավեշտալին այն է, որ այդ երկու ուժերը, ըստ էության բարձրացնելով իրենց գինը, այսօր արդեն հայտարարում են այդ դաշինքից դուրս գալու մասին՝ արտահայտելով իրենց դժգոհությունն Օհանյանի ձեւավորած մթնոլորտի վերաբերյալ։ Մի քանի օր առաջ Հայրիկյանն էր, երեկ էլ Արամ Գասպարիչը հայտարարեց, որ լքում է դեռեւս չձեւավորված դաշինքը։ Տակը մնացին Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը՝ իր «Համախմբում» կուսակցությամբ՝ գումարած Ամարասի Արթուրի «Միացյալ հայեր» շարժումը։



Այս շարժման անդամներից մեկը՝ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք մնում են հավատարիմ իրենց հայտարարությանը, որ աջակցում են Սեյրան Օհանյանին։ Իսկ ստեղծված իրավիճակը համարեց բնական՝ նշելով, որ քաղաքական հնարանքներ են՝ մասնակցել, դուրս գալ, ելք ու մուտք․․



- Ի՞նչն է բնական, որ դաշինքը դեռ չձեւավորված՝ փլուզվում է, դա՞։



- Դե, ակնկալիքներ են ունեցել մարդիկ, չի ստացվել։ Դա նաեւ գովազդի, քաղաքական ներկայացմանը մասնակցելու ձեւերից մեկն է։ Ես համարում եմ, որ քաղաքականությունը նաեւ ներկայացում է, որին մասնակցում են, կատարում են իրենց դերը։ Ես դա համարում եմ բնական, երբ ձեւավորվում եւ քայքայվում են, մոտենում եւ հեռանում են քաղաքական գործիչները։



- Հնարանքը՝ մի կողմ, ամեն դեպքում, ոչ այդքան հուսադրող պրոցեսներ են կարծես տեղի ունենում, եւ այն ֆուրորը, որ ակնկալվում էր ապագա դաշինքի հետ կապված, չեղավ, հիմա կարծես թե հակառակ պրոցեսն է տեղի ունենում։



- Դա գիտե՞ք ինչն է, հավակնորդների նախնական տուրնիրն է դա։ Բնական է, որ բոլորը չէ, որ հասնում են բուն մրցապայքարին։ Ինչ-որ իմաստով դա նաեւ լյուստրացիա է, բացահայտում է՝ ովքեր ինչ ծրագրեր ունեն։



- Հաջողություն կունենա՞ նման ճանապարհով ձեւավորվող դաշինքը։



- Քանի որ դա մասսայական է, այսինքն՝ միայն մեզ մոտ չէ․․․



- Դա ձեզ մխիթարո՞ւմ է։



- Չէ, ոչ թե մխիթարում է, այլ մտածում ենք, որ դա կանոն է։ Եվ այսօրվա քաղաքական կյանքի համար դա է ճիշտը։ Քանի որ այսօրվա մեր քաղաքական կյանքը, մթնոլորտը, պայքարի ձեւերը քաղաքական չեն, ապաքաղաքական են, դրա մեջ, իհարկե, կա կոնյունկտուրա։ Եվ կոնյունկտուրայի մեջ հնարավոր է։ Գործիքակազմը նույնպես ապաքաղաքական է, այսինքն՝ անձնական համակրանքի, ընկերության, ծագման․․․ Դուք գիտե՞ք, որ ոմանք նաեւ ծագման շնորհիվ են հայտնվել քաղաքական ասպարեզում, նրանք ոչինչ են, զրո են քաղաքական կյանքում։ Սեյրան Օհանյանի խնդիրը շատ պարզ է, ինքը դրոշ է բարձրացրել, ոմանք մոտեցել են, հետո տեսել են, որ իրենց հարմար չէ այդ տեղը, որը Սեյրան Օհանյանը հատկացնում է իրենց, հեռացել են։ Բնական է։ Սեյրան Օհանյանը հո չի՞ ասել՝ եկեք առաջին շարքերում կանգնեք։ Նա ընդհանրապես զորակոչ է հայտարարել։



- Ի դեպ, Սեյրան Օհանյանն այդ Ձեր ասած ծագում ունեցողների՞ց չէ, որի շնորհիվ հայտնվել է առաջին շարքերում։



- Չէ, նա իր հորից կամ քրոջից ժառանգություն չի ստացել գեներալ գնդապետի կոչումը։ Ինքը նվաճել է իր տեղն իր արյան գնով, իր պայքարով։



- Լավ, հիմա Սեյրան Օհանյանի դաշինքին ի՞նչ ճակատագիր է սպասվում։



- Հաղթանակ։ Նա հասնելու է իր նպատակին, ինչ որ ծրագրել է։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ