Հովիկ Աբրահամյանին փոխարինող չգտնվե՞ց

Հովիկ Աբրահամյանին փոխարինող չգտնվե՞ց

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն իր գործադիր մարմնի այսօրվա նիստում որոշեց իր համամասնական ցուցակի կազմը, որը նիստից հետո լրագրողներին ներկայացրեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։



Նա նաև հայտնեց, որ ՀՀԿ նախընտրական շտաբն այս անգամ ղեկավար չի ունենա։ «Այս անգամ ՀՀԿ-ն որոշել է, որ նախընտրական շտաբը կգլխավորի ողջ գործադիր մարմինը՝ նախագահի գլխավորությամբ։ Գործադիր մարմնի բոլոր ներկայացուցիչները կլինեն շտաբի անդամներ, և գործադիր մարմինը կհամակարգի, կղեկավարի ՀՀԿ նախընտրական քարոզարշավը ապրիլյան ընտրությունների ըթնացքում»,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը։



Հիշեցնենք, որ նախորդ երկու համապետական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարել է նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, ով վերջերս դուրս եկավ ՀՀԿ-ից։



Hraparak.am-ի հարցին, թե փաստորեն ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանին այս հարցում փոխարինող չգտնվե՞ց, Շարմազանովն ասաց․ «Դուք ուշադիր չեք լինում՝ ինչ եմ ասում, ես ասացի՝ շտաբը կգլխավորի գործադիր մարմինը՝ նախագահի գլխավորությամբ։ Իսկ պարոն Աբրահամյանից, հարգարժան պարոն Աբրահամյանից առաջ էլ եղել է ժամանակ, որ Տիգրան Թորոսյանն է գլխավորել շտաբը, Գալուստ Սահակյանը, այսինքն՝ միշտ չէ, որ պարոն Աբրահամյանն է գլխավորել։ Այս պահին այսպես ենք հարմար գտել՝ կոլեգիալ»։
Այնուհետև Շարմազանովը բացատրեց, թե ինչու են այսպես հարմար գտել․«Քանի որ մենք գնում ենք պառլամենտական կառավարման և պառլամենտական պետություն ենք, շտաբի կոլեգիալ կառավարումն էլ, կարծում ենք, որ շատ արդյունավետ կլինի»։



Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Հրապարակը» գրել էր, որ ՀՀԿ շտաբը որևէ մեկը չի գլխավորի և կկառավարվի հենց այն մոդելով, ինչ ներկայացրեց այսօր Շարամզանովը։ Այսինքն՝ մամուլն այս անգամ ևս իր տեղեկություններով ճիշտ դուրս եկավ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ