ՀՀԿ-ականը կուսակցությունից դուրս է եկել, որ առաջադրվի ՀՅԴ-ի ցուցակով

ՀՀԿ-ականը կուսակցությունից դուրս է եկել, որ առաջադրվի ՀՅԴ-ի ցուցակով

Խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել։ ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել ու Շիրակի մարզում առաջադրվելու է ՀՅԴ ռեյտինգային ցուցակով:



Խաչատուր Վարագյանն Արթիկի քաղաքապետ է եղել նախկինում, իսկ այժմ զբաղեցնում է Արթիկի գազի գրասենյակի պետի պաշտոնը: Որոշ տեղեկություններով՝ այս պաշտոնում նրան փոխարինելու է որդին: 2012 թվականին քաղաքապետի ընտրություններում Խաչատուր Վարագյանը պարտվեց Արսեն Աբրահամյանին, նախկին պատգամավոր, գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանն էլ նույն թվականին ԱԺ ընտրություններում պարտվեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին։



Վարագյանները ժամանակավորապես ընդհատակ անցան ու հայտնվեցին մեկ էլ 2016-ի աշնանը։ Մխիթար Վարագյանը, չունենալով հարազատ կուսակցության լիարժեք աջակցությունը, քաղաքապետի ընտրություններում հաղթեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին։ Վարագյանների եւ Պետոյանների հարատեւ թշնամական հարաբերությունների մասին մարզում բոլորը գիտեն։ Եղբայրները Պետոյանների ազդեցությունն ամբողջովին չեզոքացնելու նպատակով ցանկացել են, որ տարածքի պատգամավորն էլ «իրենցից» լինի, սակայն ՀՀԿ-ի համար, մեր տեղեկություններով, ընդունելի չի եղել այդ մոտեցումը, եւ հակակշիռը պահելու համար Շիրակի մարզում առաջադրել են Պետոյանի թեկնածությունը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում։



Ի դեպ, տեղեկություններ կան, որ առաջիկա օրերին Խաչատուր Վարագյանը նշանակվելու է Շիրակի փոխմարզպետ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանի տեղակալի կարգավիճակում Վարագյանը կկարողանա նաեւ վարչական լծակների գործադրմամբ ձայներ բերել։ Խաչատուր Վարագյանը չհաստատեց, սակայն, փոխմարզպետ նշանակելու մասին լուրը։ «Ձեզանից եմ լսում»,- ասաց նա՝ մի կերպ պատասխանելով մեր մի քանի հարցերին։



- ՀՀԿ-ում ինչպե՞ս են ընդունել Ձեր որոշումը։



- Չգիտեմ, ես դիմում եմ գրել՝ հեռացել։



- Իսկ ինչո՞ւ ՀՅԴ-ի հետ։



- Իրենցից եմ առաջարկ ստացել եւ ընդունել եմ։



- ՀՀԿ-ում դե՞մ էին, որ առաջադրվեիք այդ կուսակցության ցուցակով։



- ՀՀԿ-ից առաջարկ չեմ ստացել, ես ՀՅԴ-ից եմ առաջարկ ստացել։



- Մանդատի համար, փաստորեն, ճամբարափոխ եք եղել, չե՞ք վախենում, որ մարդիկ Ձեզ չեն վստահի։



- Ոչ մի մարդ ոչ մի սահմանափակում չի ունենում, էդ իմ ձայնի իրավունքն է, իմ որոշումը։



- Իսկ Ձեզ համար այդքան սկզբունքային էր մանդատ ստանա՞լը, թե՞ Մուշեղ Պետոյանի դեմ պայքարելը։



- Ես ոչ մեկի անունը լսել չեմ ուզում, դա իմ որոշումն է, ու ես կարծում եմ, որ ոչ մեկն էս երկրում իմ իրավունքները չի կարող սահմանափակել։



- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Արթիկում պայքարը, Ձեր եղբայրը՝ ՀՀԿ-ական, Դուք` դաշնակցական, չե՞ք խանգարի իրար։



- Ոչ, մենք մեկս մյուսին չենք խանգարելու, սա իմ անձնական որոշումն է, ես եմ որոշել։



- Ձեր եղբայրը Ձեզ համա՞ր է աշխատելու, թե՞ ՀՀԿ-ի։



- Էդ արդեն ես չեմ կարող ասել, Դուք զանգեք՝ իրենից հարցրեք։



ՀԳ․ Մխիթար Վարագյանի հետ զրուցել չհաջողվեց, նա արդեն երկու օր է՝ այնքան զբաղված է, որ չի կարողանում մեզ մի քանի րոպե տրամադրել։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ