Երկու քարի արանքում

Երկու քարի արանքում

Սեյրան Օհանյանը ժողովրդի եւ լրատվամիջոցների առաջ մաքսիմալ անկեղծանալու կարիք ունի։ Բայց անկեղծությանը միտված նրա ամեն մի քայլ նոր հարցեր ու հարցականներ է առաջացնում, ավելի խոցելի դարձնում նրան։ Այս առումով նա հայտնվել է երկու քարի արանքում՝ խոսի, թե չխոսի, եւ ինչպես խոսի։ Չխոսել չի կարող՝ նախընտրական փուլի տրամաբանությունն է պահանջում, եւ հարկավոր է ժողովրդի վստահությունը շահել, սակայն յուրաքանչյուր խոսք բացահայտում է նրա՝ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, անընդունելի լինելու փաստը։ Երեկ իր, Վարդան Օսկանյանի եւ Արմեն Մարտիրոսյանի համատեղ ասուլիսը վերածվեց Օհանյանի խոստովանության։ Չնայած նա խուսափողական պատասխաններ էր տալիս։



Բացահայտումներ չի անի



Սեյրան Օհանյանը չպատասխանեց այն հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է, որպես իշխանության մեջ եղած եւ տեղեկացված մարդ, իշխանությունների դեմքը պատռող բացահայտումներ անել։ Հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն նախկին նախարարը որոշեց խոսել կառավարման համակարգում իր փորձից։ Երբ հարցը կրկին հնչեց, հասկացրեց, որ ոչ մի բացահայտում չի արվի։ Իսկ իշխանությունից դուրս գալու պատճառը ո՞րն է՝ գործող իշխանությունից դժգոհությո՞ւնը, արատավոր երեւույթնե՞րը, ապօրինություննե՞րը, ինքն այսօր իրեն ընդդիմադիր գործի՞չ է համարում, ով պայքարում է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ։ «Նախեւառաջ, ՀՀ նախագահի հետ ես որեւիցե խնդիր չունեմ, բացի նրանից, որ մենք ունենք այլ տեսակետներ պետական կառավարում իրականացնելու հարցում։ Ես պաշտոնին հրաժեշտ եմ տվել հանգիստ, որեւիցե մի գայթակղություն չի եղել, բոլորի նկատմամբ ունեմ նորմալ մարդկային հարաբերություններ»։ Նրա համար հարաբերական է ընդդիմադիր գործիչ ասվածը՝ ելնելով սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկրում ստեղծված նոր իրադրությունից։ «Եթե ուզում եք հասկանալ՝ այսօրվա իշխանություններին ես դեմ եմ, թե ոչ, իհարկե, այսօրվա գործող իշխանություններին, ինչպես ժողովրդի մեծ մասը, ես այսօր դեմ եմ»,-ասում է Սեյրան Օհանյանը։



Բանակը՝ մեդալի երկու կողմում



Մարտի 1-ին բանակը հանվել էր ժողովրդի դեմ։ Այդ ժամանակ Սեյրան Օհանյանն էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետը, ու նրա հրամանով է նաեւ բանակը կրակել մարդկանց վրա։ Սեյրան Օհանյանը ժողովրդական ընդվզումը որակեց որպես զանգվածային անկարգություններ։ «Եթե մենք հետեւենք քրեական գործընթացի ողջ ընթացքին, կտեսնենք, որ այնտեղ զինված ուժերի, բանակի ներգրավվածությունը, ընդհանուր առմամբ, հենց կոնկրետ մարտի 1-ին բացակայում է, եւ բոլոր այն տեսանյութերը, որոնք ես ներկայացրել եմ գործող կարգի շրջանակներում, ասենք՝ ՀՀ նախագահի հրամանագիրը, դրանց շրջանակներում ես խնդրել եմ մեր ժողովրդին, որպեսզի լինի հանդուրժողականություն, եւ նաեւ զինված ուժերն անցել են մեր մայրաքաղաքի կարեւոր օբյեկտների պահպանությանը։ Մնացած բոլոր խնդիրներն այսօրվա իշխանության խնդիրներն են։ Եվ եթե մենք գանք իշխանության, անկասկած, մենք ամբողջությամբ ավարտին կհասցնենք»,-ասաց պարոն Օհանյանը՝ ըստ էության հաստատելով, որ բանակը ներգրավված է եղել մարտի 1-ի իրադարձություններին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կանի նա, եթե այս անգամ բանակը դուրս գա իրենց դեմ, եթե իր թիմը որոշի ընտրություններից հետո միտինգ անել։ Բանակի մասով հետաքրքրվեցինք՝ տարիներ շարունակ համապետական ընտրություններին բանակը համատարած քվեարկել է ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի օգտին, զինվորները կարգով, շարքով, հրամանատարների ղեկավարությամբ քվեներ են ապահովել իշխող ուժի համար, ի՞նչ կանի Սեյրան Օհանյանը, եթե այս ընտրություններում էլ բանակը քվեարկի իշխանության օգտին։ Օհանյանն ընդամենը ասաց, որ ինքը դեմ է եղել, որ բանակը քաղաքականացվի։ «Եթե նախկինում եղել է որեւիցե դեպք, սխալներ, ապա այդ սխալների շրջանակներում համապատասխան արձագանք եղել է։ Եվ գտնում եմ, որ համապատասխան եզրակացություն արվել է ԶՈՒ կողմից։ Իսկ դրանք շատ մանր սխալներ են եղել տարբեր ընտրությունների ժամանակ»,-ասաց նա՝ նշելով, որ իր օրոք ուղղորդված քվեարկություններ չեն եղել։



Փաստեր, որոնք հնարավոր չէ հերքել



«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ 2005 թ․ հունիսի 21-ին միջադեպ է տեղի ունեցել իր եւ ԼՂՀ ՊԲ հրամանատար Սեյրան Օհանյանի միջեւ՝ վերջինիս աշխատասենյակում։ Օհանյանը ծեծել է իրեն, եւ երբ ջուր է խնդրել, տեսել է, որ իր բաժակի մեջ թքած է։ Լրագրողի հարցին նա պատասխանեց․ «Իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է… բաժակի մեջ այսպես թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ երկարատեւ աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել, եւ մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել»։



Սեյրան Օհանյանի ունեցած չունեցվածքը կամ չունեցած ունեցվածքը



Սեյրան Օհանյանի դղյակը՝ Վահագնիում, որը բազմիցս ցուցադրել են համացանցում, պարզվում է՝ իրենը չէ։ Ավելին՝ նա այս թաղամասում վարձով է բնակվում, իսկ առանձնատուն էլ չունի․ «Միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում, Վահագն Հովնանյանի կողմից տարիներ առաջ՝ կարծեմ 2008 թ․, ինձ նվիրել է 1 հողակտոր, որն այլեւս իմը չէ»։ Օսկանյանն էլ օգնության հասավ, թե՝ ճիշտ է, Հովնանյանն այդ հողակտորը նվիրել էր Օհանյանին, ինքն էլ ողջունել էր։ Սա, ըստ էության, հայտարարություն էր կոռուպցիայի մասին, քանզի պետական պաշտոնյային նվերներ տալը ոչ այլ ինչ է, քան կոռուպցիոն դրսեւորում։ 100-200 հազար դոլարանոց նվերը ՊՆ բարձրաստիճան պաշտոնյային, որը նա հետագայում վաճառել է, այլ կերպ անվանել հնարավոր չէ։ Մենք հետաքրքրվեցինք Սեւանի ափին՝ Շորժայի տարածքում շքեղ ամառանոցի եւ Սիսիանում «Արեւիս» ՓՀԷԿ-ի մասին, որն իր անվան հետ է կապվում։ «Իմ ունեցվածքը հայտարարագրված է, կարող եք այդ ամեն ինչը տեսնել այդ հայտարարագրում», իսկ մեր թվարկած օբյեկտները չկան այնտեղ։ Եվ, իսկապես, հայտարարագրում չկա որեւէ անշարժ ու շարժական գույքի, ոչ էլ ժամանակին ստացած նվերների մասին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ