Հայտարարել է «Օհանյան դաշինքին» միանալու մասին, հայտնվել՝ «Ծառուկյան դաշինքում»

Հայտարարել է «Օհանյան դաշինքին» միանալու մասին, հայտնվել՝ «Ծառուկյան դաշինքում»

Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք դաշինք են ման գալիս՝ միանալու համար, դրանցից մեկը Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն է՝ Մովսես Շահվերդյանի գլխավորությամբ։ Կար ժամանակ, երբ նրա կուսակցությունը հայտարարել էր Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ին միանալու մասին, դրանից առաջ Ծառուկյանի շուրջն էր պտտվում։ Տեւական լռությունից հետո՝ հունվարի 25-ին, ՀԱՍԿ-ը հայտարարեց, որ միանում է Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն», Վարդան Օսկանյանի «Համախմբում» եւ Արամ Սարգսյանի դեմոկրատական կուսակցության դաշինքին:



Կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն այս որոշումը բացատրեց նրանով, որ ստեղծված իրավիճակում առաջիկա խորհրդարանական ընտրություններում լուրջ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի համախմբում։ Սակայն Շահվերդյանը ԲՀԿ համագումարի պատվո հյուրերի հարթակում էր բազմել, իսկ նախօրեին հրավիրված էր «Մոսկվա» կինոթատրոն, որտեղ Ծառուկյանը ներկայացնում էր դաշինքի ցուցակը։ Ավելին՝ մենք տեղեկացանք, որ նա հանգրվանել է նաեւ «Ծառուկյան դաշինքի» ցուցակում, բայց ոչ մի հայտարարություն չի արել Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան համագործակցության կասեցման մասին։



- Պարոն Շահվերդյան, Դուք հիմա «Ծառուկյան դաշինքի» հե՞տ եք համագործակցում։



- Դե, փորձում ենք, տեսնենք ինչ կստացվի։



- Դաշինքն արդեն ձեւավորվել է, ընտրացուցակները՝ նույնպես։



- Հա, ես էլ եմ էդ կարծիքին։



- Հիմա համագործակցո՞ւմ եք։



- Դե, իրենք են որոշում, իրենք են հրավիրել, իրենք են տարբեր միջոցառումների հրավիրում՝ պատվավոր հյուրի կարգավիճակում, մենք էլ անորոշ կարգավիճակում գնում-մասնակցում ենք, ինչ ասում են, լսում ենք։



- Այսինքն՝ «Ծառուկյան դաշինքին» միանալու որոշում չունե՞ք։



- Հիմա Ձեզ կոնկրետ ի՞նչն է հետաքրքրում։



- Հետաքրքրում է, թե որն է Ձեր որոշումը, ո՞ր դաշինքին եք միացել։



- Ուրեմն մենք հանդիպել ենք փետրվարի 5-ին կամ 6-ին, իրենք կանչել են, մենք գնացել զրուցել ենք, դա այն օրերն էին, երբ խոսվում էր, որ պետք է դաշինք ձեւավորվի, մեր զրույցների ժամանակ կոնկրետ խոսակցություն գնաց, որ դաշինքի անդամ պետք է լինենք, եւ նախապատրաստական աշխատանքներ էին գնում, որ հուշագիր ստորագրենք։ Հետո բանից պարզվեց, ու մեզ տեղեկացրին, որ ծրագիրը փոխվել է, դաշինք չի լինի։



Հիմա մենք սովորություն չունենք որեւէ մեկի հետ քաղաքական բազառային հարաբերություն անենք, իրենք առաջարկել են, մենք ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցել, շատ չենք մանրացել մնացած հարցերում։ Խոսակցությունը գնացել է Իշխան Զաքարյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ, չնայած ես ուզում էի հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ՝ ճշտելու որոշ հարցեր, բայց հանդիպում այդպես էլ չստացվեց։ Ես չեմ կարող ասել, թե ինչու չկայացավ։ Չնայած պետք է ասեմ, որ մենք Գագիկ Ծառուկյանի հետ վաղեմի ծանոթներ ենք, մեր ծանոթությունը կայացել է դեռեւս 8-9 տարի առաջ, եւ հետո մեր բյուրոյի 15 անդամների հետ, երբ հանդիպել ենք Ծառուկյանին, տղամարդու խոսք ենք տվել, որ միշտ կլինենք միասին։ Մենք մեր խոսքի տերն ենք մնացել, վերջին անգամ էլ համաժողովրդական շարժման ժամանակ էլ մենք մասնակցել ենք, ելույթներ ունեցել, պաշտպանել իրեն։ Հիմա ես պահել եմ այդ խոսքը, ես փետրվարի 2-ին հարցազրույց տվեցի, որից հետո իրենք ինձ հրավիրեցին։



- Հիմա «Ծառուկյան դաշինքո՞ւմ» եք, թե՞ ոչ։



- Նշեմ, որ սկզբում, երբ խոսվում էր, որ պետք է դաշինք ձեւավորվի, մեզ ասացին՝ անսահման քանակությամբ մարդիկ կարող եք բերել, որ ընտրացուցակում գրեն, բայց, վերջին առաջարկի համաձայն, միայն ես կարող եմ մասնակցել։ Անգամ տեղերի հարցում մի պահ ասացին, թե այս տեղում եմ, հետո փոխվեց, մենք ասացինք, որ դա չէ կարեւորը, ինչպես հարմար եք գտնում, մեզ համար արդյունքն է կարեւոր։



- Այսինքն՝ չգիտե՞ք, թե ցուցակի որ տեղում եք։



- Ինձնից թղթերը պահանջել են, բայց, ճիշտն ասած, չգիտեմ։ Սպասենք տեսնենք, թե հաջորդ քայլը որը կլինի։



- Դուք հունվարի 25-ին այլ դաշինքի աջակցության մասին էիք հայտնել․ եւ այնտեղ եք, եւ այստե՞ղ։



- Սպասեք, ես ասեմ, թե դա ինչ էր։ Ես դա արել եմ միայն Վիկտոր Դալլաքյանի համար, ես շփվել եմ միայն Դալլաքյանի հետ, որին վաղուց ճանաչում ենք։ Դալլաքյանն առաջարկեց, հիմա չեմ ուզում շատ խորանալ, անգամ առաջարկվեց, որ դա լինելու է համատեղ դաշինք, Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքը եւ Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքը պետք է միասին լինեն։ Ես Դալլաքյանին ասել եմ, որ եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա ու ցանկություն հայտնի մեզ հետ համագործակցելու, մենք կանգնելու ենք իր կողքին։ Այդ դաշինքի հետ որեւէ այլ հանդիպում, որեւէ այլ քննարկում, վստահեցնում եմ, չի եղել։



- Սեյրան Օհանյանի հետ է՞լ չեք հանդիպել։



- Սեյրան Օհանյանի հե՞տ․․․ Ես չգիտեմ՝ Դուք տեղյակ եք, թե չէ, Օհանյանի հետ հանդիպում եղել է մի քանի օր առաջ, երբ Վիկտոր Դալլաքյանն արդեն դուրս էր եկել այդ դաշինքից։ Հանկարծակի զանգ եղավ Օհանյանի կողմից, առաջարկեց հանդիպենք, ասաց լսել է, որ միացել ենք, ես էլ պատասխանեցի, որ արդեն շատ-շատ ուշ է, որովհետեւ մենք երեւի թե արդեն Ծառուկյանի հետ․․․ նու, տեղյակ ենք պահել այդ իրավիճակի մասին։
Դա ընդամենը ծանոթանալու հանդիպում է եղել, ասաց, որ ես Ձեր մասին մի քանի օր առաջ եմ լսել, ուզում էի ծանոթանալ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ