Պարոն Ամիրյան, պարզ խոսեք

Պարոն Ամիրյան, պարզ խոսեք

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ևս մեկ անգամ անդրադառնալով Օպերայում ռեստորան բացելու անհրաժեշտութանը, իսկական գյուտ է արել: Ոչ մշակույթի բնագավառի գյուտ, իհարկե: Ըստ Արմեն Ամիրյանի` որպեսզի վերանորոգվեն գարշահոտ սանհանգույցները, օպերային թատրոնում պետք է բարձրակարգ ռեստորան բացել: Փաստորեն առանց ռեստորան բացելու սանհանգույցները հնարավոր չէ նորոգել:



Թե ինչ են զգում այս պահին հայ կաֆելչիկները, դեռ հարցի մի կողմն է: Հարցի մյուս կողմը, վստահաբար, ՀՀ կառավարությանն է առնչվում: Վարչապետ Կարեն Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, խնդիր է դրել փող ճարել Օպերայի գարշահոտ զուգարանները նորոգելու համար, և, կանգ են առել շենքի ներսում բարձրակարգ ռեստորան բացելու տարբերակի վրա: Այդ ռեստորանը, բնականաբար, տեր է ունենալու, որի վզին էլ կդնեն գարշահոտ սանհանգույցները նորոգելու սուրբ պարտականությունը: Պետք է հասնել և անցնել աշխարհի առաջատար Օպերային թատրոններին` Վիեննայի, Սիդնեյի, Նյու Յորքի... Այդ ինչի՞ց է, որ «Մետրոպոլիտեն» օպերայում, Փարիզի «Գրանդ» օպերայում, Լուվրի պատկերասրահում և այլ հայտնի մշակութային օջախներում սանհանգույցները գարշահոտ չեն:



Հրաշալի ձևակերպում են գտել. «Օպերային թատրոնի շենքի ներքին միջավայրի փոփոխություններ»: Եվ այդ փոփոխությունները պետք է կատարի ո՞վ... Դե իհարկե նա, ում կվստահեն Թատրոնի շենքում բարձրակարգ ռեստորան բացելու գործը: Դա կլինի մի մեծահարուստ, որ դիրքի է հասել մանղալի աշակերտի պաշտոնից և Օպերայի սիրահար հասարակության մասին այնքան բան գիտի, որքան մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը առաջավոր սանտեխնիկայից:



Արմեն Ամիրյանը գրում է. «Ցավում եմ, որ Օպերային թատրոնի խաղացանկի, ստեղծագործական ռազմավարության մասին բանավիճելու փոխարեն, մեր հասարակության մեծ մասը նախընտրեց խոսել պարզ կենցաղային վերակառուցման ծրագրի մասին միայն։ Ափսոս, որ բանավիճողներից ոմանք խեղաթյուրում են Օպերային թատրոնի ենթակառուցվածքների նախագծի մեր պատկերացումը»։ Երջանիկ պատահականությամբ մշակույթի նախարարի աթոռին հայտնված պարոն Ամիրյանին ուզում եմ հիշեցնել, որ մինչև Օպերայի սանհանգույցների վերանորոգման այս «հրամայականի» առաջ կանգնելը, Օպերային թատրոնի խաղացանկի, ստեղծագործական ռազմավարության մասին բանավեճեր շատ են եղել: Մամուլը դրանց շատ է անդրադարձել, հեռուստատեսությամբ ելույթներ են ունեցել թե թատրոնի ղեկավարները և թե դերասանները, արտահայտվելու հնարավորություն են ունեցել նաև օպերային արվեստի սիրահար քաղաքացիները: Եվ ի՞նչ: Այդ բանավեճերը հանգում էին սովորական գզվռտոցի մեկ տնօրենի պաշտոնի, մեկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնի շուրջ: Բանավեճը, որպես այդպիսին, չի կարող ծնվել ամայի վայրում, առանց լուրջ պատճառների ու մտահոգությունների: Եվ եթե այսօր բանավեճ չկա Օպերային թատրոնի խաղացանկի, ստեղծագործական ռազմավարության շուրջ, ապա, շատ կներեք, մեղավորն առաջին հերթին այն մարդիկ չեն, ովքեր Օպերայի շենքում ռեստորան բացելու անհրաժեշտությունը, այն է` Օպերային թատրոնի ենթակառուցվածքների ձեր նախագիծը չեն կարողանում ընկալել: Մարդկանց մեծ մասի համար, ովքեր նույնիսկ Օպերա չեն տեսել, անհասկանալի է մշակույթի օջախում ռեստորան բացելու գաղափարը: Մարդիկ հիշում են, թե ինչպես ռեստորան բացեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Դա էլ այն ժամանակ հիմնավորում էին «միջավայրի փոփոխությունների» անհրաժեշտությամբ, խոստանում, որ կհնչի միայն բարձրաճաշակ երաժշտություն և այլն: Բայց չկա նման բան, և այնպես էլ չէ, որ այդ ռեստորանում հավաքվողները տխուր դեմքերով են: Իսկ ի՞նչ կարող է լինել Օպերայի ռեստորանի հետ:



Մշակույթի նախարարն ասում է շատ բարձրակարգ ռեստորան է լինելու, սպասարկելու է Թատրոնի արտիստներին իսկ ներկայացումների օրերին նաև հանդիսատեսին: Հրաշալի մտահղացում: Բայց լավ կլիներ, որ մեր մշակույթի նախարարը նախ ծանոթանար հայկական նույնիսկ ցածրակարգ ռեստորանների գներին: Եվ ուրեմն ինչպե՞ս պետք է այդ ռեստորանի ծառայություններից օգտվեն հազիվ թոշակառուի չափ աշխատավարձ ստացող արտիստները: Էլ չեմ խոսում տոմսերի գնից բողոքող հանդիսատեսի մասին:



Իսկ գուցե մենք չգիտե՞նք, թե ինչով է բարձրակարգ ռեստորանը տարբերվում ոչ բարձրակարգից: Պարոն Ամիրյան, բացատրեք հասկանանք` գուցե ձեր այդ բարձրակարգ ռեստորանում ծծակը կոկտեյլի բաժակի մեջ դնելու հատուկ կա՞րգ է լինելու կամ կիտրոնի շերտն ուղղակի լողալու է ձիթապտղով մարտինիի երեսի՞ն... Պատկերացնում եմ` բարձր հասարակության ներկայացուցիչները ճեմում են ռեստորանի սրահում, զույգերը գլխի թեթև շարժումով ողջունում են միմյանց, դեկոլտեներով կանայք ժողովվում են պատահաբար սրահ մտած սոլիստի շուրջ` Օ՛, մեզ գերում է ձեր բարիտոնը, պարոն... Այսքանից հետո էլ ի՞նչ բարձրակարգ ռեստորան, որ «համարներ» և «պառնոյ» չունենա, որտեղ հնարավորություն կունենան հանգստանալու զուտ քաղաքավարության զոհ դարձած և Օպերա այցելած մեր բիզնեսմեններն ու քաղաքական էլիտայի կարկառունները:



Իսկ ինչո՞ւ փակել թատրոնի շենքում գործող գիշերային ակումբը: Մի՞թե միայն այն պատճառով, որ աշխարհի հանրահայտ թատրոններում գիշերային ակումբներ չեն գործում: Բայց ո՞վ ասաց, որ Լա Սկալայում կամ Մեծ թատրոնում գիշերային ակումբ չկա: Հիմարություն: Այնտեղ նույնիսկ ստրիպտիզ ակումբ կա և ամեն ինչ, որ կապված է երաժշտության հետ: Պարզապես այդ հաստատությունների եկամտի առյուծի բաժինը դրանց տերերի գրպանը չի մտում, այլ գնում է թատրոնի ու մշակույթի զարգացմանը: Արմեն Ամիրյանը, չգիտես ինչու, վախենում է ասել, որ փող է պետք, իսկ այդ փողը պետությունը չունի: Գտել ենք մեկին, ենթադրենք` Տաշիրի Սամոյին, ով պատրաստ է Օպերայի ներսում ռեստորան ունենալու պայմանով (միայն ոչ Տաշիր պիցցա), փող դնել Օպերայի մեջ, երգիչ բերել, օպերա բեմադրել, սանհանգույցները նորոգել, շոգեբաղնիքը գործի գցել... Պարզ խոսեք, ախր, որ մարդը հասկանա ձեզ: Այլապես` ձախ ականջը աջ ձեռքով եք քորում, չգիտեմ ինչ ծրագրերից եք խոսում, որոնց անունը դրել եք «Օպերային թատրոնի շենքի ներքին միջավայրի փոփոխություններ»:



Վերջապես կարելի էր այդ, այսպես կոչված, բարձրակարգ ռեստորանը բացել առանց որևէ մեկին որևէ խոսք ասելու: Հա, հա, մենք էլ կգայինք ու կզարմանային` էս ի՞նչ լավ բան են արել, բա զուգարաննե՞րն ինչ լավ են նորոգել... Օպերա այցելող հասարակությունը, կարծում եմ, կողջուներ այդ բարեփոխումները:



Էդիկ Անդրեասյան