«Անհեթեթ գրվածք է»․ Դավիթ Հարությունյանը՝ Կարեն Վարդանյանին

«Անհեթեթ գրվածք է»․ Դավիթ Հարությունյանը՝ Կարեն Վարդանյանին

Օրերս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (նախագահ՝ Կարեն Վարդանյան) հայտարարել էր, որ չեն կարողանում մասնակցել էլեկտրոնային համակարգերի ստեղծման մրցույթներին, որովհետեւ դրանց կազմակերպիչը՝ ՀՀ կառավարությունը, չափազանց խիստ, հայկական ընկերությունների մեծամասնության համար անհաղթահարելի պայմաններ է սահմանել։ Օրինակ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի հիմնադրած «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն փետրվարի 16-ին կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման համակարգի ստեղծման համար հայտարարված մրցույթի մասնակիցներից պահանջում է, որ նրանք վերջին 5 տարում նմանատիպ ծառայություն մատուցելու արդյունքում ունեցած լինեն 20 մլն․ դոլարի հասույթ, որ մեկ միլիոն դոլար ազատ գումարներ ունենան բանկային հաշվին եւ այլն։ Կառավարությունն IT ձեռնարկություններին չի պատասխանել։ «Այն աստիճան թույլ ու անհեթեթ գրվածք է, որ դրան արձագանքելն իմաստ էլ չունի»,- ասում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Հրապարակին»։ 



Դադարեցրեք մրցույթը՝ պահանջում է ԻՏՁՄ-ն



Հայկական ընկերությունները ցանկացել են մասնակցել բիոմետրիկ անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման մրցույթին։ Հաղթողը պետք է նաեւ 15 տարի շարունակ պատասխանատու լինի համապատասխան ավտոմատացված համակարգի սպասարկման, սերվերային ցանցի, սարքավորումների համալրման համար։ Ուղտին էլ պարզ է, որ ոչ մի հայկական ընկերություն հայոց կառավարիչների սահմանած պայմաններն ապահովել ի վիճակի չէ։ Առայժմ մրցույթի որակավորման փուլն է անցկացվել, որին մասնակցել է արտասահմանյան 11 ընկերություն։ IT ոլորտի 80 ձեռնարկությունների միությունն էլ պահանջում է դադարեցնել մրցույթը, վերանայել պահանջները, ԱԱԾ-ից եւ ՀՔԾ-ից էլ պահանջում են հետաքննել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի եւ նրա վերադասների գործունեությունը, «որի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է լրացուցիչ վարկային պարտավորությունների տակ, ունեցել է ֆինանսական կորուստներ, վնաս է հասցվել տեղական ընկերությունների զարգացմանը, ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները եւ պետական տեղեկատվությունը հասանելի է դարձրել վերահսկողությունից դուրս գտնվող արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերություններին»:



Կառավարությունն արհամարհո՞ւմ է



Երկրի ամենաառաջադեմ խավի՝ IT ոլորտի ձեռնարկատերերի ընդվզումը պետք է որ մտահոգեր վարչապետին, կառավարությանը։ Բայց արդեն մեկ շաբաթից ավելի է անցել հայտարարությունից, սակայն կառավարությունը չի արձագանքել։ «Ո՞նց է լինում, որ մեկը 300 գրամ բրինձ է գողանում, քրեական գործ են հարուցում, իսկ 80 ընկերություններ կանգնում-ասում են՝ մեզանից փող ու անձնական տվյալներն են տանում, բայց ոչ ոք ձայն չի հանում»,- ասում է միության նախագահ Կարեն Վարդանյանը եւ եզրակացնում է, որ ՀՀ պետական մարմինները գործնականում անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում էլեկտրոնային կառավարում չլինի, նման փորձ չստեղծվի։ Ահա Դավիթ Հարությունյանի բացատրությունը «Հրապարակին», որը, ըստ էության, կառավարության պատասխանը կարելի է համարել։



Սա ոլորտը չհասկանալու արդյունք է



- Ինչո՞ւ եք ասում, որ անհեթեթ գրվածք է, ֆինանսական պահանջներ կային, որոնք հայկական ընկերությունների համար անհաղթահարելի են, նրանք ուզում են էլեկտրոնային կառավարման ոլորտ մտնել, եւ նրանց մտահոգությունը հասկանալի է։



- Ամենեւին։ Այդ դեպքում ինչի՞ համար պահանջներ ներկայացնել։ Սկզբունքն այն է, որ դուք պետք է կատարեք շատ մեծ ներդրում, շահագործեք համակարգը, հետո կոնցեսիոն ժամանակահատվածի վերջում հանձնեք Հայաստանի Հանրապետությանը։ Պետք է մենք ենթադրենք, որ դուք այդ ներդրման կարողությունն ունե՞ք, թե՞ ոչ։ Հիմա պատկերացրեք, օդանավակայանը հանձնում էինք կոնցեսիայի, հետո ասում էինք՝ ժողովուրդ ջան, ով կա, մի հատ եկեք, կոնցեսիայով ո՞վ է պատրաստ վերցնելու։ Գիտենք, որ այնտեղ, օրինակ, 100 մլն․ ներդրում պետք է կատարվի, հիմա պե՞տք է պահանջներ դնենք ֆինանսական, թե՞ ոչ։ Թե՞ պետք է ասենք՝ տեսնենք, էլի, կարող է մի անհատ ձեռներեց էլ գտնվի, ասի՝ ես կանեմ։ Երբ խոսքը վերաբերում է այնպիսի ծրագրի, որը ենթադրում է խոշոր ներդրումների իրականացում կազմակերպության կողմից, սեփական միջոցների հաշվին եւ դրա արդյունքում շահույթների ստացում, բնական է, որ նման պահանջներ պետք է լինեն։ Սա՝ առաջինը։ Երկրորդը՝ մրցույթը չի հայտարարել ԷԿԵՆԳ-ը, այլ մրցույթը հայտարարում է միջգերատեսչական հանձնաժողովը, որի մեջ մտած են բոլոր հիմնական գերատեսչությունները, որոնք այդ ոլորտում գործում են՝ ոստիկանությունից սկսած, արտաքին գործերի նախարարությունով վերջացրած։ Այսինքն՝ մրցույթ հայտարարում է եւ մրցութային պայմանները թելադրում է հենց միջգերատեսչական հանձնաժողովը։



- Իսկ ԱԱԾ-ից կա՞ն անդամներ այդ հանձնաժողովում։



- Բնականաբար։



- IT ձեռնարկությունների միությունը նաեւ ասում է, որ մեր անձնական տվյալները, պետական հույժ կարեւոր տեղեկություններ հայտնվում են դրսում։



- Սա ոլորտը չիմանալու ու բացարձակ չհասկանալու արդյունք է։ Սրանով ցույց են տալիս, որ ոլորտին բացարձակապես տեղյակ չեն։ Դրա համար հույժ կարեւոր է, որ մասնակցեն այն կազմակերպությունները, որոնք առնվազն մեր երկրում նմանատիպ ծրագիր իրականացրել են։ Որովհետեւ այն ունի իր համապատասխան ստանդարտները։ Բնականաբար, այն, որ լեհական կազմակերպությունն էր սպասարկում կենսաչափական անձնագրերի այդ համակարգը, ամենեւին չի նշանակում, որ կազմակերպությանը հասու են այն տվյալները, որոնք ունի մեր անձնագրային համակարգը։



Հիշեցնենք, որ մրցույթով զբաղվում է ԷԿԵՆԳ-ը՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն, որը ՀՀ էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգողն է: Այն ղեկավարում է Արթուր Թունյանը, որը ժամանակին Դատաիրավական ԾԻԳ-ի տնօրենն էր եւ 2013 թվականին Վերահսկիչ պալատի աղմկոտ բացահայտումների թիրախում հայտնվեց, բայց հաջողությամբ դուրս եկավ քրեական պատմություններից եւ հիմա կրկին պետական կարեւոր ծրագրերում է ներգրավված։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ