Վարչապետը՝ օդում, դրսում և կառավարությունում

Վարչապետը՝ օդում, դրսում և կառավարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանին կարելի է հանդիպել հիմնականում երկու միջավայրում՝ դրսում, օրինակ՝ քարոզարշավների, ուղղակի զբոսանքի կամ որեւէ տեղ այցելության ժամանակ, եւ կառավարության նիստում, որոնք տեղի են ունենում ամեն հինգշաբթի։ Բայց վերջերս «Արմենիա» ավիաընկերության օդանավով ճամփորդելիս վարչապետին «հայտնաբերեցինք» նաեւ օդում։ Ստացվում է մոտավորապես մերսեդեսյան եռամիասնություն․ վարչապետը՝ օդում, դրսում եւ կառավարությունում։ Հանրահայտ գերմանական Mercedes-Benz ընկերության եռաթիվ աստղով լոգոտիպն էլ է նմանատիպ եռամիասնություն խորհրդանշում՝ «Mercedes-ը օդում, ջրում եւ ցամաքում»։



Իհարկե, Կարեն Կարապետյանն ի պաշտոնե միշտ էլ առիթ ունենում է օդում լինելու, երբ արտերկիր գործուղման է մեկնում։ Բայց «Արմենիա»-ի դեպքում վարչապետն «օդում» է անգամ այն դեպքում, երբ նա ֆիզիկապես ցամաքում է։ Բանն այն է, որ «Արմենիա» ավիաընկերությունը թողարկում է «Արմենիա» անվանումով սեփական երկլեզու ամսագիրը։ Վերջին համարի դեմքը թեպետ երգչուհի Իվետա Մուկուչյանն է, բայց ամսագրում մի քանի էջ՝ մեծ-մեծ լուսանկարներով, հատկացված է վարչապետին։ Օդային պայքարում Հայաստանի առայժմ միակ դեմքը հանդիսացող այս ընկերության ամսագրին հաջողվել է հարցազրույց անել ընտրություններին ՀՀԿ-ի դեմքը հանդիսացող Կարեն Կարապետյանի հետ։



Իհարկե, հարցազրույցի հարցերից եւ պատասխաններից զգացվում է, որ այն շատ բարեկամական եւ հանդարտ ընթացք է ունեցել, քանզի վարչապետի հետ զրուցել են ոչ թե երկրի առջեւ ծառացած աղմկոտ խնդիրներից, ոչ թե դրանց հիմնական մեղավորի՝ ՀՀԿ-ի վարած «տնաքանդ» քաղաքականությունից, նախորդներից մնացած կիսավեր ժառանգությունից, մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարից, արտագաղթից եւ գործազրկությունից, այլ համեմատաբար ավելի «անմեղ», խոհափիլիսոփայական թեմաներից։ Օրինակ՝ վարչապետին հարցրել են իր կարդացած գրքերից, հագուկապից, ժիլետից ու պիջակը հանելու սովորությունից, խոսելու եւ հարցերին պատասխանելու իր լակոնիկ ոճից ու ինքնահարցուպատասխանից։ Իհարկե, եղել են նաեւ համեմատաբար սուր հարցեր, օրինակ՝ ՀՀԿ-ն ներսից փոխելու, ՀՀԿ-ին անդամակցելով մարդկանց մոտ իր հանդեպ հիասթափություն առաջացնելու հավանականությունից, ընտրություններին վարչական ռեսուրսի չարաշահման եւ արջի ծառայություն մատուցելու մասին եւ այլն։ Օդային ամսագրի համար, բնականաբար, նմանօրինակ ֆորմատով ու բովանդակությամբ հարցազրույցը միանգամայն հասկանալի է՝ ելնելով դրա ժամանցային բնույթից։



Ընդհանուր հարցազրույցի մեջ մեր ուշադրությունը գրավեց հատկապես վարչապետի կարդացած գրքերի հատվածը։ Պարզվում է՝ լրագրողների եւ ինքն իրեն հնչեցրած հարցերին չափազանց լակոնիկ պատասխաններ տվող Կարեն Կարապետյանը սիրում է ընթերցել շատ երկար վերնագրերով գրքեր։ Ի դեպ, այդ գրքերի վերնագրերում հետաքրքիր ենթատեքստեր կարելի է հայտնաբերել, եթե դրանք պրոյեկտենք հայաստանյան իրականությանն ու մեր քաղաքական-տնտեսական այժմյան վիճակին:
Մասնավորապես, վարչապետը վերջին շրջանում տպավորվել է երեք գրքից: Դրանք են՝ Ռոբերտ Անդերսոնի «Պարզապես ճանապարհին մի՛ կանգնիր. ինչպես կարող է պետությունն օգնել բիզնեսին աղքատ երկրում», Էրիկ Ռայներտի «Ինչպես հարուստ երկրները հարստացան եւ ինչու աղքատ երկրները շարունակում են աղքատ մնալ» եւ Պասկալ Սալենի «Վերադառնալ կապիտալիզմին՝ ճգնաժամերից խուսափելու համար» գրքերը: Հետաքրքիր է՝ ի՞նչ հետեւություններ է արել պարոն Կարապետյանն այս երկար վերնագրերով գրքերն ընթերցելիս, եւ ինչ ազդեցություն են թողել դրանք նրա վրա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ