Ադրբեջանցի թեկնածուն առաջատա՞ր է Իրանի նախագահական մրցապայքարում

Ադրբեջանցի թեկնածուն առաջատա՞ր է Իրանի նախագահական մրցապայքարում

Առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշկիանը, ով պատկանում է բարեփոխականների ճամբարին, առաջատարն է Իրանի նախագահի վեց հավանական թեկնածուների թվում։

Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, դա հետեւում է իրանական Mellat, ISPA եւ Shenaakht վերլուծական կենտրոնների կողմից անցկացված սոցհարցումների արդյունքներից։

Նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ են մտել 6 քաղաքական գործիչներ, որոնց թեկնածությունը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը: Նրանց թվում են խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամմադին, փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիանը:

Մեջլիսի (Խորհրդարանի) հետազոտական կենտրոնի հասարակական կարծիքի հարցումների «Մելլաթ» ինստիտուտը հունիսի 22-ից 24-ը հարցում է անցկացրել 1,1 հազար հարցվածների շրջանում: Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 23,5%-ը կնախընտրեր Փեզեշկիանին, 16,9%-ը՝ Ղալիբաֆին, իսկ 16,3%-ը՝ Ջալիլիին։ Հարցվածների 45,7%-ն ասել է, որ անպայման մասնակցելու է ընտրություններին։

ISPA սոցիալական գործակալության կողմից 4 հազար իրանցիների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Պեզեշկիանի օգտին կքվեարկեր հարցվածների 24,4 տոկոսը, Ջալիլիի օգտին՝ 24 տոկոսը, Ղալիբաֆի օգտին՝ 14,7 տոկոսը։ Նրանցից ընտրատեղամասեր գնալու պատրաստակամություն է հայտնել 43,9%-ը։

«Շենախտ» վերլուծական կենտրոնի հարցման արդյունքների համաձայն՝ Պեզեշկիանի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 28 տոկոսը։ Լավագույն եռյակում են հայտնվել նաև պահպանողականներ Ջալիլին (20%) և Ղալիբաֆը (19%)։ Հարցվածների 53%-ը վստահ է, որ կքվեարկի առաջիկա ընտրություններին։

Նշենք, որ 70-ամյա Մասուդ Պեզեշկիանը ծնվել է Մահաբադ քաղաքում՝ ադրբեջանական ընտանիքում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր, որ հպարտ է իր ադրբեջանական ծագմամբ։ Մի քանի օր առաջ Թեհրանի նահանգի Վարամին թաղամասում ելույթի ժամանակ նա արտասանել էր «Կեցցե Ադրբեջանը» կարգախոսը։