Բանակցություններն սկսվու՞մ են

Բանակցություններն սկսվու՞մ են

ԵԱՀԿ մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ ադրբեջանական մամուլը գրում է, որ Վիեննայում Փաշինյան-Ալիեւ «հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում եւ երկու առաջնորդներին հնարավորություն է տվել պարզաբանելու իրենց դիրքորոշումները»: Փաշինյանը եւ Ալիեւը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի մի շարք առանցքային հարցերի եւ բանակցությունների ընթացքի էական գաղափարների շուրջ:

Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներն ընդգծել են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման կարեւորությունը, ինչպես նաեւ ՝ հետագա կոնկրետ եւ շոշափելի քայլերի ընդունումը բանակցություններում՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորումը: Փաշինյանը եւ Ալիեւը վերհիշել են Դուշանբեում իրենց խոսակցությունը եւ վերստին հաստատել հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտությունը եւ ուղղակի շփման մեխանիզմների կատարելագործումը: Նրանք նաեւ պայմանավորվել են հումանիտար ոլորտում մշակել մի շարք միջոցառումներ:

Փաշինյանը եւ Ալիեւը հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին՝ ամենամոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ համաձայնել են շարունակել ուղղակի երկխոսությունը: Ըստ երեւույթին, չեն հաստատվում փորձագիտական տպավորությունները, որ հնչել էին Վիեննայի հանդիպման նախօրյակին, թե դա կլինի այսպես ասած ազատ ռեժիմի քննարկում՝ առանց կոնկրետ օրակարգի:

ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունն, ընդհակառակը, գալիս է ենթադրել տալու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ սկիզբ է առնում բանակցային նոր գործընթաց, որի առանցքում գտնվում են հրադադարի ռեժիմի ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ուղղակի կապի տեխնիկական միջոցների կատարելագործման եւ հումանիտար ոլորտում ընդառաջ քայլեր կատարելու հետ կապված հարցերը, որոնք պետք է նպաստեն հետագայում կոնկրետ եւ շոշափելի քայլեր կատարելուն՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ուղղակի երկխոսությունը: Դա նշանակում է, որ Փաշինյան-Ալիեւ հետագա հանդիպումները եւս նախատեսվում են անցկացնել նույն ձեւաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Կարելի է ասել, որ կարգավորման դիվանագիտական ջանքերում սկսվում է նոր փուլ, որը, թերեւս, անվանվի «Վիեննայի գործընթաց»: Այլ հարց է, թե ի՞նչ հանգրվանի կարող է դա բերել: Իրողություն է, սակայն, որ կարգավորման բանակցությունները վերսկսվում են: