ԱՄՆ-ն դիմակայել է Պուտինի փորձությանը․ Բայդեն

ԱՄՆ-ն դիմակայել է Պուտինի փորձությանը․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթ ունենալով «Պետության վիճակի» մասին ամենամյա ուղերձով, իր ձեռքբերումների թվում թվարկել է միջազգային կոալիցիայի ստեղծումը, որն աջակցում է Ուկրաինային՝ ընդդիմանալով ռուսական ագրեսիային: 
Այդ մասին գրում է BBC-ն և նշում, որ ուկրաինական պատերազմը քիչ տեղ է գրավել Բայդենի ելույթում, որը տևել է մոտ մեկուկես ժամ։

Նա միայն իր ելույթի վերջում է անդրադարձել է այդ թեմային։ 

«Պուտինի ներխուժումը դարի փորձությունն էր․ փորձություն Ամերիկայի համար, փորձություն ամբողջ աշխարհի համար»,-ընդգծել է Բայդենը և հավաստիացրել, որ Միացյալ նահանգները պաշտպանելու է ամենահիմնական սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, մարդկանց ազատության իրավունքը, ժողովրդավարությունը։

«Միասին մենք արեցինք այն, ինչ անում է Ամերիկան ​​լավագույն պահերին: Մենք ղեկավարեցինք: Մենք միավորեցինք ՆԱՏՕ-ն: Մենք ստեղծեցինք համաշխարհային կոալիցիա: Մենք դեմ էինք Պուտինի ագրեսիային և կանգնեցինք ուկրաինացի ժողովրդի կողքին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Դիմելով դահլիճում գտնվող ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովային՝ Բայդենը նշել է․
«Ամերիկան ​​միասնական է ձեր երկրին աջակցելու հարցում, մենք ձեզ հետ կլինենք այնքան ժամանակ, որքան դա պահանջվի»։