Երրորդն ուղղակի չկա

Երրորդն ուղղակի չկա

Նախորդ հոդվածներից մեկում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին անուղղակի առաջարկել էի հեռանալ իշխանությունից հանուն Հայաստանի փրկության: Որովհետև ինքնահռչակ «խաղաղության մունետիկի» վարչապետության շարունակումը նորանուր պատերազմների առաջ է կանգնեցնելու մեր երկիրը: Իսկ այսօր մենք պատրաստ չենք պատերազմին և չենք էլ լինի ընդհանրապես՝ եթե  շարունակվի իր վարչապետությունը: Միաժամանակ,  պատերազմի սպառնալիքը կշարունակվի այնքան ժամանակ, որքան ինքը կհրաժարվի Իլհամին հանձնել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը: Բնականաբար, հետո հերթը կհասնի ողջ Սյունիքին, այնուհետև Սևանա լճի արևելյան ափին, այնուհետև ողջ Սևանին, և այդպես շարունակ: 

Բայց ես հասկանում եմ, որ «խաղաղ դարաշրջանի մեկնարկի ճարտարապետը» ասվածը չի գիտակցում: Չի գիտակցում և վերջ՝ ինչ ուզում ես արա՝ թեկուզ մեջտեղից ճղվի: Ճիշտն, իհարկե, հակառակ տարբերակը կլիներ, սակայն հանրության գիտակից, բայց փոքր մասը չի համարձակվում օգտվել ամերիկյան անկախության հռչակագրի նախաբանում արձանագրված իր իրավունքից: Եթե ասվի, որ դա մերը չէ, այլ ամերիկյան է, ապա ի՞նչ գործ ուներ վերոնշյալ անձը ԱՄՆ նախագահի կողմից կազմակերպված և ժողովրդավարությանը նվիրված համաշխարհային առցանց գագաթնաժողովում: Պետականության ավանդույթների առկայության պայմաններում նման դեպքում պետք է քայլ կատարեին գոնե պետության անվտանգությունն ապահովող համակարգերը՝ անվտանգության ծառայությունը, դատախազությունը, վերջապես՝ զինված ուժերը: Սակայն, ինչպես ասվում է, դրանց բոլորի ղեկավարությունը գտնվում է «ժողովրդավարության փայլող աստղ» հորջորջվող մեր երկրի իշխանությունը օխլոսի (ժամանակակից հայկական ժեխի հին հունական տարբերակը) շնորհիվ զավթած անձի գրպանում: 

Իսկ հիմա անդրադառնամ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկին: Փաստորեն, այն ամենը, ինչում մեղադրվում է այդ անձը, նա փախադարձնում է հանրության գրագետ ու հայենասեր մասին: Ես ու ինձ նմանները, բնականաբար, կարող էինք խնդալ ու անցնել առաջ: Սակայն խնդիրն ավելի լուրջ է՝ վերոնշյալ օխլոսի աջակցությունը վայելող «փրկիչը», որ թշնամուն է հանձնել համարյա ողջ Արցախը և Ռուսաստանին՝ մնացած մասի անվտանգության ապահովման պատասխանատվությունը, կրկին ու կրկին դիմում է իր սիրելի… չէ, այս անգամ ոչ թե ժողովրդին, այլ մանիպուլյացիոն հնարքին: Իր ասելով՝ նախկիններից եկած և արտերկրից «սնված» ինչ-որ ղեկավարություն «կապել» էր նրա ձեռքերը՝ հատկապես պատերազմի ժամանակ, ինչի պատճառով էլ տեղի ունեցան այդ բոլոր արհավիրքները: Իսկ ինձ նման «կիսագրագետները», չհասկանալով, թե ինչ է կատարվում մեր երկրում, ջուր ենք լցնում վիրտուալ այդ ղեկավարության ջրաղացին: 

Ասվածը հերթական անգամ վկայում է, որ հարցը պետք է դրվի «կամ-կամ» տարբերակով՝ կա՛մ այդ անձը, օխլոսի միջոցով երկիրը տանելու է դեպի կործանման, կա՛մ մենք պետք է հեռացնենք նրան իշխանությունից: Երրորդն ուղղակի չկա: