Հրանտ Ալեքսանյան. Ահազանգեր Դրախտից

Հրանտ Ալեքսանյան. Ահազանգեր Դրախտից

...Ոչ թե անցնում՝ հրվում-առաջանում եմ մեգի, բոսորի 
ու տագնապի միջով՝ անհայտ հետախույզի ուշիմությամբ -  
ես ներդիտակով տեսածրում եմ շառաչուն տեղանքը գունազրկվող,
այնտեղ դու քեզ գտնում՝ կորցնում ես մեկեն, ուր շունչ կտրելու չափ
անչափ շատ են կրքի, տառապանքի, նենգության ու վրեժի խութերը -
նրանք պարզում են մի հին առասպելի էջերն իրական: -
Անկարելի է հերթով նշագրել ակնառու պատկերքը հետապնդող,
երբ լսողությունդ անհագ լցվում է ահազանգերով,
որ թեպետ ունեն հասցեատեր ու բարձր դեցիբալեր, 
տարածվում են որպես ճգնավորի անգիր հիշատակարան:

1
Լոկ Աստծուն է հասու Դրախտ-Եդեմի գինը արարման, 
                 նրա վեհատեսիլ դերը երկրի վրա,-
Դրախտն օազիս է մշտահմա՝ բոլոր վառվռուն հոգիների համար,
բայց եւ հավերժորեն անբիծ խաղաղության կարոտ ունի նա,
քանզի աստվածատուր իր կոչումից անկախ՝
հա ՜ գրգռում է սատանային, մատնում նրան մի նոր սատանայության:-
Դրախտում սիրում են խրախճանել նաեւ ամենայն դեւ ու չարք, 
ամենայն կենդանի, որ այնտեղ հաճախ մուտք են գործում 
իբրեւ մարդագո եւ դուրս նետվում որպես ասպատակիչ: 
Նրանք աննկատ հայտնվում են տարբեր անկյուններից -
Երկնքից են իջնում, ելնում հողի տակից, թափանցում են անտես,
մթին ծագերից, ծառս են լինում անգամ քո իսկ կենսադաշտում -
նրանք երբեմն այնքան առինքնող ու համակրելի են,
որ չես զանազանի յուրայիններից - ժպտուն, սրտամոտ են 
մինչեւ այն պահը, երբ մեկեն սեղմում են կարմիր կոճակները
եւ Դրախտը լցվում է որոտմունքով:       

             * Թշնամու զինված ուժերը վաղ առավոտից հրետակոծում են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը:

2
Ավերվող Դրախտի ճարճատյունն է ելնում երկինքներն ի վեր,
աղաղակներ կան այնտեղ արձակվող ամեն շշուկում,-
խարդավանքներով սատանան կրկին մտել է Եդեմ
            եւ հրկիզում է նրա դյութական հրաշալիքները՝ 
ոգեղեն ու ծաղկուն, աստվածարար ու ձեռակերտ, ինչպես՝
անխոնջ ելուզակ՝ ցուրտ ու ամայի հեռուներից եկած:-
Ո՞վ չհավատաց Դրախտի լույսին,
ո՞վ կասկածեց նրա վեհությանը,
ո՞վ է մտմտում՝ պղծել Եդեմը մինչեւ նրա իսպառ այլասերում...
Մենք ոչինչ ենք Աստծո օրենքից դուրս,
Դրախտը Աստծո պարծանքն է վերին, խնդությունը նրա, անօտարելին,-
երբ կոտրում ես Նրա մի ոստը թեկուզ,
ուրեմն՝ խոցում ես արարիչ Աստծուն եւ նրա ցասումն ես քառապատկում,-
ձեր հոգիներին փրկություն չի լինի, ձեր մարմիններին՝ առավելս:

          * Թշնամին հեռահար խոցման միջոցներով հարվածել է Արցախի բնակավայրերի քաղաքացիական այնպիսի ենթակառուցվածքների, որոնք կարող են բնապահպանական աղետ առաջացնել:

3
Աշխարհը լի է դրախտավայրերով, եւ ամեն մեկը՝
անզուգական կերտվածք, բայց սքանչելին, անփոխարինելին ու
անկրկնելին, հարկավ, հայրենի դրախտն է, 
որ Աստված շնորհում է ըստ քո էության ու երազանքի: 
Օտարի համար կանխատեսված չէ մուտք ուրիշ դրախտ - 
թող ամենքը ստեղծեն դրախտը սեփական:-
Մենք մեր դրախտի հպատակներն ենք, խոր անձկությամբ ենք
հետեւում նրա ելեւէջումներին:- Դրախտը կերտվում է որպես Հայրենիք՝
ազնվազարմ զավակներին ընծայվելու համար:- Դրախտը չեն լքում, 
Դրախտից չեն փախչում, այն չեն հանձնում ոչ մի ախոյանի, 
Դրախտը միակ տեղն է տիեզերքում, հանուն որի մեռնելը 
կարգ է սրբազան: Բայց երանելին՝ որ քո Եդեմը
պաշտպանես կրծքով եւ կենդանի մնաս հանուն նրա կուռ մշտագոյության:-
Բոլոր քամիներն ուզում են ետ գալ ակունքներն իրենց:
Բոլոր մեռյալները փափագում են լռվել իրենց Հայրենիքում: 
Հրկիզված ծառը դարձյալ ողջ ուժով հենվում է իր պինդ արմատների վրա:-
Երանությունը կարող է ծփալ միայն Եդեմում, իսկ երբ այնտեղ է
խուժում չար ոգին, սաստ ու ահեղաձայն թնդում են շիտակ ահազանգերը,
որ լսելի են անգամ քարերի, չծնվածների ու ընկածների համար:

           * Արցախի բնակավայրերը եւ մայրաքաղաքը թշնամու կողմից ռմբակոծվել են իսրայելական արտադրության M095 DPICM տեսակի կասետային ռումբերով, որոնք միջազգային իրավունքով արգելված են։ Արցախի բռնազավթմանը, ադրբեջանական զինուժից բացի, ներգրավված են մեծաքանակ թուրք զինվորականներ ու վարձկաններ:


Ամենաիրականը հայրենի Դրախտն է, որ մերթընդմերթ, ավաղ,
անպաշտպան է մնում սեւ հոգիների վտառների առաջ,-
բյուր քարեր են նետվում նրա վրա, ատելության անթիվ նետ ու արկեր:
Մեկ-մեկ անհետանում են Դրախտի մուտքը հսկող հրե թրով հրեշտակները -
չես դատի նրանց, երբ ինքդ անհոգ վայելում ես կյանքը եդեմական:- 
Սոսկալի է տեսնել ավերվող Դրախտը, նրանից արձակվող
ամեհի էներգիան, որ, նախ, մոխրացնում է հոգեղեն բուրգերը,
սեւ խաչեր թողնում հորիզոններին,- դրախտաբնակները փոխվում են մռայլ
ուրվականների եւ անկամ տրվում զուր ու անհասցե դեգերումների:-
Սատանա է նա, ով հրոսակների ու օտարի հետ լծված 
բացում է Դրախտի դարպասները եւ բաց թողնում այնտեղ դիվահարներին:

          * Թշնամական ուժերը միանգամից սկսել են հրետակոծել Շուշին, Մարտունին, Ստեփանակերտը, Ասկերանը եւ Մարտակերտը։ Կիրառվել են «Սմերչ» տեսակի հրթիռներ։ Ստեփանակերտում եւ Շուշիում հրթիռակոծությունների հետեւանքով կան զոհեր:

5
Եթե հայրենիքը Եդեմի նման չէ, հավասար չէ նրան կամ չի գերազանցում,
ուրեմն՝ դեռեւս Հայրենիք չէ նա, բնակատեղի է ընդամենը դեռ՝
մի ժամանակավոր կեցավայրի պես, նա դեռ չի դարձել, ուրեմն, ցարդ
Հող երանելի՝ իր հավատարմագրված որդիների համար:
Հայրենիքը Դրախտից սուրբ ու զորավոր է, Հայրենիքն ինքնին
Ամենադրախտն է, բայց ամեն դրախտ չէ, որ կարող է լինել
Հայրենիքի պես:- Այս աշխարհում անթիվ հմայանքներ կան՝
շենշող, գեղեցկափայլ եւ հույժ գայթակղիչ, բայց բոլորը մեկտեղ
չունեն ամենեւին Հայրենիքի վսեմ հոգեզմայլանքը:
Մարդու կատարյալ արդարացումը գտնելի է լոկ Հայրենիքում:

          * Թշնամին կասետային հրթիռակոծման է ենթարկել Արցախի Մարտունու շրջանի  բնակավայրերը, որտեղ ապաստան են գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ։ Հարձակման հետեւանքով կան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ՝ խաղաղ բնակչության շրջանում։

6
Եդեմը խորշում է իր տականքներից՝  մատնիչներից ու դասալիքներից,
շեղվածներից ու ուրացողներից, բայց եւ չի վանում նրանց իր գրկից:-
Հայրենիք, զգուշացիր անառակ որդիներից, անառակ հայրերից
երիցս զգուշացիր, նրանք առավել սպառնալից են, քան թշնամիք քո՝
երդվյալ ու անքուն,- սրանց դեմ մարտնչել դու լավ գիտես, սակայն 
սեփական չարագործներիդ չգիտես ինչպես խարազանել, որ նրանք այդու
մարմնիդ չգալարվեն իժերի պես,- նրանց հանդուրժո՜ւմ ես տերունական վարքով:          

           * Թշնամին ողջ օրը հրետակոծել է Շուշին եւ Ստեփանակերտը։ Հարվածներ են հասցվել այդ քաղաքների բնակելի թաղամասերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, նաեւ՝ Ստեփանակերտի ծննդատանը։ 

7
Հայրենիքը միակ Դրախտն է իրական, մնացյալ ամեն ինչ պատրանք է ու միֆ:
Հայրերի երկրում մաքրագործվում է գեղեցկությունն արար աշխարհի.-
ահա հովիտներդ՝ պերճանքի գույներով, սարահարթերդ, ուր
սավառնում են տենչանքիդ արծիվները: Իսկ լեռներդ հսկա դեկորների պես
դրված են ամուր կրծքավանդակիդ՝ որպես գալիքի պատգամաբերներ.
նրանք միշտ կլինեն նվիրակները քո՝ թեկուզեւ առանց վկայագրի:-
Քո Եդեմից դուրս ոչինչ մի փնտրիր, օտար եզերքը բուրում է միայն
պաղ օտարությամբ: Հայրենի Դրախտի մի չոր շյուղն անգամ
թանկ ու բերկրալի է, քան օտար հողի մի ողջ անտառ:
Մինչդեռ թվում է՝ ամեն ինչ մեր շուրջ առտնին պատկեր է՝
զուրկ հրաշափառ վսեմությունից, բայց դա խաբկանք է թմրեցուցիչ,
որով լրվում են ծույլ մարմինն ու հոգին: Դրախտի համար տքնում-մարտնչում են 
ամեն ակնթարթ, իսկ թե աչքդ հանկարծ կտրես Նրանից՝ թորշոմում է եւ
տրվում հողմերին: Դրախտը սիրում է իր փառքի համար մաքառողներին:

          * Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարեւանությամբ գտնվող անտառների նկատմամբ, որտեղ պատսպարվում էին նաեւ խաղաղ բնակիչներ, թշնամին կիրառել է ֆոսֆոր պարունակող զենք՝ քիմիական զենքի տարրերով, որը միջազգային իրավունքով արգելված է։

8
Աստված Դրախտը ստեղծում է որպես Հայրենիք ու Օրրան՝
որպես սրբազան մի ճշմարտություն, որ ամփոփում է ճակատագիրը՝
անգամ իր կորած նրբագծերով: Այն մի Դրախտ է զարմանահրաշ, 
որ պարփակում է անել դժոխքն ու քավարանը եւ՝ 
                                               մեղապարտների ու չարքի համար:
Եվ հար լսել է պետք Դրախտի ընդոստ ահազանգերը,
որ հնչում են մեկեն վաղ առավոտից եւ տարածվում դժնի օրերի հետ:-
Ժամանակն ունայն խաղ է խաղում իրեն փայլ տվող Հայրենիքի հետ -
Ճգնում է նրան փոշի-ավազ դարձնել, որ քամահրանքի անդադրում քամին
պարտակի նրան ժամանակների պարապուտներում: Հայրենիք բառը
վաղուց հեգնում են անհոգի-անմիտ սինլքորները, ծամածռում այն
իրենց բերանում՝ իբրեւ փուշ-ոսկոր, որ դուրս թքեն ապա
                                                                          ազնվական խոսքի տիրույթներից:

          * Թշնամական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքները։ Մայրաքաղաքում թիրախավորվել է նաեւ մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնը։ Կրկնակի հրթիռակոծվել է Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին:

9
Ողջ անհունում քեզ մի Եդեմ է տրված՝ ուրույն չափերով,
պահպանիր նրա ամեն մի թիզը՝ ինչ ձեւ ու գույն էլ ունենա այն:
Պաշտիր Դրախտիդ անունն ու ոգին, եթե անգամ քեզ քառատեն հետո:
Նրա դաշտերում ու սրտերում մարդկանց աճում է հրաշք Վարդը երկնային
                           եւ երկրային բուրյան ծաղիկներն են փթթում:
Պաշտպանիր Դրախտդ հին ու նորակերպ վայրագներից, եթե 
նրանք քո դռները հասնեն թեկուզեւ քեզ համար կարմիր գորգեր փռելով:-
Հայրենիքը չի կորսվում թշնամու ձեռամբ,
Նա իր որդիների մեղսագործությամբ է դառնում կորուսյալ:
Սոսկ արկերը չեն այդպես որոտում - մեր մեծ մեղքերի 
ռումբերն են պայթում մեր իսկ հողի վրա, եւ ընթացքով մի 
դղրդուն ու մութ՝ պետությունը կորչում է Երկրի պատկերում,
Երկիրը լուծվում է Հայրենիքի մեջ
եւ Հայրենիքը հույլ տարտղնվում է արդեն օտարվող բնաշխարհում:

          * Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, Մարտունի եւ Մարտակերտ քաղաքներում թշնամին կիրառել է նաեւ ռազմական ավիացիա։ Ամբողջ օրը հրթիռակոծվել է Շուշին. նոյեմբերի 6-ին հայկական ուժերը, ի վերջո, կորցրել են վերահսկողությունն այդ բերդաքաղաքի նկատմամբ:

10
Այրվո՜ւմ է Դրախտը, եւ կրակը մարել ի զորու են միայն
նրա ժառանգները՝ անպարփակ սեր ու դաշնությամբ իրենց -
Եդեմը հենց իր լույս զավակների արտապատկերն է,
Նրանց միացյալ կորովն ու բարքը,- կելնե՜ն նրանք կրկին
եւ կմաքրեն Դրախտը հրից, ածուխներից, չարք ու ելուզակից, 
պատուհասից ամեն, Նրանք կհայտնվեն հող ու ջրի տակից, 
կիջնեն երկնքից, կգան մշուշներից ու լեռներից բարձրիկ,
              եւ կհառնի վերստին Դրախտն հայրենական՝ 
               որպես երջանկության միակ ծննդավայր։
                               Ապրիլ, 2021, Ստեփանակերտ

Ծանոթագրություն
* Աստղանիշով տողերը քաղված են արցախա-ադրբեջանական երկրորդ՝ 44-օրյա (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը) պատերազմի քրոնիկոնից:

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ