Խորթ մորաքրոջս թոռն է․․․

 Խորթ մորաքրոջս թոռն է․․․

Երբ ժամանակին ահազանգում էինք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի բարեկամն է և ազգակցական ցանց է կազմվում,  «հեղափոխության ծաղկափոշուց դեռ ուշքի չեկածները» հակադարձում էին՝ ինչա՞, որ իր բարեկամն է, իրավունք չունի՞ պաշտոն զբաղեցնելու։ Ու ո՜նց էիք հավատում տիկին Աննային, ո՜նց էիք հավատում, երբ քնքշանվաղ ձայնով ասում էր․

«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»:

Հանրային հեռուստաընկերության եթերում տիկին Աննան հայտարարեց․  

«Սկսենք Մաշադյան ազգանունով երիտասարդի նշանակումից, որին ես երբևէ չեմ տեսել։ Մաշադյան Ռաֆիկը, արդեն ես գրել եմ, մամուլի խոսնակը տարածել է, թե ինչ բարեկամական կապ ունենք, բայց ես ուզում եմ ուղղակի պատմել հետևյալը։ Ես և ամուսինս ծանոթացել ենք 1995թ., ամուսնացել ենք 1997թ., և պատկերացնում եք, բարեկամական հարաբերություններ, և այլն… Այս 20 տարվա ընթացքում կլիներ ինչ-որ մի միջոցառում գոնե, հարսանիք կամ ինչ-որ թաղում, որտեղ գոնե իմ ամուսինը մեկ անգամ տեսած կլիներ Ռաֆիկ Մաշադյանին։ 21 տարվա մեր համատեղ կյանքի ընթացքում որևէ վայրում իմ ամուսինը և Ռաֆիկ Մաշադյանը միաժամանակ չեն գտնվել, և իմ ամուսինը չի իմացել, որ նա ինձ հետ որևէ կապ ունի, մինչև նշանակումը։ Նշանակումից հետո տանն ինձ հարցրել է՝ էս սենց պատմություն կա՞, ասել եմ՝ այո, և այլն, և այլն»։

Հիմա՞ էլ մտածում եք, որ ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը,  չի հանդիպել Մաշադյանին։ Մամուլում հրապարակումներ եղան նաև այն մասին, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։ «Մասնավորապես, աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողներն այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։

Սանիկներից էլ Համբարձումյանը նույնպես խոշոր հարկատուների տեսչությունում է։ Իսկ քեռին՝ Հրաչիկ Գոգինյանը, Սյունիքի «գերեկամտաբեր»՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետն է։ Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ համակարգում վերջին կրճատումները, երբ 120-ից ավելի մարդ ազատվեց աշխատանքից, զարմանալիորեն շրջանցել են վերը թվարկված անձանց։ Նրանք անձեռնմխելի են»,- ասված էր մամուլի հրապարակումներից մեկում։

Իսկ երբ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23 տարեկան տղային, ով հազիվ մի ԲՈՒՀ ավարտած լիներ, չէր ծառայել  բանակում,  նշանակվում է Երեւանի կայազորի զինվորական դատախազ», էլի մտածում էիք, որ պատահական է պաշտոն ստանում, Փաշինյանը ոչ մի բանից տեղյակ չի։ Այն դեպքում, երբ  «օրենքով» դատախազ կարող էր նշանակվել 25-65 տարեկան ՀՀ այն քաղաքացին, որն ունի իրավաբանական կրթություն եւ իրավաբանի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ:

Հիմա հասկանու՞մ եք, թե ՊԵԿ-ը ի՜նչ կարևոր օղակ է՝ մաքսանենգ ապրանքներ արտահանելու և այլ յուղոտ պատառներ «ձեռք գցելու  համար»։ Հասկանու՞մ եք, որ պատահական ոչինչ չի լինում․․․