Ու՞ր են տանում կրասնոգորսկյան ահաբեկչության հետքերը

Ու՞ր են տանում կրասնոգորսկյան ահաբեկչության հետքերը

Մերձմոսկովյան Կրասնոգորսկ բնակավայրի «Քրոքուս Սիթի Հոլ» համերգային կենտրոնում նախորդ օրն իրականացված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 143-ի՝ այդ թվում 3 երեխա: 121 անձ էլ փոխադրվել է հիվանդանոց: Ակցիայից որոշ ժամանակ անց արևմտյան ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում էին արգելված ԴԱԻՇ-ի (10 տարի առաջ Իրաքի և Սիրիայի տարածքում գործող մահմեդական ծայրահեղական խմբավորում) հայտարարությունն ահաբեկչության ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելու մասին: Սակայն, ինչպես պարզել են ռուսական աղբյուրները, կազմակերպության պաշտոնական տելեգրամյան ալիքում նման գրառում չկա։ Բացի այդ, արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպությունը չի օգտագործում հայտարարության նմանատիպ ձևանմուշ։ Եվ ամենակարևորը՝ ԴԱԻՇ-ի կողմից ահաբեկչություն կազմակերպվելու դեպքում կատարողները երբեք չեն վարձատրվում: Այնինչ, ուկրաինական սահմանի ուղղությամբ փախչող ահաբեկիչներից մեկը բռնվելուց հետո խոստովանում էր, որ իրեն տելեգրամյան ալիքներից մեկով վարձակալելուց հետո խոստացել են կես միլիոն ռուբլի, որի կեսն արդեն փախանցվել էր իր բանկային քարտին:

Ռուսական կողմն արդեն խոսում է (թեև դեռևս ոչ պաշտոնապես) ուկրաինական հետքի մասին, ինչին արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ հերքելով դա: Եվ եթե դա իսկապես այդպես է, ապա հենց Ուկրաինան պետք է շահագրգռված լինի ճշմարտության բացահայտման առումով: Ինչի համար անհրաժեշտ է, որպեսզի արևմտյան հովանավորողներին խնդրի, որպեսզի վերջիններս «Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովին առաջարկեն իր ստեղծած սոցցանցի սերվերներից տեղեկատվություն փոխանցել կրասնոգորսկյան ահաբեկիչների հովանավորողների մասին: Այսինքն, ովքեր են վարձել ահաբեկիչներին, նրանց ուղղորդել, զենք ու գումարներ փոխանցել: Ինչն, ի դեպ, կարելի էր անել նաև եվրոպական որևէ դատարանի միջոցով: Բայց հասկանալի է, որ դա չի արվի՝ ճիշտ այնպես, ինչպես չբացահայտվեցին «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման իրական դերակատարները: Հիշեցնեմ, որ դրանցով բնական գազ էր փոխանցվում ՌԴ-ից Գերմանիա: Եվ դրանք կառուցվել էին գերմանական հարկատուների միջոցներով:   

Ի դեպ, այն վարկածը, որ կրասնոգորսկյան ահաբեկչությունը կարող է ուկրաինական հետք ունենալ, նախ, անուղղակիորեն վկայվում է այդ երկրի ղեկավարության՝ ՌԴ-ի հասցեին նախկինում կատարած հայտարարություններով: Երկրորդ, Ուկրաինայի հետ սահմանակից ՌԴ Բրյանսկի մարզի ուղղությամբ անընդհատ պահպանվել է հանգիստ իրավիճակ՝ միջանցք ապահովելով ահաբեկիչների փախուստի համար: Եվ չորս ահաբեկիչներով մարդատար մեքենան էլ կանգնեցվել է հենց այդ ուղղությամբ սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Եվ երրորդ, հակապուտինյան ռուս «հայրենասերների» կողմից ահաբեկչության մեջ անմիջապես հենց Պուտինին մեղադրելու հանգամանքով: Ասեմ, որ ավելի տհաս մեղադրանք դժվար թե ներկայացվեր: Հսկայական վարկանիշով կրկին նախագահ ընտրված անձը պետք է որ խելագար լիներ, որպեսզի այնպիսի գործողության դիմեր, որից օգուտը հարցական էր, իսկ վնասը՝ ակնհայտ: Եթե ինչ-որ մեկը փորձի մատնանշել մոսկովյան բնակելի շենքերի պայթեցումները Չեչենական 2-րդ պատերազմից առաջ, ասեմ, որ դրանք բացարձակ համադրելի չեն նախորդ օրվա ահաբեկչության հետ: Համադրելի չեն ո՛չ դրդապատճառների և ո՛չ էլ դրանց հետևած գործողության տրամաբանության առումով:

Ի դեպ, ահաբեկչության միջոցով Ռուսաստանում քաոս առաջացնելու նպատակը, ինչպես երևում է, կյանքի չի կոչվում: Ընդհակառակը, այդ ահաբեկչությունը նպաստելու է, որպեսզի զանգվածներն ավելի սերտ համախմբվեն Պուտինի շուրջը: Իսկ համերգային կենտրոնում տեղի է ունեցել իսկական հերոսական արարք. երբ սկսվել են կրակոցները ու ներկաները փորձել են դուրս փախչել դահլիճից՝ նրանց ճանապարհը փակել է ավտոմատավորներից մեկը: Բայց չի հասցրել սպանել շատերին, քանի որ նրա վրա է ցատկել ինչ-որ երիտասարդ, ով մեկ այլ անձի օգնությամբ զինաթափել է նրան՝ հնարավորություն տալով մարդկանց դուրս վազել դահլիճից: (Փաագծերում ասեմ, որ իրական հերոսը հենց այդպիսի անձն է և ոչ թե հարկ վճարողը): Վերադառնալով քաոս առաջացնելուն՝ ասեմ, որ այն արդեն ծիլեր է տալիս հենց Ուկրաինայում: Այնտեղ տելեգրամյան ալիքներով տարածվում են լուրեր բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, գործարարների կողմից իրենց ընտանիքներին երկրի արևմուտք կամ արտերկիր դուրս հանելու խորհուրդների կամ արդեն առկա ծրագրերի մասին: