Իշխանափոխությունը Հայաստանում Արցախի եւ Հայաստանի գոյատեւման միակ միջոցն է

Իշխանափոխությունը Հայաստանում Արցախի եւ Հայաստանի գոյատեւման միակ միջոցն է

Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո, երբ հայտնի դարձավ, որ 86.600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է նաեւ Արցախի Հանրապետությունը, Արցախի Ազգային ժողովը հանդես եկավ հայտարարություններով ու կոչով դիմեց ՀՀ նախկին նախագահներին։ Կոչը ոչ միանշանակ ընկալեցին ՀՀ նախկին նախագահները։ Մենք զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

- Արցախի խորհրդարանը Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան չնայած բավականին կոշտ արտահայտվեց, բայց հասարակական մի մեծ շերտ քննարկում եւ քննադատում է, որ այդպես էլ հայտարարությունների մակարդակից գործի չանցան։ Որքանո՞վ էր կարեւոր Արցախի ԱԺ հայտարարությունը։

- Արցախից հնչող հայտարարությունները մենք պետք է ընկալենք այն իրավիճակում, որում հայտնվել է Արցախը։ Հիմա Արցախում շատ ծանր իրավիճակ է, սննդի խնդիրներ կան, տեղաշարժի խնդիրներ կան՝ այդ մարդիկ քանի ամիս ձերբակալված վիճակում են գտնվում, ծանր հոգեբանական իրավիճակում, իրենք չգիտեն, թե որոշ ժամանակ հետո իրենց հետ ինչ է կատարվելու։ Ծանր հոգեբանական վիճակը, բնականաբար, բոլորի վրա է ազդում, նաեւ՝ պատգամավորների եւ իշխանության, եւ մենք պետք է առաջին հերթին հաշվի առնենք այդ հոգեվիճակը եւ դառը քաղաքական տրամաբանության մեջ չգնահատենք։ Այդ հայտարարությունն օգնության ճիչ էր, ինչ-որ ելքեր գտնելու ճիչ էր․ սա՝ առաջինը։ Երկրորդը՝ շատ կարեւոր էր, որ Արցախում համարում են, որ Ադրբեջանի կազմում երբեք չեն կարող լինել, եւ իրենք չեն տեսնում իրենց հետեւում, ասենք, Հայաստան, Հայաստանի իշխանություններն իրենց հանձնել են, հասարակությունը համապատասխան ձեւով չի արձագանքում, բողոքի ինչ-որ ցույցեր չեն լինում, եւ դա իրենց վրա ծանր հոգեբանական ազդեցություն է ունենում։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, կդիտարկեի այդ հայտարարությունները, որոնք հնչում են Արցախից։

- Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասաց, որ պետք է պատրաստ լինել՝ շարունակելու պայքարը։ Շատերը, սակայն, նույն Արցախում, փոքր-ինչ անվստահությամբ են վերաբերվում Հարությունյանի հայտարարություններին։

- Ես Արայիկ Հարությունյանի անձը մի կողմ կդնեի տվյալ դեպքում՝ դա բացարձակապես կարեւոր չէ՝ ինքը լավ մարդ է, վատ մարդ է, ով իրեն ինչպես է վերաբերվում։ Տվյալ դեպքում այդ հայտարարությունը հնչել է որպես Արցախի ղեկավարի հայտարարություն, եւ համապատասխան ձեւով դա դիտարկենք՝ առանց անձին անդրադառնալու։ Դա Արցախի հանրության ցանկությունն է եղել՝ լսել նման հայտարարություն։ Եվ այդ հայտարարությունն այդ առումով, կարծում եմ, կարեւոր էր։

- Արցախի Ազգային ժողովը կոչով դիմեց նաեւ նախկին նախագահներին։ Արդարացվա՞ծ էր արդյոք այդ պահանջը։

- Տեսնելով, որ Հայաստանի գործող իշխանությունն իրենց հանձնել է, լքել է, բնականաբար, իրենք փորձում են ինչ-որ այլ տեղից ինչ-որ արձագանք ստանալ, ինչ-որ ակտիվություն ստանալ եւ դիմում են նախկին նախագահներին, որովհետեւ այլ մեկին Հայաստանում չեն գտնում, ում կարողանային դիմել։ Եթե Հայաստանում լիներ որոշակի ազդեցիկ ազգային ինչ-որ մի շարժում, ինչ-որ նոր լիդերներ, իրենք իրենց կդիմեին, քանի որ չկա, դիմել են նախկին նախագահներին։ Եվ ես այստեղ չէի քննարկի՝ որքանով է դա ճիշտ, որքանով է դա սխալ․ դա ուղղակի ծանր վիճակում հայտնված մարդկանց կոչ էր։ Եվ սառը տրամաբանությամբ ես դա չէի քննարկի։

- Ռոբերտ Քոչարյանի արձագանքը շատերը կոշտ որակեցին։ Ինչո՞ւ այդպես կտրուկ արձագանքեց երկրորդ նախագահը՝ հաշվի առնելով Ձեր այն դիտարկումը, որ դա ծանր վիճակում գտնվող մարդկանց օգնության ճիչ էր։

- Ես չգիտեմ՝ որքանով է տեղին կամ որքանով տեղին չէ, գուցե ինչ-որ առումով տեղին չէր՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները։ Մյուս կողմից՝ նախկին նախագահը նկատի ուներ, որ Արցախի նախագահը եւ ղեկավարությունն ինչ-որ պահ սիրախաղերի մեջ էին մտել գործող իշխանության հետ եւ նրանց հետ ինչ-որ հույսեր էին կապում, ինչ-որ մանիպուլյացիաների էին ենթարկում, եւ գուցե դրա արձագանքն էր՝ դուք ժամանակին սխալներ եք արել, հիմա եկել եք, ինձ եք դիմում, երբ ինձ մոտ ոչ մի հնարավորություններ, լծակներ չկան։ Հնարավոր է, որ ես սխալ եմ, բայց ես այդպես հասկացաս, բայց, բոլոր դեպքերում, ես՝ ինքս, Արցախից հնչող հայտարարություններին ավելի մեղմ կվերաբերվի՝ հաշվի առնելով իմ ասած հանգամանքները։

- Սերժ Սարգսյանն էլ իր պատասխանում ասում է, որ անցած 5 տարիներին հայտարարել է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որ բարձրաձայնել են ու շարունակում են պայքարել, որքան էլ իրենց նախազգուշացումներին ուշադիր չեն եղել։

- Արցախում ոչ թե դիրքորոշում ու տեսակետ են պահանջում, այլ պահանջում են ինչ-որ գործողություններ, որովհետեւ դիրքորոշումներ եւ տեսակետներ հայտնողներ շատ են, բայց դա ոչինչ չի փոխում։ Ես կարծում եմ, որ Արցախից հնչած կոչում ակնկալում են Հայաստանում կոնկրետ գործողություններ, որոնք կփոփոխեն իրավիճակը։ Իրավիճակ փոխելով՝ կփոխվի այն բանակցողը, բանակցություններ վարող անձը, որը թույլ կտա այս իրավիճակը փոխել։ Ես այդպես եմ հասկանում, իսկ դիրքորոշումները ոչ ոքի առանձնապես չեն հետաքրքրում։

- Այսինքն՝ Արցախից Հայաստանում իշխանափոխությո՞ւն են ակնկալում։

- Դա իրենց փրկության միակ ելքն է այսօր։

- Նաեւ մե՞րը։

- Նաեւ մեր փրկությանը, այո։