Գիտեինք, թե վարչապետը չտես է

Գիտեինք, թե վարչապետը չտես է

Գիտեինք, թե վարչապետը չտես է։ Ու՞մ մտքով կանցներ, որ վարչապետ մարդը ջահել աղջկա ոտքեր կտեսնի ու սելֆի անի ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրի, վերնագրելով՝ «Անթաքույց գեղեցկություն»։ Մարդիկ լցվել էին վարչապետի էջ ու ջահել աղջկան՝ ով ինչպես կարողանում էր, վիրավորում էր։ Միայն նրա համար, որ աղջիկը շատ կարճ էր հագնվել։ Վարչապետն էլ ի ցույց էր դրել։ Ի՜նչ խայտառակություն էր։ 

Հետո, երբ մամուլն էլ խառնվեց ու մեղադրեց վարչապետին, որ վարչապետն անթաքույց անդրադարձել է երիտասարդ աղջկա բարեմասնություններին և ուշադրություն հրավիրել, որպեսզի ամեն կարգի դուրսպրծուկ հայհոյի աղջկան, վարչապետը հեռացրեց ջահել աղջկա նկարը, որը երևի կլիներ իր աղջկա տարիքին։ Ի՜նչ գարշելի էր․ երկրի ղեկավարը սելֆի անի իր աղջկա տարիքի մեկին ու ֆեյսբուք գցի՝ ցուցադրելով 18 տարեկան աղջկա դեմքը։ Ու աշխարհի հայհոյանքը կապել տա նրա վրա։ Խոսքը գնում էր դիմակ կրելու մասին, բայց խոսք չկար դիմակի մասին և աղջիկը բաց ոտքերի վրա չէր կրելու դիմակը։ 

Այնքան էյֆորիայի մեջ էր ժողովուրդը, որ չէր հասկանում հասկանում, որ դա չտեսություն չէ, լուրջ քաղաքականություն է։ Եթե հասկանային, երկրի ղեկավարի հրաժարականն այդ ժամանակ կպահանջեին։ Երկրում մոլեգնում էր կորոնան և օրվա մեջ տասնյակ կյանքեր էր խլում, իսկ ինքը վարչապետին ոչ հարիր սելֆիներ էր անում։ Եթե իր բաց ոտքերով նկարը աղջիկը գցեր ֆեյսբուք ու ստանար համապատասխան բացասական արձագանք, դա բոլորովին ուրիշ բան էր։ Ֆեյսբուքյան էջից լուսանկարի հեռացումը վարչապետին չէր փրկում։

Նույնիսկ Վան Գոգն ու Միքելանջելոն չէին կարող որևէ մեկի կանացի բարեմասնությունը հրապարակել՝ ներկայացնելով նաև նրա դեմքը։ Նրանք հատուկ բնորդուհիներ էին վարձում։ 
․․․ Իսկ այսօր զարմանում ենք՝ թե ոնց վերացան մեր ազգային սրբությունները։ Թե ինչու է մեր երկրում հայը այդքան նսեմացվել ու դարձել ծաղրի առարկա։