Ինչպես է լուծվում Հայաստան ժամանած երեխաների ուսման հարցը

Ինչպես է լուծվում Հայաստան ժամանած երեխաների ուսման հարցը

Մեկ ամսից ավելի է, ինչ Ուկրաինայում շարունակվում է պատերազմը։ Պատերազմ, որի հետևանքով երկու երկրներից՝ Ռուսաստանից և Ուկրաինայից բազմաթիվ մարդիկ ստիպված են լքել իրենց երկրները եւ տեղափոխվել ավելի ապահով վայրեր՝ մինչեւ ռազմական գործողությունները կավարտվեն։ Եվրոպական  28 երկիր բացեց իր դռները՝ ապաստան տալով Ուկրաինայից դուրս եկող մարդկանց։ Հայաստան էլ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ժամանեցին մարդիկ՝ Ուկրաինայից և Ռուսաստանից՝ ազգությամբ ռուս, ուկրաինացի, հայ։ Այդ հոսքով պայմանավորված, մենք փորձել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պարզել, թե այս մեկ ամսվա ընթացքում Հայաստան ժամանած քաղաքացիներից որքան  մարդ է դիմել երեխաներին դպրոցներում տեղավորելու համար։
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՀՀ վերադարձած օտարերկրյա քաղաքացիների երեխաների հանրակրթական ուսումնական հաստատությունների հաշվառման գործընթացը կարգավորվում է կրթության բնագավառի ՀՀ օրենսդրությամբ` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 24 նոյեմբերի 2010 թ. N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի»։

Նախարարությունից հայտնեցին նաև, որ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում փետրվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում սովորողների թվի էական փոփոխություն տեղի չի ունեցել, որը կարող է և պայմանավորված լինել նրանով, որ ժամանողները եկել են ժամանակավորապես եւ դեռւես կարող են վերադառնալ իրենց երկրներ։

«Ցանկության դեպքում, եթե ուզենան այստեղ շարունակելու իրենց ուսումը և խնդիրներ ունենան փաստաթղթերի հետ, պետք է գրավոր դիմում ներկայացնեն նախարարությանը՝ կազմակերպելու համար ժամանակավոր ուսումը Հայաստանի Հանրապետությունում։ Նմանատիպ  դիմումներ շատ քիչ ենք ստացել»,-տեղեկացրին նախարարությունից։

Ինչ վերաբերում է հաշվառված սովորողների վերաբերյալ տեղեկատվությանը, ապա նշենք, որ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում փետրվարի 1-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում սովորողների թիվն ավելացել է 49-ով:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում կրթության լեզուն հայերենն է,  2-րդ դասարանից պարտադիր դասավանդ¬վում է ռուսերեն, 3-րդ դասարանից՝ անգլերեն (ֆրանսերեն, գերմա¬ներեն) կամ որևէ այլ օտար լեզու: Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, ուսումնասիրվում է ռուսերեն: ՀՀ 63 դպրոցներում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: Իսկ 45 պետական հանրակրթական դպրոցներ ունեն ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որոնցում սովորողի ընդունելությունն իրականացվում է սահմանված կարգով: