Սլավոնների ընտանեկան վեճը քաղաքակրթական ճգնաժամի ֆոնին

Սլավոնների ընտանեկան վեճը քաղաքակրթական ճգնաժամի ֆոնին

Այսօր Արեւմուտքը (Եվրոպա եւ ԱՄՆ) Ռուսաստանի դեմ պայքարում է Ուկրաինայի տարածքում՝ իր ռազմամթերքով, վարձկաններով, հրահանգիչներով, փողով, քաղաքական ու բարոյական աջակցությամբ: Այսինքն՝ դեռեւս զարտուղի ձեւով է մասնակցում պատերազմին, իսկ վա՞ղը… Արեւմտյան աշխարհի համար Ուկրաինան ընդամենը պատրվակ եղավ՝ վերաբորբոքելու հին հակամարտությունը: Ո՜չ ռուս-ուկրաինական, ո՜չ Արեւմուտք-Արեւելք առճակատումները, այո, նոր չեն հասունացել, դրանք խորագնա արմատներ ունեն եւ երկար պատմություն: Բայց դա այլ վերլուծության նյութ է:

Արեւմտյան աշխարհն իրեն, մեծամտորեն ու նարցիսաբար, ավելի քաղաքակիրթ է համարում ռուսական, ընդհանրապես մնացյալ աշխարհի համեմատությամբ: Այդ բանավեճին մասնակցելու պահը չէ, միայն նկատեմ, որ քաղաքակրթությունը լոկ բարեկեցությունը չէ, կամ քաղաքացու ազատությունն իր այլասիրական, հաճախ՝ անբնական դրսեւորույթներով: Քաղաքակրթության մեջ ներառվում են այնպիսի էական բաղադրիչներ, ինչպիսիք են բարոյականությունը, հոգեւոր ու համամարդկային արժեքները, մասնավորապես՝ հանդուրժողականությունը, օտարների հանդեպ հարգանքը, սեփական՝ ազգային տեսակը պահպանելու կամքն ու պատասխանատվությունը, աշխարհում ինքնուրույն ձայնով հանդես գալու իրավունքը, մարդկության ձեռքբերումները բազմապատկելու նպատակադրվածությունը եւ այլն: Եվ ամենեւին կարեւոր չէ, թե որտեղ կա կուտակված ավելի շատ փող ու զենք, դա քաղաքակրթական բացարձակ ցուցիչ չէ, այլ՝ ընդամենն ուժի արտահայտություն:

Եթե իսկապես արեւմտյան աշխարհն այդքան քաղաքակիրթ Է, ապա ոչ մի կերպ չես արդարացնի նրա ներկայիս պահվածքը, որ աչքի է ընկնում ատելությամբ, անհանդուրժողականությամբ, ժխտականությամբ ու ցինիզմով առ Ռուսաստանը, նրա բարեկամները եւ այլ երկրներ: (Այդ մրուրն անխուսափելիորեն նստում է նաեւ Հայաստանի վրա՝ որպես ՌԴ-ի դաշնակցի, ուստի պետք է կարողանալ խույս տալ «սեւանալուց»՝ պահպանելով դաշնակցային դերն ու կերպարը): Աշխարհի մեծ մասը վերստին գերհագեցած է թշնամանքով. մենք ականատեսն ենք քաղաքակրթական խորագույն ճգնաժամի, որ միտում ունի ճարակելու ամբողջ մոլորակը: Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Արեւմուտքի կեցվածքն ակնհայտորեն դուրս է քաղաքակրթական «ծիսակարգից». նա պետք է աչքի ընկներ ոչ թե ուկրաինամետ հախուռն-միակողմանի, հիստերիկ, կրակն առավել բորբոքելուն միտված քայլերով, այլ պարտավոր էր ստանձնել հաշտարարի, բարի ու արդար միջնորդի դեր: Արեւմուտքը մեծ սխալ է գործում՝ զինելով Ուկրաինային ընդդեմ ՌԴ-ի, այդպիսով տեղիք տալով նոր արնահեղության ու ավերածությունների: Նրա մյուս խոշոր սխալն այն է, որ այսօր Ուկրաինային, վաղն այլ երկրների՝ Ռուսաստանի դեմ լարելով ու զոհաբերելով, ռուսական աշխարհը, միեւնույն է, ծնկի չի բերելու, ինչը տենչում է վաղուց: Ռուսաստանը հին ու հզոր երկիր է, քաղաքակրթական իր ուրույն դիմագծով, ազգային տիպով ու ավանդական արժեքներով: Ռուսները բազմիցս են բախվել արեւմտյան աշխարհի անբարեհաճ ու ժխտական կեցվածքին, արժանացել նրա ռազմական հարվածներին, եւ գրեթե միշտ փորձությունից դուրս են եկել ավելի ուժեղ ու համախմբված, այդու՝ առավել են զտվել ու ամրապնդվել: 

Ուկրաինայում Ռուսաստանի ձեռնարկած ռազմական գործողությունները պաշտպանելու կամ դատապարտելու միտք չունեմ, սակայն որպես դիտորդ՝ ինձ համար ակներեւ է, որ ռուսները գործում են իրենց պետական-ազգային շահերը պաշտպանելու սկզբունքով եւ հակված չեն հիմնախնդիրն «արտահանելու» եւ միջազգայնացնելու: Նրանցից արժե սովորել, թե ինչպես պետք է, աշխարհի դեմ հակադրվելու գնով անգամ, ապահովել հայրենակիցների անվտանգությունն ու տեր կանգնել ազգամիավորման ձգտումներին (վարպետության իսկական դաս հայկական ներկայիս վայ իշխանությունների համար): Իմ տպավորությամբ՝ այժմ պաշտպանության կարիք առավել շատ ունի Ռուսաստանը, քան Ուկրաինան. աշխարհի կեսից ավելին համախմբվել ու ՌԴ-ին ծվատել է կամենում. դա անչափ տգեղ ու մերժելի երեւույթ է: Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին ընդհանուր լեզու են գտնելու մոտ ապագայում՝ որպես եղբայրական ազգեր (դժբախտաբար, կռվում են նաեւ եղբայրները), բայց երկար ժամանակ զգացնել են տալու հակառուսական նախահարձակության ու թշնամանքի հետեւանքները: 

Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար պետք է  առարկայորեն ճանաչել այդ երկիրն ու ժողովրդին, հագուրդ չտալ հին ու սնանկ մտայնությանն ու կարծրատիպերին: Բազմաթիվ խորաթափանց օտարերկրացիներ ճշմարտացիորեն են դիտարկել ռուսաստանյան իրողությունները եւ համարժեք արձանագրումներ արել: Օրինակ, Գերմանիայի «երկաթե կանցլեր» Օտտո ֆոն Բիսմարկը, ով քաջածանոթ էր ռուսական պատմությանը, ժամանակին զգուշացրել էր արկածախնդիրներին. «Երբեք մի՜ պատերազմեք Ռուսաստանի դեմ: Ձեր բոլոր ռազմական խորամանկություններին նրանք կպատասխանեն անկանխատեսելի հիմարությամբ, որի պատճառով ձեր ծրագրերը կձախողվեն... Ռուսասատանը կկորցնի իր հզորությունը միայն մի դեպքում, երբ նրանից անջատեն Ուկրաինան, հակադրեն և միմյանց դեմ տրամադրեն միևնույն ազգի երկու ժողովուրդներին և դրդեն եղբորը սպանել եղբորը: Իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար: Անհրաժեշտ է միայն օգտվել դարերի ընթացքում անընդմեջ կիրառվող քաղաքականությունից` ազգային վերնախավի շրջանակներում գտնել և դաստիարակել դավաճաններ` նրանց օգնությամբ փոխելով ուկրաինական ժողովրդի ենթագիտակցությունն այն աստիճանի, որ նա սկսի ատել ամենն, ինչ ռուսական է, նույնիկ` սեփական ազգությունը: Մնացածը ժամանակի հարց է»: Բայց ամենքից լավ ռուսներն իրե՜նք գիտեն սեփական ազգային ինքնատիպության ու ոգու ուժի եւ աշխարհի հետ հարաբերվելու իրենց տեսլականի նրբությունները: Նրանք մշտապես ապավինել են հայրենի մեծերի խոսքին ու պայծառատեսությանը, որ բացահայտում են ռուսական գոյի առեղծվածները: Պուշկինի, Դոստոեւսկու, Տոլստոյի, Բունինի եւ այլոց ասացումները ռուսական թեմայով շարունակում են արդիական մնալ նաեւ այսօր: Եվ ծնվում են նորանոր խոհածություններ՝ համեմված սրատեսությամբ, ազնվությամբ ու ցավով: Սահմանափակվենք երկու անդրադարձով՝ արդի ու դասական «գործիքավորմամբ»:

Անցած տարի «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնը հրատարակել է ռուս ժամանակակից երեւելի արձակագիրներից մեկի՝ Ալեքսեյ Վառլամովի «Մտագայլը» վեպը՝ Ներսես Աթաբեկյանի հիանալի թարգմանությամբ: Հեղինակը հարուստ նրբագծերով ներկայացնում է ռուսական իրականությունը 1914-1918թթ. միջակայքում: Գրքի հերոսները ռուսաբար, ճակատագրական կրքով վիճում ու փիլիսոփայում են ռուս մարդու բնության, երկրի ներկայի ու ապագայի եւ… մտագայլի՝ ահարկու ու սքանչելի գազանի մասին, որ խուժել է Ռուսաստան ու դարձել նրա աղետների պատճառը: Վեպի հերոսներից մեկն այսպես է տեսաբանում. ՙՈչ ոք՝ ո՜չ գերմանացիները, ո՜չ անգլիացիները, ո՜չ թուրքերը, ո՜չ, այսպես կոչված, եղբայր սլավոնները, ո՜չ չինացիները, ո՜չ ճապոնացիները, ո՜չ պարսիկները, ո՜չ արաբները, ո՜չ շվեդները, ո՜չ ամերիկացիները, ո՜չ հրեաները, ո՜չ լեհերը, ոչ մեկը մեր պատմական դաշնակիցը չէ: Բնությունն այնպես է վճռել, որ մեզ մոտ, մեր հողի վրա կա ամեն ինչ, որ կարողանանք մենակ, անկախ ապրել… Ռուս մարդը որքան տաղանդավոր, նույնքան էլ ծույլ է… Ռուսները լոկ այն ժամանակ են սկսում հոգալ իրենց մասին, երբ ուրիշ ելք չի մնում, երբ հասնում են անդունդի եզրին: Մենք աղետավոր գիտակցության ու կենսակերպի ազգ ենք, դրա համար էլ ես ոչ միայն չեմ պատրաստվում պայքարել այս աղետի դեմ, այլև կանչում, արագացնում և օրհնում եմ աղետը: Աղետը կհամախմբի մեզ, ի հայտ կբերի մեր լավագույն որակները, իսկ անդորրը թուլացնում է, նվաստացնում, ինչից և օգտվում են մեր թշնամիները… Իսկ եթե հանկարծ պատերա՞զմ սկսվի… Այսօրվա պայմաններում ով ասես կարող է շանտաժի ենթարկել մեզ ու ստիպել, որ օտար շահեր պաշտպանենք: Գուցե և դուք թքած ունեք դրա վրա, բայց ես՝ ոչ: Ես, ի տարբերություն ձեզ, Եվրոպա չեմ փախչի: Ես փախչելու տեղ չունեմ… Այ դուք նոր ասում էիք՝ օտարման շերտը փրկել է հրեաներին: Մենք էլ պիտի այդպես անենք, անցնել այդպիսի շերտի ետևը, որ փրկենք մեզ ու ոչ մեկին ներս չթողնենք:

Հաջորդ անդրադարձը պուշկինյան կնիքով է: Կից ներկայացնում ենք ռուս հանճարի բանաստեղծություններից մեկը, որ մինչ օրս հայերեն ամբողջական թարգմանության չի արժանացել: Ազգային-քաղաքական բովանդակությամբ այդ ստեղծագործությունը գրվել է 1830 թվականին, եւ դարձյալ այժմեական է, ունի իմացական կարեւոր արժեք: Թարգմանությունը, մեր խնդրանքով, օրեր առաջ հաջողությամբ կատարել է բանաստեղծ եւ թարգմանիչ Ներսես Աթաբեկյանը: 

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս

Ալեքսանդր ՊՈՒՇԿԻՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ  ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԻՆ

Ի՞նչ եք աղմկում, ժիր ճարտասաննե՜ր,
Եվ նզովք կարդում մեր երկրին ու մեզ:
Ձեզ ի՞նչն է հուզել: Խռովյալ Լիտվա՞ն:
Սլավոնների մեր վեճն է նախկին,
Ընտանեկա՛ն՝ բախտի կշեռքին,
Մի հարց, որը դուք չե՜ք լուծի հաստատ:

Թշնամությունը վաղուց են պահել
Ժողովուրդներն այդ անհաշտ-միասին,
Քանի՛ անգամ է ամպրոպը ահեղ
Զարկել թե մեկին ու թե մյուսին:
Ո՞վ կհաղթի այս պայքարում անվերջ՝
Ռո՞սն հավատարիմ, լյա՞խն ամբարտավան,
Սլավոնական գետերը Ռուսիո մեծ ծով կդառնա՞ն,
Թե՞ կցամաքեն. սա է հարցը մեծ:

Հանգիստ թողեք մեզ. դուք չեք կարդացել
Այդ մատյանները արյունաթաթախ,
Դուք չեք հասկանա և օտար է ձեզ
Թշնամությունը մեր ընտանեկան:
Համր են ձեզ համար Կրեմլն ու Պրագան:
Դյութում է, սակայն միշտ անհաս է ձեզ 
Անձնուրաց կռվի փառքը մարտական,- 
Եվ ատու՛մ եք մեզ…

Բայց ինչի՞ համար: Պատասխան տվեք:
Նրա համա՞ր, որ այրվող Մոսկվայում
Մերժեցինք լկտի կամքը նրա, ում
Լծի տակ էիք վախվորած դողում:
Նրա համա՞ր, որ անդունդ նետեցինք
Կուռքը՝ ծանրացած արքունիքներին,
Եվ մեր արյունով փրկագնեցինք
Ազատությունը ձեր Եվրոպայի:

Խոսքով եք ահեղ - փորձեցեք գործո՜վ:
Թե՞ կարծում եք մեր ծերունի հսկան
Իզմայիլյան իր սվինն հաղթական
Նորից չի՞ խրի, կամ թե անզո՞ր են
Ռուսական ցարի խոսքն ու կամքն արթուն:
Եվրոպայի հետ մեր վեճը նո՞ր է:
Ռո՞ւսն է մոռացել՝ ինչպես են հաղթում:
Կամ թե քի՞չ ենք մենք: Պերմից Տավրիդա,
Ֆիննական սառը ժայռերից մինչև Կոլխիդան հրատ, 
Կրեմլից մինչև հաստատուն-հանդարտ
Չինաստանի մեծ պարիսպն այս անգամ 
Ծառս չի՞ լինելու պողպատազրահ,
Ծառս չի՞ լինելու հողը ռուսական…
Ուրեմն թող գան, ժիր ճարտասաննե՜ր,
Ուղարկեք, թող գան ձեր որդիք նենգոտ,
Այնքա՛ն տեղ ունենք դեռ դաշտերում մեր՝
Իրենց քաջ ծանոթ շիրիմներին մոտ: 

Թարգմանությունը՝ Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆԻ