Քաղաքական հոգեհայրը օգնության է հասնում իր քաղաքական հոգեզավակին

Քաղաքական հոգեհայրը օգնության է հասնում իր քաղաքական հոգեզավակին

Ժամանակին Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու համոզման պատճառով իշխանությունից միանգամայն իրավացիորեն և բարեբախտաբար անդառնալիորեն հեռացված Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ նույն համոզմանը: Օրերս էլ վերջինս հանդես է եկել այդ համոզմունքը «հիմնավորող», կամ այդ համոզմունքը իրականություն դարձնել փորձող իր քաղաքական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու դիրքերից՝ մասնավորապես հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում, և ով էլ լինի Նիկոլ Փաշինյանի փոխարեն, հլու-հնազանդ ընդունելու է այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին:     

Հառաջացած տարիքում էլ այս մարդը, փաստորեն, դեռ չի մարսել Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու համոզման պատճառով իշխանությունից հեռացվելու փաստը:
1981թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ ԽՍՀՄ ՊԱԿ-ի հատուկ ռեզերվում հաշվառված Լևոն Տեր-Պետրոսյանը, իրերի, հանգամանքների բերումով, դժբախտաբար, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, հասցրել է այդ ընթացքում հանդես գալ մի շարք հակահայկական հայտարարություններով, ահավասիկ դրանցից մի քանիսը.
«Մեր ուժը մեր թուլության մեջ է»: 
«Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны, ведь при этом Карабах остается в составе Азербайджана, территориальная целостьность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнедеятельность. Вот наша позиция. Мы готовы ее обсуждать на любом уровне» - 5 մարտի 1992թ., «Комсомольская правда» թերթ:

Քանի որ վերոնշյալ մեջբերումներն ավելի քան ցցուն ձևով վկայում են Լևոն Տեր-Պետրոսյանի հակաարցախյան մոտեցումների մասին, այդ պատճառով ձեռնպահ կմնամ հանգամանորեն ներկայացնելու ադրբեջանաարցախյան հակամարտության վերաբերյալ նրա պատկերացումները:

Ընդամենը հարկ եմ համարում ընդգծել, որ նորագույն շրջանի համաշխարհային պատմությունը չի հիշում որևէ երկրի ղեկավարի, թեկուզև նախկին, ով իր հայրենակիցներին ամեն հարմար ու անհարմար առիթներով եռանդուն կերպով համոզի, հորդորի, որ իրավունքի ուժով ու պատմականորեն իրենց պատկանող և արյամբ ազատագրված տարածքները զիջեն թշնամուն: Այս հարցում Լևոն Տեր-Պետրոսյանը հավասարը չունի, որին կրնկակոխ հաջորդում է իր քաղաքական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը:

Եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն լինի սիստեմատիկ կրթություն, գիտելիքներ, պետական կառավարման ոլորտի մեծ փորձառություն ունեցող, հայկական զույգ հանրապետությունների ազգային-պետական շահերը սպասարկելու դիրքերից հանդես եկող, ադրբեջանաարցախյան հակամարտության ծագման և կարգավորման ուղիների վերաբերյալ հստակ ու հայանպաստ պատկերացումներ ունեցող, բարձր կամային որակներով օժտված Հայաստանի Հանրապետության ղեկավար, ապա Հայաստանի վզին ոչ ոք չի կարող ոչինչ փաթաթել:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ կարող եմ պնդել հետևյալը՝ 

1. Լևոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան տանդեմի մոտեցումները կատարելապես հակասում են հայկական զույգ պետությունների ազգային-պետական շահերին: 

2. Լևոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան տանդեմի մոտեցումները կամ դիտավորության, այն է՝ թշնամական կողմի հետ ուղղակի կամ անուղղակի ձևով պայմանավորվածության արդյունք են, կամ՝ չիմացության: Թեև գրեթե անհավանական եմ համարում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը չիմանան օկուպանտ Ադրբեջանի և ցեղասպան Թուրքիայի՝ հայ ժողողվրդի հանդեպ ունեցած իրական նպատակների մասին:                           

Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող հայերի համար:

Ստեփան Հասան-Ջալալյան
քաղաքագետ