Բաց նամակ Ինգա Միքայելյանին

Բաց նամակ Ինգա Միքայելյանին

Հարգելի Ինգա, 

Հայտնի անձի «մարգարեություններին» արձագանքելով, գրել էիք. «Իսրայելը 70 տարի ստատուս քվոյով հաղթանակած ապրում է, ուղղակի միշտ բանակով անցած ղեկավարներ է ընտրում։ Իսկ մենք 2018-ին աղետալիորեն սխալվեցինք...»
Կիսելով ձեր մտահոգությունը, այդուհանդերձ, թույլ տվեք ասել, որ միայն բանակով անցած ղեկավարներով որևէ ազգ չի կարող հաջողության հասնել, եթե զերծ է ազգային արժանապատվությունից:

Հասարակական գործիչ Յակով Կեդմին (Իսրայել), «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» մայիսի 4-ի հաղորդման ժամանակ արտահայտեց իր զայրույթը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի՝ Հիտլերի հրեական ծագման մասին արտահայտության առնչությամբ : Միլիոն անգամ մեղմ է ասված՝ «զայրույթ»: Եթե այդ պահին Լավրովը ստուդիայում լիներ, ապա ձեռնամարտն անխուսափելի կլիներ: Ու որևէ նշանակություն չունի, թե նրա ասածը համապատասխանում է, արդյոք, իրականությանը: Հնարավոր է, որ այդ միջադեպը մոտ ապագայում նրա հրաժարականի պատճառ հանդիսանա, եթե…

Իսրայելի հաջողության «գաղտնիքը» ազգային գաղափարախոսությունն է և այդ համատեքստում՝ ազգային արժանապատվության բարձր գիտակցումը:

Ո՞ր հայ հասարակական կամ քաղաքական գործիչը կամ բարձրաստիճան պաշտոնյան է այդպես գրագետ ու, միևնույն ժամանակ, զգացմունքային արձագանքել հայերի, Հայաստանի հասցեին արված վիրավորական արտահայտություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ ներկայացուցիչը դադարեցրե՞լ է շփումները թուրքական կողմի հետ (Չավուշօղլուի արարքից հետո), էլ չասենք՝ ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունների, ՀՀ տարածքում գերեվարման և այլ միջադեպերի մասին: 

«Միջազգային հանրությունը» 100 տարի առաջ մշակել և հաջողությամբ իրագործում է (72 տարի սառեցված, վերջին 30 տարում՝ արագացված) հայերին տա­րա­ծաշրջանից դուրս մղման ճանապարհային քարտեզը: Գործընթացն անշերջելի դառնալու ճանապարհին է, ինչի մասին է ՀՀ-ում «միջազգային հանրության» հատուկ հանձնարարություններով դեսպանի «մարգարեությունը», որին դուք, հարգելի Ինգա, արձագանքել եք հուզախառն:
  Ինչի՞ մասին է վկայում այս ամենը: ՀՀ բնակչության նշանակալի մասի մոտ (առնվազն 1.5 միլիոնի) ազգային արժանապատվության իսպառ բացակայության մասին: Բայց մի՞թե այն չի եղել երբևէ: Եղել է, բայց վաճառվել է «30 արծաթով»:  Ինչպես ասում են՝ վաճառված իրերը վերադարձնել հնարավոր չէ:

Մարգարեի հետևյալ խորհրդին հետևելու անհրաժեշտություն այլևս չկա. «Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից»: Այս նախադասության մեջ հիմնաբառը «ստիպելն է»: Մնացածը դեմագոգիա է, մտավարժանք: Ստիպել բոլորին, բացի իրենից: 
Բայց դուք մի վշտացեք, հարգելի Ինգա: Ձեր հրաշք աղջնակներին պատմեք ոգևորող պատմություններ, օրինակ՝ «Առյուծաձև Մհերի» գալուստի մասին:

Հարգանքով՝
Գագիկ Վարդանյան  
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր