Մեկ մարդը միայն ինքն է

Մեկ մարդը միայն ինքն է

Մայիսի 4-ը «Ազգային ժողով-ՀՀ կառավարություն» ձեւաչափով հերթական հարցուպատասխանի օրն էր: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն էլ, սովորականի նման, ժամանելու էր ԱԺ: Եվ այդ պատճառով էլ որքան ոստիկան ու այդ թվում՝ ոստիկանության զորքերի զինվորական կա երկրում, լցված էր Դեմիրճյան եւ Բաղրամյան փողոցների անկյունային մի փոքր հատվածում: Ի դեպ, ներքին զորքերի խնդիրները, ըստ համապատասխան օրենքի 2-րդ հոդվածի, 4-ն են: Եվ ըստ այդ չորսից 2-րդի՝ ներքին զորքերի խնդիրը «հատուկ եւ կարեւորագույն օբյեկտներ ու հատուկ բեռներ պահպանելն» է: Ճիշտն ասած, չեմ կողմնորոշվում, թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը «հատուկ եւ կարեւորագույն օբյե՞կտ» է, թե՞ «հատուկ բեռ»: Ինչը, ընդունեք, խիստ կարեւոր պահ է. չիմանա՞նք՝ երբեմնի «փրկիչը», ի վերջո, օբյե՞կտ է, թե՞ բեռ: Այլապես անհասկանալի է ներքին զորքերի զինվորների ներկայությունն այդտեղ:

Իսկ եթե մենք, այնուամենայնիվ, վերը նշված անձին դիտարկում ենք որպես մահկանացու, ապա մահկանացուների առումով խոսվում է նույն հոդվածի հաջորդ կետում այսպիսի շեշտադրմամբ. «ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալներին եւ կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելը»: Ինձ համար, անկեղծ ասած, ավելի ընդունելի կլիներ, եթե խոսք գնար հենց այս սահմանման ոգով: Որովհետեւ ով էլ լինի եւ ինչ էլ լինի, միեւնույն է՝ մարդ իրեն ավելի լավ կզգա, եթե իրեն մարդու տեղ դնեն եւ ոչ թե օբյեկտի կամ բեռի: Որքան էլ օբյեկտը «հատուկ եւ կարեւորագույն» լինի, իսկ բեռն էլ՝ զուտ «հատուկ»: Բայց դե, ես չեմ կարող վերջինիս փոխարեն որոշել՝ ինքն իրեն որ «դերակատարման» դեպքում ավելի կոմֆորտ վիճակում կզգար: Իսկ ինքը սիրում էր հենց կոմֆորտ վիճակում լինելը. հիշենք կառավարական «դաչայում» կեսօրվա պահին, գինու շիշը կողքին, ծառի ստվերում ննջելը:

Ինչեւէ, առանց վերջնական պարզաբանման, որովհետեւ դրա ժամանակը դեռեւս չի եկել՝ այն դեռ կգա, անցնենք մեր «օխչարներին»՝ ինչպես ժողովուրդն է սիրում ասել: Ուրեմն, հերթական հարցուպատասխանին մասնակցելու նպատակով, հերթական չորեքշաբթի օրը Ազգային ժողով պետք է ժամաներ ՀՀ վարչապետ Փաշինյան Նիկոլը: Եվ այդ պատճառով էլ ձեռք էին առնվել անվտանգային աննախադեպ միջոցառումներ: Մոտավորապես այնպիսին, ինչպիսին մենք տեսել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի այցելության օրերին (այդպես էին, չէ՞, դիմում Պուտինին նախկինները եւ, իհարկե՝ նաեւ Նիկոլը): Որքան հիշում եմ, ԱՄՆ նախագահի այցելություն չենք ունեցել, թեեւ, եթե նման բան լիներ, ապա պակաս անվտանգային չէր լինի: Մի խոսքով, արքայական շքախմբի ողջ համալրմամբ՝ մահակներով ու վահաններով զինված ոստիկաններ, ենթադրաբար՝ շրջապատում կայանված ավտոբուսներում սպասման վիճակում գտնվող ավտոմատավոր զինվորներ, իսկ Ազգային ժողովի շենքին էլ՝ դիպուկահարներ:

Երբ դիտում էի (իրականում կամ մտովի) հայաստանյան «ժողովրդավարությանը» ներհատուկ այդ պատկերը, մտածում էի, որ թե՛ քաղաքացիական ոստիկանները եւ թե՛ ոստիկանության զորքերի զինվորները երեւի ամաչում էին, որ իրենց բերել են այդտեղ «հատուկ եւ կարեւորագույն» օբյեկտ կամ էլ զուտ «հատուկ» բեռ պահպանելու նպատակով: Երեւի դրանցից շատերը 4 տարի առաջ ողջունել են «ազգափրկիչ» Նիկոլի կողմից փողոցներ չափչփելը: Կամ էլ, երեւի, երեխա հալով, ակտիվորեն մասնակցել են դրան: Որովհետեւ այն ժամանակ նրանց ասվում էր, որ իրենք Սերժ են մերժում, որպեսզի որպես մահկանացու՝ բոլորն իրար հավասար լինեն: Ու, ինչն ավելի կարեւոր էր մեր հասարակության մեծամասնության համար, բոլորն իրար հավասար լինեին սոցիալապես: Եվ հարուստ ու աղքատ լինելն էլ անցներ պատմության գիրկը: Բայց այսօր իրենց ծառայության բերումով են տեսնում, որ ընդամենը մեկ մարդու անվտանգության համար այդպիսի աննախադեպ միջոցառումներ են կազմակերպվում: Իսկ հետո էլ (կամ էլ առաջ՝ դա էական չէ) իմանում են, որ վարչապետի ավտոշարասյունը հղի կին է գցել մեքենայի տակ ու սպանել: Ու կարծես ոչինչ չի եղել՝ շարունակել է իր ճանապարհը: Ահա, այդպիսի երկրում ապրելու համար էին նրանք 4 տարի առաջ շրջափակում հանրապետության ճանապարհներն ու բնակավայրերի փողոցները: