Ծափահարողների մասին

Ծափահարողների մասին

Կապիկների մի տեսակ կա, անունը չեմ հիշում, որ ծափահարում է՝ հետաքրքիր բան տեսնելիս: Կապիկին ամեն ինչ հետաքրքիր է, իհարկե, բայց հետաքրքիր բան տեսնելիս ծափահարում են հատկապես իմ նշած կապկատեսակի առանձնյակները: Վերջիններս ապրում են ծառերի վրա, իսկ եթե մոտակայքում նաեւ ժայռեր կան՝ դրանց անձավներում: Հոտը մեկ առաջնորդ ունի, որ բնակվում է համեմատաբար առանձին, ամենալավ քարայրում կամ ծառի ամենահարմար ճյուղի վրա: Սովորաբար հենց նա է առաջինը նկատում հետաքրքիր բանը եւ սկսում ծափահարել: Բայց հետազոտողների կողմից արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ, տեսնելով, որ առաջնորդը չի կողմնորոշվում ինչ անել ստեղծված իրադրության մեջ, հոտի շարքային անդամներն են սկսում ծափահարել ու անկապ հաչոցներ արձակել, մինչեւ առաջնորդը միանա համընդհանուր իրարանցմանը: Հա, հիշեցի, Հայաստանում այս կապկատեսակն այդպես էլ կոչվում է՝ ծափտվան կապիկ: Ավելի հետաքրքիր է այդ կապկատեսակի հնդկերեն անվանումը՝ շախտվան կապիկ: Խնդիրն ընկալման մեջ է: Հնդիկների մոտ կովից հետո ամենասուրբ կենդանին կապիկն է, եւ հնդիկները հարգանքով են վերաբերվում կապիկների սովորություններին:

Ըստ նրանց հավատալիքների՝ ծափահարող կապիկներն այդկերպ շախ են տալիս իրենց առաջնորդին, դրդում հերոսությունների եւ անձնազոհության: Ըստ հնդկական ավանդույթի՝ այդ կապկատեսակի առաջնորդներից մեկն իր ցեղակիցների շախից այնպես է ոգեւորվել, որ քիչ է մնացել հարձակվի առյուծների փրայդի վրա: Մյուսները հասցրել են բռնել, բայց կարեւորը հո դա չէ՞ր: Լավ, շատ երկարացրի, անցնեմ թերեւս մեր ոչխարներին:

Մի անգամ ՀՀ ԱԺ-ում, երբ քաղաքական մեծամասնությունը տեսավ դահլիճը երկար ժամանակով լքած ընդդիմադիրներին, սկսեց ծափահարել: Առաջնորդը, որ եկել էր իր ցեղատեսակի հարցերին պատասխանելու, այդ պահին դանթում էր տեղում եւ մի փոքր ուշացումով հասկացավ, թե ինչ է կատարվում դահլիճում: Բայց նա չհասցրեց միանալ ծափահարություններին, որովհետեւ ընդդիմադիրներն առաջինը հենց իրեն հրավիրեցին ամբիոնի մոտ, որպեսզի հրաժարականի հանրային պահանջը ներկայացնեն: Ի՞նչ իմանային ընդդիմադիրները, որ նման բան անել առաջնորդի հետ ուղղակի չէր կարելի: Մնացածը մենք տեսանք հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ տեղի ունեցածն առանց խմբագրման ներկայացնող տեսանյութերով: Առաջնորդը, ուրեմն, բարձրացավ ամբիոն, մի քանի անգամ հետույքը քորեց, ձեռքն ականջին ու գլխին տարավ, որ հեսա խոսելու է: Բայց, փոխանակ խոսել սկսելու, մի հատ էլ բխկաց, ինչն արձանագրված է շատ տեսախցիկներով: Նա հազիվ բարբառեց՝ հեսա բացահայտում եմ անելու… Այդ պահին նրան լսելու չեկած ընդդիմադիրները վեր կացան տեղից, որ գնան:

Առաջնորդի լեզուն բացվեց: Հաա՛, չեն ուզում լսել, հենց բացահայտման անուն տվեցի, փախաաաան… Ընդդիմադիրները «փախչել» բառի վրա կանգ առան ու որոշեցին բացատրություն պահանջել մեծամասնության առաջնորդից հենց այն ամբիոնի մոտ, որի վրա թառած էր առաջնորդը: Դողն ընկավ ջանը: Դա առաջինը նկատեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, որն արագ թռավ տեղից ու սկսեց եռանդուն ծափահարել ու ձեռքի հետ էլ դիրիժորություն անել ընդդիմության կողմը, թե արագ դուրս եկեք, արագ, մեր առաջնորդին ավելի մի գրգռեք: Թվում էր՝ իրավիճակը մոտ է հանգուցալուծման, բայց մեկ էլ ակտիվացան դահլիճի շարքային ուսապարկերը: Ալեն Սիմոնյանի օրինակով թռան տեղներից եւ ընդդիմությունից պատշաճ հեռավորության վրա սկսեցին ծափահարել ու վանկարկել՝ Հայաստան, Հայաստան… Ո՞վ կար այնտեղ… Հա, Գռզոն: Նա նույնպես «Հայաստան» էր վանկարկում, թեեւ այդ պահին ԱԺ դահլիճում գտնվողներն ու ողջ հասարակությունը քաջատեղյակ էին, որ նրա միակ աստվածը դոլարն է: Քոչարյան Անդոն էլ էր վանկարկում՝ թերեւս հիշելով այն տարիները, թե իր համար ինչ կթու կով է եղել Հայաստանը: Մի խոսքով՝ մեծամասնությունից ում ճանաչում եք, ծափահարում էին:

Ինչո՞ւ պատմեցի այս ամենը: Բանն այն է, որ ԱԺ-ի այդ օրվա անցուդարձն իմ մեջ մի քանի հակասական հարցեր է առաջացրել, որոնցից մեկի մասին կուզենայի խոսել ստորեւ: Անգլիացի մի հետազոտող գրել է, որ շախտվան կապիկները մի սովորություն ունեն, որ առաջնորդի սատկելու կամ գլխին մի անհաղթահարելի փորձանք բերելու դեպքում նախ սկսում են մխիթարել նրա այրուն: Այդ պրոցեսն ուղեկցվում է անասելի աղմուկ-ճչոցներով եւ կարող է տեւել այնքան ժամանակ, քանի դեռ հոտը մի հետաքրքիր բան չի տեսել: Հենց մի հետաքրքիր բան են տեսնում, մոռանում են առաջնորդին էլ, նրա այրուն էլ ու սկսում են ծափահարել: Եվ հենց այդ ծափահարությունների ժամանակ էլ նկատում են, որ առաջնորդ չունեն: Այդտեղ ամենատարեց շախտվանն առաջարկում է առաջնորդ ընտրել… Եվ ընտրում են:

Նորից գալով մեր ԱԺ-ին՝ նշենք, որ ՔՊ-ն կանգնած է իր դե յուրե առաջնորդին դե ֆակտո կորցնելու փաստի առջեւ: Փողոցում լիքը ցուցարար կա, եւ թարսի պես նրանցից ոչ մեկը չի պահանջում, որ ՔՊ-ի ձախավեր առաջնորդը շարունակի առաջնորդել քաղաքական մեծամասնությանը: Ուսապարկերն անակնկալի են եկել, բայց դեռ այնքան ադեկվատ չեն՝ հասկանալու համար, որ առաջնորդը պետք է գնա, քանի որ ք..-ի համը լրիվ հանել է եւ փողոցում ռեսուրս չունի այլեւս: Առաջնորդը, ահա՝ սաղ-սալամաթ, ամբիոնի վրա է, բառեր է ասում, օրինակ՝ կեցցե հայկական ժողովրդավարությունը… Ուսապարկերն ի՞նչ իմանան, որ նա իր գլխին մի այնպիսի անհաղթահարելի փորձանք է բերել, որից հետո առաջնորդները, սովորաբար, հեռանում են:

Ուսապարկերը չեն հասկանում, բայց ես էլ հո հասկանում եմ: Եվ ահա իմ մեջ հարց է առաջանում՝ ո՞ւմ կընտրեն ուսապարկերն այս առաջնորդին կորցնելուց հետո, ո՞վ կարող է առաջնորդել քաղաքական մեծամասնությանը, երբ սույնը հեռանա: Ալեն Սիմոնյանը կարո՞ղ է: Գռզոն, Անդո Քոչարյանը, Հովիկը Աղազարյան, Լուլուն… Իսկ գուցե Վահագներից մեկը՝ Ալեքսանյանը կամ Հովակիմյա՞նը կկարողանան: Այս հարցի պատասխանը ես չունեմ, թեեւ ամենահավանական տարբերակն այն է, որ սույն քաղաքական մեծամասնությունը քաղաքական դաշտում է հայտնվել առաջին ու վերջին առաջնորդ ունենալու պայմանով: Այդպես էլ կոչվում է՝ պայմանագիր: Իսկ պայմանագրերը, սովորաբար, ուժը կորցնում են կողմերից մեկի մահվան կամ աշխատունակության կորստի պատճառով:

Ինչպես կասեր Դյուման՝ մնում է ապրել եւ հուսալ: