Մարդիկ խուսափում են անկլավների թեմայից խոսել․ Տիգրանաշենի համայնքապետ

Մարդիկ խուսափում են անկլավների թեմայից խոսել․ Տիգրանաշենի համայնքապետ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառակուսի կմ տարածքով՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը, մտավախություն առաջացավ նաև, այսպես կոչված, անկլավների մասով։ Հատկապես որ ադրբեջանական կողմը պարբերաբար իր հայտարարություններում շեշտում է, որ Հայաստանի «տիրապետության» տակ են գտնվում, այսպես կոչված, ադրբեջանական ութ անկլավներ։ Այդ «անկլավներից» մեկն էլ Տիգրանաշենն է, որն ադրբեջանցիների ապրած շրջանում հայտնի էր Քյարքի անվամբ։ Տիգրանաշենը Պարույր Սևակ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկն է և այն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար՝ այն կապող կետ է Արարատի մարզի և Վայոց Ձորի մարզերի միջև։ Տիգրանաշենի հանձնմամբ մեր միջպետական ճանապարհն է վտանգվելու եւ Արարատը Վայոց Ձորին կապող հատվածում նոր խնդիրներ են առաջանալու:

Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Տիգրանաշենի բնակիչներն իրենց առօրյա հոգսերով են զբաղված՝ որևէ արտառոց բան չկա։ «Ամեն մեկն իր գործով է զբաղված՝ մեկն անապասնապահությամբ, մյուսը գյուղատնտեսությամբ է զբաղված»,-ասաց Ստեփանյանը։

Համայնքի ղեկավարը նշում է, որ գյուղում խնդիրներ շատ կան՝ հատկապես ասֆալտապատման կարիք ունեն, չնայած որոշակի աշխատանքներ կատարվում են՝ ամբողջական լուսավորությունն են արել՝ զրոյից նորոգել, անցել են լեդ լուսավորման։ Փոքր խնդիրներ են մնացել, որոնք կլուծվեն։ Խնդիր ունեն նաև ոռոգման ջրի հետ կապված, այդ մասով դեռևս աշխատանքներ պետք է տարվեն՝ Տիգրանաշեն ոռոգման ջուր հասցնելու համար, ինչը սակայն ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում։ 

«Խմելու ջրով ապահովել ենք բնակավայրը շուրջօրյա։ Իսկ ոռոգման ջրի հետ կապված այլ խնդիրներ կան, մեր համայնքի ոռոգման ջրի հարցը լուծելը միայն մեզանից կախված չէ, հարևան համայնքից պիտի բերենք, ինչը մեծ ծախսերի հետ է կապված, բայց հույս ունենք, որ այս տարի դա էլ կսկսենք»,-ասաց Պարույր Սևակի ղեկավարը։

Հարցին, թե Տիգրանաշենի բնակիչներն ի՞նչ են մտածում Տիգրանաշենը հանձնելու մասին պտտվող լուրերի վերաբերյալ, ինչ քննարկումներ են ունենում, Լյուդվիգ Ստեփանյանն ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո այդ լուրից գյուղի բնակիչները արդեն հոգնել են։

«Մարդիկ ամեն մեկն իր առօրյայով, իր աշխատանքով է զբաղված։ Շատ խոսվեց այդ թեմայով, ոնց որ թե մարդկանց համար էլ է ծանր դարձել այդ թեման։ Հիմնականում նման խոսակցություններից խուսափում են, նույնիսկ իրար մեջ չեն քննարկում, մարդկանց անհանգստացնում են ու ինձ թվում է` բոլորին էլ կանհնագստացնի նման թեման, բայց դե այդ թեմայի պատասխանները մեզ մոտ չեն»,-ասաց Ստեփանյանը։

Գյուղից հեռացողներ չկան՝ հակառակը երկու բազմազավակ ընտանիք են գյուղում հաստատվել․ «Աշխատանք ենք տվել, բնակեցրել»,-ասաց Ստեփանյանը։

Արցախից բռնի տեղահանվածների նույնպես հյուրընկալել են Տիգրանաշենում, եկել են, գնացել՝ մոտ 30 հոգի՝ վեց ընտանիք եկել է, հետո այլ հաստատման վայր են գտել ու հեռացել։ Այս պահին բնակավայրում արցախցիներից երեք ընտանիք է մնացել՝ մոտ 16 հոգի։

Տիգրանաշենի բնակիչներն իրենց ապրուստը հիմնականում վաստակում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ։ Հիմնականը անասնապահությունն է, ոմանք խաղողի մշակմամբ են զբաղվում, դե իսկ հայրենի գյուղը լքելու մասին չեն էլ մտածում՝ վստահեցնում է Պարույր Սևակի համայնքապետ Լյուդվիգ Ստեփանյանը։