Ոռոգման ջրի խնդիրը մարզերում շարունակվում է

Ոռոգման ջրի խնդիրը մարզերում շարունակվում է


«Այս պահին մեզ խանգարում է միայն Սևանի խնդիրը, այլ խնդիր չունենք»,- այս մասին «Հրապարակի« հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է համայնքում ոռոգման ջրի վիճակը, ասաց Ալափարսի վարչական ղեկավար Արտակ Սարիբեկյանը․
«Մեր ջանքերի շնորհիվ որոշակի չափով կարողանում ենք ոռոգման ջրի հարցը լուծել։ Գիշերային ժամերին Սևանից կտրում են ջուրը, առավոտ նորից լինում է։ Ժամը երկուսից հետո ջուրը կտրվում է, առավոտյան 06։30 նորից լինում է։ Այս հաճախականությամբ ջուր տրամադրելը մի քիչ պակասություն է անում գյուղացիներին։ Եթե գիշերը ջուր լինի, կարծում եմ՝ խնդիր առհասարակ չենք ունենա»,- հավելեց նա։ 

Վերջին շրջանում մարզերում ոռոգման ջրի խնդրի կա, այդ պատճառով բազմիցս ճանապարհներ են փակվել։ Գյուղացիները նշում են, որ ջրի խնդրի պատճառով չեն կարողանում ջրել իրենց այգիները։ Կոտայքի մարզի Ալափարս համայնքի բնակիչները վերջերս ևս ճանապարհ էինք փակել։ Բողոքի ակցիա էր իրականացվում Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհին։

Մեր  հարցին, թե դիմե՞լ են որևէ մեկին գիշերային ժամերին ջուր տրամադրելու խնդրով, վարչական ղեկավարը պատասխանեց․ «Ոչ, ոչ մեկի չենք դիմել։ Ասում են՝ կառավարության որոշան հարց է։  Մենք էլ ենք մտածում, որ այո, Սևանը պետք է պահպանենք, այն բոլորիս համար մեծ նշանակություն ունի։ Ոչ ոք մեզ չի կարողանում հստակ պատասխանել այս մասով։ Մարդ չգիտենք, որ կարող ենք դիմել և հստակ պատասխան ստանալ»։
Արագածոտնի մարզի Զովասար համայնքի ղեկավար Կիրակոս Պողոսյանն էլ նշում է, որ գրեթե ոռոգան ցանց չունեն․ «Մենք գրեթե ոռոգման ցանց չունենք։ Ունենք, բայց պարզ է, որ դա շատ քիչ է։ Գյուղացիներին չի բավականացնում։ Մի քանի անգամ դիմել ենք մարզպետարան։ Մենք Սևանի հետ չենք առնչվում, շատ հեռու ենք, հետևաբար խնդիրը Սևանի հետ չի կարելի կապել»։

Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանի խոսքով՝ իրենք այս պահին ոռոգման ջրի մասով որևէ խնդիր չունեն․ «Այս պահին մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Միակ խնդիրը գյուղացիների վարձավճարներն են, որոնք պետք է մուծվեն։  Ստացվեց այնպես, որ կարկուտի պատճառով գյուղացիները անցանկալի վիճակում հայտնվեցին, ինչի արդյունքում հիմա վարձի մուծման հետ կապված խնդիրներ են առաջանում։ Կարծում եմ՝ կմուծեն, ամեն ինչ լավ կլինի»։
Փորձեցինք կապվել ՀՀ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի հետ, սակայն չստացվեց։