Կոչ հայ ժողովրդին և ՀՀ Կառավարությանը

Կոչ հայ ժողովրդին և ՀՀ Կառավարությանը

Երեսուն տարի առաջ Հայաստանի տնտեսության լրիվ քայքայումը սկիզբ դրեց գործազրկությանը, արտագաղթին, արտաքին կենսական կապերի ընդհատմանը եւ պետության սնանկացմանը։ Հայաստանը ձեռք բերեց անկախություն, բայց ժողովրդի մեծամասնության համար կյանքի պայմանները դարձան անտանելի։ 

Մինչ այժմ շարունակվում է այդ անհույս վիճակի խորացումը, իսկ «սովի տրամաբանության» եւ մեր ղեկավարների վարած «ճկուն» արտաքին քաղաքականության հետեւանքով մենք զրկվել ենք ռեալ արտաքին օգնությունից։

Երկու՝ միմյանց թշնամի պետությունների հետ հնարավոր չէ ունենալ նորմալ արտաքին հարաբերություններ, մանավանդ երբ նրանցից մեկի հետ կա ռազմական փոխօգնության պայմանագիր, եւ բացակայում է բարձր իդեալների վրա հենված սեփական, կայուն (ոչ ճկուն) արտաքին քաղաքականության պլատֆորմը։

Այսօրվա ցիվիլիզացիան թույլ պետություններին չի տալիս գոյատեւելու ոչ մի երաշխիք, խոստումները դիտվում են որպես անցողիկ ցանկություններ, ռեալ գործում են միայն կնքված փոխշահավետ պայմանագրերը։

Մեր դարավոր թշնամիները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, նորից զորքով չոքել են մեր դռանը, եւ մենք ի վիճակի չենք դիմադրելու նրանց ագրեսիային։ Չունենք ժամանակակից զենքեր ու զինամթերք։ Մենք կարիք ունենք արտաքին օգնության։

Մեր առաջնային եւ հրատապ խնդիրն այժմ հանդիսանում է հայ ժողովրդի ինքնության եւ հայրենիքի պահպանումը՝ կապված միջազգային հանրության կողմից ճանաչված երկրի սահմանների անձեռնմխելիության, բարեկեցության ստեղծման ու զարգացման գործընթացների հետ։

Ակնառու են հաշվարկվող փոքր ազգային ռեսուրսները (բնակչության քանակը, ազգի ներուժը, զբաղեցրած տարածքը, ռազմական հզորությունը, պետության ֆինանսական վիճակը), որոնք բավարար չեն եւ մեզ հնարավորություն չեն տա մոտ ապագայում միայնակ, սեփական ուժերով հաղթահարել ստեղծված բարդ իրավիճակը։

Այժմ Հայաստանի Հանրապետությունը խիստ կարիք ունի հենման կետի, մի հզոր եւ զարգացած պետության օգնության, որպեսզի մեր հայրենիքը պահպանվի եւ զարգանա։ 

Մեզ ռեալ կերպով կարող են օգնել միայն Եվրոպական Միությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ)։ Նշված երկու միություններն էլ ունեն զարգացած հզոր տնտեսական ու ռազմական պոտենցիալ, քաղաքակրթական բարձր մակարդակ, հումանիզմ եւ հարգանք դեպի միյուս ժողովուրդները, ինչի հետեւանքով շահերի համընկնման դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է ընդունել մեզ իր պետական կառույցի մեջ՝ որպես սուբյեկտ, որպեսզի պահպանվի մեր հայրենիքը։
Մեզ անհրաժեշտ է բացահայտ ու կոնկրետ պայմանագրով միավորվել նշված միավորումներից որեւէ մեկի հետ, ինչն ավելի արագ եւ ավելի ռեալ պայմաններ կառաջարկի միավորման եւ օգնության համար։

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված արտակարգ պայմանները (1․ թուրքական Ադրբեջանի ագրեսիան, 2․ պետության կայացման ժամանակի սղությունը, 3․ արտագաղթը, 4․ արտաքին օգնության սառած վիճակը, 5․ անվտանգության ապահովման հրատապությունը, 6․ ազգի համեստ ռեսուրսները, 7․ գործազրկությունն ու ժողովրդի վիճակը)՝ մենք պետք է միացյալ ուժերով, միայն հայ լինելու հիմքով, հայրենասիրության մղումով, առանց պաշտոններ ու աշխատավարձ պահանջելու, առանց անկարողներին մեղադրելու, հստակ, կոնկրետ քայլերով անհապաղ ազգին դուրս բերենք ստեղծված արտակարգ իրավիճակից։

Այժմ՝ ժողովրդավարության պայմաններում, մեր երկրի ճակատագիրը կախված է մեզնից, Հայաստանի բոլոր քաղաքացիներից: Հայ ազգը՝ ինքը պետք է որոշի իր գոյատեւման խնդիրը։ Այդ գործընթացը սկսելու համար մեզ հարկավոր է անցկացնել ազգային հանրաքվե, հետեւյալ հարցումով՝ «Համաձա՞յն եք, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ վարի ԵՄ-ի եւ ՌԴ-ի հետ՝ հետեւյալ խնդրով․ «Հայ ժողովուրդը հանրաքվեի արդյունքով խնդրում է ՀՀ-ն ընդունել ձեր կենտրոնացված պետական կառույցում (միություն, դաշնություն)՝ անվտանգության եւ զարգացման ապահովման նպատակով՝ որպես սուբյեկտ, պահպանելով իր ազգային ինքնությունը, լեզուն եւ տարածքը»։

Հարցաթերթիկի պատասխանը՝ այո կամ ոչ։  

Դարերով պայքարած, իր ինքնությունը եւ գենետիկան պահպանած, ժամանակակից արժեքներ կրող ազգը, որի գրողները, կոմպոզիտորները, արվեստագետները տվել են կուլտուրայի շատ բարձրարժեք ստեղծագործություններ, որի կրթված անհատներն առանց դժվարության հասնում են պրոֆեսիոնալ զարգացման միջազգային մակարդակի, իրավունք ունի գոյատեւելու եւ հասնելու կայուն, զարգացած, բարեկեցիկ կյանքի։

Ներկայիս սերունդը պետք է դեն նետի իր թմրած վիճակը, տեր կանգնի իր երկրին եւ միացյալ՝ զորավիգ լինի հայրենիքին, ինչպես Սարդարապատում, որպեսզի մեր ազգը չդառնա տարագիր, ու ներկայիս սերունդը չհամարվի անպատասխանատու, մորթապաշտ եւ անճարակ։

       ԿՈՉ-ի  Հավելվածները
 

1. Մեր Հայրենիքը;

2. Անկախություն;

3. Ինչ է Ապահովում Այսօրվա Ցիվիլիզացիան 

4. Ազգի Ներուժը; 

5. Բարեկեցության Խնդիրը; 
                               

1․ Մեր Հայրենիքը 

Հայրենիքը բոլոր ազգերի համար գնալով դառնում է շատ կարևոր և մարդիկ ավելի երջանիկ ու վստահ են զգում, երբ ապրում են կայացած, բարեկեցիկ հայրենիքում։ Հայրենիքում ապրելը շատ ավելի լավ է, հեշտ ու հաճելի, քան օտարության մեջ։ Մարդկության զարգացման պատմական այս փուլում մարդը միայն իր հայրենիքում կարող է ապրել երջանիկ և լիարժեք կյանքով: Լքելով հայրենիքը՝ մենք բոլորս սկսում ենք զրոյից, արագ կորցնելով մեր ինքնությունը, լեզուն, մշակույթը ու կենցաղը, միայն աշխատանք ունենալու համար։ 

Հայրենիքը մեր ընդհանուր տունն է, նրա պահպանման համար դարերի ընթացքում իրենց կյանքն են զոհել բազում հայորդիներ և առանց նրա անհնար է պահպանել մեր ազգը, ապահովել նորմալ, բնականոն կյանք մեր ու հաջորդ սերունդների համար։ 

Փաստորեն անկախության 30 տարիների ընթացքում մենք չկարողացանք ապահովել սահմանների կայունությունը, ստեղծել բավարար աշխատատեղեր, ապրելու համար բարեկեցիկ պայմաններ և արտադրել կամ ունենալ ժամանակակից զենքեր։ Շարունակվում է արտագաղթը, պետությունը դեռևս չի կայացել, մենք այժմ անպաշտպան ենք և չունենք հենման կետ։ 

Պետության կայացման և զարգացման ուղիների որոնումները չդարձան քննարկման առարկա, այլ որոշվեցին մեր ոչ կոմպետենտ ղեկավարների միանձնյա և գաղտնի որոշումներով, ինչը մեզ հասցրեց այսօրվա վիճակին, երբ մենք անկախության 30 տարիների ընթացքում ոչ թե զարգացանք ու կարողացանք կազմակերպել ներգաղթ, այլ հետ մնացինք մյուս ազգերից ու նվազեցինք, փոքրացանք՝ քանակով, որակով և տարածքներով։ 

Նոր սերնդի ներկայացուցիչները ցանկանում են լավ ապրել հենց այսօր, ինչ կլինի վաղը՝ քչերին է հուզում։ Հետագա սերունդների համար մտահոգվողներ չկան։ Այդպիսի մթնոլորտը տագնապ է առաջացնում ազգի ապագայի նկատմամբ և պարտադրում է կտրուկ, ռեալ և անհապաղ միջոցների դիմել Հայրենիքը փրկելու համար։ Մեզ առայժմ որոշ չափով օգնում է Ռուսաստանի դաշնությունը, սակայն մեր վարած «ճկուն» քաղաքականության հետևանքով բախվում ենք ՌԴ-ի թշնամիների հետ եւ ՌԴ-ն հապաղում է լիարժեք օգնելուց, համարելով դա դավաճանություն։ 

Մեզ հարկավոր է արագ և կտրուկ կողմնորոշվել արտաքին օգնության կամ հենման կետի ընտրության հարցում, որպեսզի չմնանք անպաշտպան։ Մեջտեղում մնալը կործանարար է, որովհետև մենք անպաշտպան ենք մեր դարավոր թշնամիների առջեվ, իսկ նրանք իրենց նպատակները չեն թաքցնում։  

Հենման կետը անմիջապես կապահովի երկրի սահմանների պաշտպանությունը և մեկ տասնամյակից կարճ ժամանակահատվածում Հայաստանում կստեղծվի ընդհանուր բարեկեցություն, որը նաև սկիզբ կդնի երկրի զարգացմանը և հայրենադարձությանը։ 

Մեր ելակետը պետք է լինի. «Բոլոր հայերը սիրում են իրենց, իրենց ընտանիքը, երեխաներին, բարեկամներին, ազգակիցներին, ինչ որ չափով իրենց ազգը և հետեվաբար հայրենիքը»։ Այսօր դա է մեր միավորման հիմքը: Մենք մոռանալով մեր ներքին գժտությունները պետք է համախմբվենք և դուրս բերենք մեր հազարամյակներ գոյատեված ազգին ստեղծված չարագուշակ իրավիճակից։  
Դարերով պայքարած, իր ինքնությունը և գենետիկան պահպանած, ժամանակակից արժեքներ կրող ազգը, ներկա սերնդի սխալների հետևանքով այսօր կանգնել է կործանման եզրին։ Ազգը պետք է հավաքի իր բոլոր ուժերը, ինչպես Սարդարապատում և դուրս գա ստեղծված վիճակից։ Ժամանակակից սերունդը պետք է զորավիգ լինի իր հայրենիքին, որպեսզի մեր ազգը չդառնա տարագիր ու մեր սերունդը հետագայում չհամարվի անպատասխանատու, մորթապաշտ և անճար։
                                      
   Օգնության Հարցը
 

Մենք սիրում ենք մեր անհաջողությունների համար մեղադրել ուրիշներին` առանց հաշվի առնելու որ ամեն մի երկիր ունի իր պրոբլեմները և պաշտպանում է իր շահերը։ Մեր անհաջողությունների համար մենք պետք է մեղադրենք մեզ, միայն այդպես մտածելով մենք կարող ենք հասնել հաջողության։ Ամեն ազգ, որպես մեծ ընտանիք, պետք է ինքը հոգա իր խնդիրները և օգնության կարիքի դեպքում խնդրի ավելի ուժեղին, որ նա փոխշահավետ պայմաններով օգնի իրեն և շնորհակալ լինի դրա համար։ Անշնորհակալ վերաբերմունքը չի մոռացվում։ Նշենք մի շատ կարևոր և հայտնի փաստ՝ Հայաստանի Հանրապետությունը իր ժողովրդով հանդերձ ՍՍՀՄ-ի կազմում հասավ ժամանակակից բարձր զարգացման։ Նման զարգացման հայ ժողովուրդը չի հասել ոչ անցյալ դարերում և ոչ էլ անկախության այս 30 տարիների ընթացքում (Հաշվարկման չափանիշներն են՝ 1 Արդյունաբերությունը, 2 Գիտությունը, 3 կիրառվող Տեխնոլոգիաները, 4 կուլտուրան, 5 Շինարարությունը, 6 Կրթական սիստեմը, 7 Բուժսպասարկումը)։

Անկախություն ստանալուց հետո ՀՀ կառավարությունը կարող էր ՌԴ-ի հետ ընդհատել ոչ շահավետ գործարքները, իսկ շահավետ գործարքներն ու պայմանագրերը շարունակել։ Սակայն մեր ոչ կոմպետենտ ղեկավարները սկսեցին Արևմուտքին հաճոյանալ եւ փաստորեն արգելեցին ռուսաց լեզուն (մոռանալով մեր մեծերի խոսքը՝ Ինչքան լեզու գիտես - այնքան մարդ ես), կտրեցին բոլոր կենսական կապերը ՌԴ-ի հետ և դուրս մղեցին երկրից նրանց ներկայացուցիչների մեծ մասին։ ՌԴ-ն ըմբռնումով մոտեցավ փոքր երկրի մեծ սխալներին և աշխատեց ՀՀ-ի հետ համագործակցել։ Արևմուտքը, որի համար արվեց այդ ամենը մեր կառավարությանը շոյեց, բայց ոչ մի հարցում չոգնեց` չդարձավ մեզ հենման կետ։ Արևմուտքին ձեռնտու է որ Թուրքիան լինի ուժեղ և Հայաստանը` նրա կազմում, այսինքն՝ չլինի, վերանա։ 

Այդ գիծը Արեւմուտքը կայուն կերպով տանում է վերջին 250 տարիների ընթացքում և չի փոխի այն նաև մոտ ապագայում, քանզի չի փոխվել դրա հիմքը, որը պայմանավորված է Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի վախով` Ռուսաստանի ազդեցության ուժեղանալու հետ կապված։ Նրանք շարունակաբար համագործակցում և հրահրում են Թուրքիային` Ռուսաստանի դեմ։ Այդ հիմքի հիման վրա նրանք դարերի ընթացքում աշխատել են Ռուս-Թուրքական պայմանագրերը կնքել` հօգուտ Թուրքիայի, հայկական տարածքները միացնելով Թուրքիային և անտեսելով հայերի իրավունքները Թուրքիայում։

Դարեր առաջ մեր ազգանվեր գործիչներն էլ էին այդպես մտածում, որ հայերին իրականում կարող է օգնել միայն Ռուսաստանը՝ Իսրաել Օրին, Հովսեփ Էմինը, Մովսես Սարաֆյանը, Հովհաննես Լազարյանը, Ստեփան Տեր-Սահակյանը և շատ ուրիշներ։ Պատմությունը փաստում է, որ սկսած 1700թ մինչև 1990թ (մոտ 300 տարի) Հայ ժողովուրդը և նրա մտավորականները Հայրենիքը փրկելու միակ իրական դաշնակից դիտել են Ռուսաստանին։ Միայն 1991թ լրիվ անկախություն ստանալուց հետո մեր ղեկավարները սկսեցին հույսը դնել ժամանակակից ցիվիլիզացիայի ստեղծած միջազգային օրենքների և կազմակերպությունների վրա, որոնք առայժմ միայն իլյուզիաներ են։ Ժողովրդական բարձր էյֆորիայի պայմաններում անցկացվեց «Անկախությանը` Այո» հանրաքվեն, որի արդյունքում ՀՀ-ն ստացավ անկախություն, իսկ գործող Սահմանադրության միջոցով ամրագրվեց անպատասխանատու ղեկավարման օրինական իրավունք։
Որքանով էին ճիշտ այդ քայլերը այժմ հայտնի է։ Արդյունքում հայ ժողովուրդն ընկավ սարսափելի կախման մեջ իր ղեկավարներից և ժողովրդի համար Հայրենիքում ապրելը դարձավ անտաելի։ ՀՀ հին և նոր ղեկավարները պետք է զգան իրենց պատասխանատվությունը ազգի և Հայրենիքի գոյատեւման հարցում, որպեսզի վաստակեն ապագա սերունդների համակրանքը ու չարժանանան նրանց անեծքին։ 

  Թումանյանն իր «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունում ասում էր. 
 Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի, ․․․ 
 Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին- 
 Հույսի Հայրենիք Լույսի Հայրենիք։
 

Ամեն մի սերունդունի իր պարտականությունը ազգի կյանքը պահպանելու և շարունակելու գործում։ Այսօրվա սերունդը պետք է ցուցաբերի զգոնություն, հնարամտություն ու պատասխանատվություն դարերից եկող Հայ ազգի գոյատևման համար։ Տեր կանգնի իր երկրին, չկորցնի մեծ դժվարություններով մեզ հասած հայրենիքը, լինի ռեալ և հաշվենկատ, խուսափի կործանարար էգոիստական իլյուզիաներից, որպեսզի շարունակվի ազգի կյանքը։ 
                    
       Չգրված Պատմական Ճշմարտություններ
 
Կան դարերի խորքից եկող, սակայն չգրված եղելություններ, որոնք գործում են ուժի դիրքերից։ Օրինակ, ուժեղ պետությունները միշտ գրավել են թույլերին։ Պատմական փաստերն ապացուցում են, որ իրականում տարածքը երբեք չի պատկանել տվյալ վայրում ապրողներին, այլ միշտ պատկանել է այն գրավողին կամ պաշտպանողին։ Այդպես է եղել բոլոր նախկին իմպերիաների դեպքում, որտեղ խառը ապրել են տարբեր ազգեր։ Սա, իհարկե, տրամաբանական կամ հումանիստական չի` երբ հաշվի չեն առնում բնիկ ժողովուրդների իրավունքները,սակայն դա է իրականությունը։ Հայ ժողովրդի զբաղեցրած տարածքը, սկսած նախնադարից, պատկանել է Պարսկաստանին, Սելևկյաններին, Հռոմին, Արաբներին, Թուրք - սելջուկներին, Ռուսաստանին։ Հայերը միշտ պայքարել են, բայց անկախություն ստացել են կարճ ժամանակահատվածներում ու դեպքերի բերումով։ Այսօրվա ցիվիլիզացիայի կարգախոսն է. «Բարոյական է այն, ինչը ձեռնտու է»։ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, երբեք չի ճանաչել և այժմ էլ չի ճանաչում հայերին` որպես հողի կամ տարածքի տեր։ Թուրքերը չեն համարել հողի տեր նաև քրդերին ու Անատոլիայում ապրող մյուս բնիկ ժողովուրդներին, որոնք արդեն ձուլվել են թուրքերի հետ։ Թուրքերը միշտ համարել են որ իրենք սահմանը կարող են ունենալ միայն Ռուսաստանի հետ և հաշտության պայմանագրերը, որտեղ շոշափվում է Հայաստանի տարածքը, կնքվել են միայն Ռուսաստանի հետ։ Թուրքերն անկախ Հայաստանի տարածքը միշտ են ձգտել գրավել` համարելով իրենցը, որն իրենցից ուժով խլել է Ռուսաստանը։ Եթե հայերը մնան անպաշտպան, կամ հեռանան Ռուսաստանից, ապա թուրքերը հարմար պահին, անմիջապես հետ կգրավեն այն։ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, դարերով և այսօր էլ չեն թաքցրել իրենց մտադրությունները։ 
              
 Որոշ Օրինաչափություններ, Փաստեր ու Սկզբունքներ 

1. Օրինաչափություն՝ Ինչքան փոքր է ժողովուրդը, այնքան մեծ են նրա կատարած սխալները։ 

2 Ընտրական օրենքը պետք է պարտադրի ազգի բախտը տնօրինողներին` ընտրվելուց առաջ ընտրողներին ներկայացնելու իրենց ծրագիրը, թե ինչ են պատրաստվում անել։ Եւ ժողովուրդը պետք է ընտրի ոչ թե անուն- ազգանուն, այլ ծրագրերից լավագույնը, որի վերջում խոստում՝ եթե հակասեմ իմ պլանին, կամ խախտեմ պլանավորվածի ժամկետը, հրաժարական կտամ։ 
  
Մեր անկախ տարիների ղեկավարները չեն ունեցել և չունեն ոչ մի պատասխանատվություն իրենց գործունեության համար։ Նրանք համարում են, որ եթե ժողովուրդն իրենց ընտրել է, ուրեմն կարող են անել ինչ որ ցանկանան, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Մեր Սահմանադրությունը լրիվ համապատասխանում է այդպիսի մտածելակերպի և գործունեության ոճի հետ։ 

3 Փաստ՝ Այն հայկական այն տարածքները, որ անցյալում գրավել է Թուրքիան, հայաթափվեցին, իսկ այն տարածքները, որ գրավեց Ռուսական կայսրությունը՝ զարգացան և դարձան անկախ Հայաստան։ 

4 Համատեղ ապրելու դեպքում ամեն մի ժողովուրդ այդ տարածքը, որտեղ ինքն ապրում է, համարում է իրենը։ 

5 Ամբողջ ժողովրդին, կամ նրա մեծ մասին վերաբերվող բախտորոշ կամ կտրուկ որոշումների դեպքում երկրի ղեկավարը պետք է կազմակերպի, ապահովի հանրաքվեներ։

6 Երբ ամբիցիաները դուրս են գալիս հնարավորի սահմաններից, դառնում են ողբերգական ցանկություններ։ Շատը ուզելու դեպքում քիչն էլ չեն ստանում։  

7 Փոխշահավետության սկզբունքը պահպանող դաշնակից ճարելը հեշտ չէ։ 

8 Ազգերը միմյանցից տարբերվում են այնպես, ինչպես խնձորի տարբեր տեսակները, որոնցից ամեն մեկը ունի իր ուրույն տեսքը, համը ու հոտը և բոլոր ազգերն էլ ունեն իրենց առանձնահատուկ կողմերը։ 

9 Մարդկության պատմությունը հոսում է գետի նման և եթե նրա հիմքը մնում է նույնը, ապա նրա ընթացքը (ազգերի գործունեությունը) չի փոխվում:

10 Այսօրվա ցիվիլիզացիան հաշվի չի առնում բնիկ ժողովուրդների իրավունքները կենսական տարածքների նկատմամբ։ Նա բնիկներին չի տալիս ոչ մի քաղաքական առավելություն։ 

                                 2․ Անկախություն 
 

Հայ ժողովուրդը բոլոր դարերում ձգտել է ունենալ «Ազատ, անկախ Հայաստան» և 1991 թվականին ստացավ դա։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ ռեալ անկախություն ստացել են միայն ՀՀ ղեկավարները, իսկ ժողովուրդն ընկել է սարսափելի կախման մեջ իր ղեկավարներից, որոնք չունեն գիտելիքներ և պատասխանատվություն` ազգի առաջ։ Անկախության սկզբնական տարիներին բազմաթիվ մարդիկ կորցնելով աշխատանքը, կորցրեցին նաև հույսը ապագայի նկատմամբ, մեծացավ անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ, ժողովրդի մեծ մասն անգամ սովի մատնվելու վտանգ զգաց եւ դա խուճապ առաջացրեց, սկսեց գործել ինքնապահպանության բնազդը։ Այդ տրամաբանությամբ խուճապահար ժողովուրդը սկսեց շատ ցածր գներով վաճառել բնակարանները, ունեցվածքը և դուրս գալ երկրից։ Սկսվեց մասսայական արտագաղթ, որը շարունակվում է մինչ այժմ։ Ովքեր չէին կարող հեռանալ երկրից սկսեցին վաճառել պետական ունեցվածքը, ընտրաձայները, աշխատատեղերը, միայն թե փրկվեն։ Մարդիկ սկսեցին մտածել միայն օրվա համար։ Ապագայի համար արդեն մտածող չկա։ Իսկ մեծ դժվարություններով պետական աշխատատեղ ձեռք բերած անձինք  (տեղական իշխանություններ, միլիցիա, բանակ, ընտրական սիստեմ, նախարարություններ) այլևս չեն ցանկանում, որ իշխանությունը փոխվի, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը։ Այդպիսի մթնոլորտը շատ հեշտացնում է ղեկավարների վերընտրվելու, երկրում ցույցերը, բողոքները ճնշելու և կայունություն պահպանելու հնարավորությունը։ Այդ քաոսային վիճակը շարունակվում և խորանում է նաև այսօր։
ժողովուրդն ազատ և անկախ է, երբ գործում է ժողովրդավարությունը` ժողովրդի կարծիքը հաշվի է առնվում, երբ արդարադատության համակարգը գործում է հստակ և ազնիվ եւ բոլորը հավասար են օրենքի առջև ու ապահով են երկրի սահմանները։ 

Մեր անկախության այս երկար ժամանակահատվածում ժողովուրդը այդպես էլ չստացավ դրանցից ոչ մեկը։ Ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը մի պատմություն-օրինակ է ներկայացրել. «Ուղղաթիռի մոտ հավաքված բազմությանը հարցնում են՝ ովքեր կարող են վարել այս ուղղաթիռը, թող առաջ գան։ Ոչ ոք չի առաջանում։ Տալիս են երկրորդ հարցը՝ ովքեր կարող են ղեկավարել այս երկիրը, թող առաջ գան` բոլորը վազում են առաջ»։ Այս օրինակը շեշտում է պատասխանատվության բացակայությունը երկրի ղեկավարման գործում։ 
  
               3․ Ի՞նչ է Ապահովում Այսօրվա Ցիվիլիզացիան

Ներկայիս ցիվիլիզացիան ճիշտ նշելով մարդկության ապագա զարգացման ուղենիշները դեռևս չի կարողանում ռեալ կերպով տարանջատվել իր դարավոր, կիսավայրենի անցյալից ու իրականացնել այդ իդեալները, որոնցից առաջնայիններն են՝ բոլոր ազգերի ու երկրների համընդհանուր հավասարության սկզբունքը (հավասար հնարավորությունների ապահովումը), բարության ու մարդասիրության սկզբմունքը, անձի ազատությունը և ձգտումը դեպի պրոգրես։ Իհարկե, սա չի ապահովելու ապրելակերպի հավասարություն։ Ապրելակերպը կախված է տվյալ երկրի ռեսուրսներից և հնարավորությունների էֆեկտիվ օգտագործումից։ Ազգերը և անհատ մարդիկ իրենց կարողություններով շատ տարբեր են և հավասար հնարավորությունների դեպքում նույնպես հասնում են տարբեր արդյունքների։ 

Այսօրվա ցիվիլիզացիան ապահովում է միայն մարդկության զարգացման բարձր իդեալների՝ իմացությունը, ձգտումը ու տարածումը, սակայն դեռևս ոչ մի երկիր միջազգային հարաբերություններում չի ղեկավարվում և չի պահպանում այդ իդեալները։ Այսօրվա ցիվիլիզացիան թույլ պետություններին չի տալիս գոյատեւելու ոչ մի երաշխիք, ռեալ գործում են միայն կնքված փոխշահավետ պայմանագրերը։ 


                               4․ Ազգի Ներուժը 
 

Ազգի ներուժը նրա զարգացած, միջազգային բարձր պրոֆեսիոնալ մակարդակի հասած մարդկանց քանակն է՝ Գիտության, Կուլտուրայի, Տեխնոլոգիաների, Ալգորիթմների, Ծրագրավորման, Ֆինանսական, Առողջապահության, Միջազգային հարաբերությունների և Մենեջմենտի բնագավառներում։ Ազգի ներուժը միշտ բացարձակ, քանակական մեծություն է և պետություններն ունեն այդ սատիստիկան։

Ներուժի մեծությունը հիմնականում կախված է՝ տվյալ երկրի բնակչության քանակից, կրթական սիստեմի որակից, երկրի օրենքներից և իշխանությունների կողմից զարգացման լծակների ճիշտ ընկալումից ու կիրառումից։ Երկրում բարեկեցություն ու զարգացում ապահովելու համար ազգի ներուժը ազգի ունեցած ռեսուրսներից (Բնակչության քանակը, ազգի ներուժը, զբաղեցրած տարածքը, Ռազմական հզորությունը, պետության ֆինանսական վիճակը) ամենակարևորն է։ Միայն գիտելիքներով զինված մասնագետներն են հնարավոր դարձնում երկրի զարգացումը, ղեկավարվելով պլանավորված նպատակային ծրագրերով, ռեալ և արդար իրավական դաշտի առկայության պայմաններում։ Այդպիսի պայմանների գոյության դեպքերում ինվեստորներ միշտ գտնվում են։ Զարգացած պետությունները մեծ ուշադրություն են դարձնում ազգի ներուժի աճին, պայմաններ են ստեղծում դրսից բարձրորակ մասնագետներ ընդունելու համար։ Այժմ Հայաստանում «Ազգային Ներուժը» շատ փոքր է` նույնիսկ հարաբերական կամ տոկոսային առումով, քանզի Հայաստանում պահանջարկ չկա։ Կառավարությանը այդ հարցը երբեք չի մտահոգել, մեր կրթական սիստեմը միջազգային չափանիշներով ցածր որակավորում ունի, իսկ արտակարգ ընդունակություններով օժտված և աշխատասեր ուսանողները, որոնք բոլոր դեպքերում հասնում են զարգացման բարձր աստիճանի, մեծամասամբ հեռանում են Հայաստանից իրենց գիտելիքներին համապատասխան կիրառում գտնելու նպատակով։ 

                   5 Հայ Ժողովրդի Բարեկեցության Խնդիրը

Բոլոր ազգերն էլ ձգտում են կառուցել ժամանակակից, կայուն, բարեկեցիկ կյանք իրենց հայրենիքում, երկրի սահմանները վստահ պաշտպանել թշնամիներից, արմատախիլ անել կրիմինալ էլեմենտներին ու կոռուպցիան, զարգացնել արդյունաբերությունը և ժամանակակից գյուղատնտեսությունը, գիտությունը, տեխնոլոգիաները, կուլտուրան, արվեստը: Բավարար քանակի աշխատատեղեր ստեղծել, առաջադեմ և մատչելի առողջապահական ու սոց-ապահովման համակարգեր ձեւավորել, տալ անվճար ընդհանուր կրթություն, ազնիվ արդարադատության համակարգ ձեւավորել, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ: Այնպիսի երկիր, որտեղ կա վստահություն ապագայի նկատմամբ։ Նշված պայմանների ապահովման դեպքում համարվում է, որ երկիրը կայացել է և դարձել է տվյալ ազգի համար ռեալ Հայրենիք, ընդհանուր օջախ, որտեղ ազգը բարգավաճում է։ Բարեկեցության ապահովումը համարվում է բոլոր ազգերի գլխավոր խնդիրը։ 

Բարեկեցության պայմանների գնահատման չափանիշները բազմազան են, սակայն կա մեկ հավաքական չափանիշ, որը ճշգրիտ ցույց է տալիս թե տվյալ երկիրը բարեկեցիկ է թե ոչ, դա արտագաղթն է։ Եթե կա արտագաղթ և հայերը գերադասում են օտար երկրներն իրենց հայրենիքից, ուրեմն այն դեռ չի կայացել և չի բավարարում Հայրենիք հասկացության պահանջներին։ 

Բազմաթիվ ազգեր և ժողովուրդներ Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում ստեղծել են կյանքի բարեկեցիկ պայմաններ։ Այդ խնդիրը հաջող լուծել են ինչպես անկախ, այնպես էլ տարբեր հիմունքներով միավորված շատ երկրներ ու միավորներ։ Ժամանակակից բարեկեցիկ կյանքի պայմանները կտրուկ տարբերվում են մեկ դար առաջվա պայմաններից` բազմազանությամբ, ճոխությամբ։ Բարեկեցության այդ արագ աճը կապված է նոր տեխնոլոգիաների հետ։ Այդ բազմազանությունը ապահովելու համար որոշ երկրներ, ազգեր միանում են ավելի զարգացած երկրներին` իրենց անկախության մի մասը կորցնելու հաշվին, որպեսզի միացյալ ուժերով ստեղծենայդ բարեկեցությունը, քանի որ ազգի բարեկեցությունը ազգի գոյության գլխավոր պայմանն է, իսկ ազգը պետք է ապրի և գոյատեւի։ 

Պետությունների ցանկացած միավորում բերում է որոշ միջպետական և ներքին ֆունկցիաների միավորմանը։ Այդպիսի միություններից կարելի է նշել՝ Եվրոպական Միությունը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնց գոյությունը հիմնականում պայմանավորված է ընդհանուր բարեկեցություն ապահովելու նկատառումներով։ Չնայած միավորման տարբեր սխեմաներին, նշված 2 միություններում էլ մասնակից պետությունները հավասարաչափ կորցրել են իրենց անկախությունը, դրա մի մասը տալով միության ղեկավարման կենտրոնական օրգաններին։ Բարեկեցություն ստեղծելու սկզբնական էտապում հարկավոր է՝ կամ ունենալ բավական մեծ սեփական ռեսուրսներ, կամ միավորվել ավելի զարգացած պետությունների հետ կոնկրետ նկատառումներով ու պայմանագրով։

Բարեկեցության ստեղծումը սովորաբար պլանավորում, կազմակերպում և իրականացնում է պետությունը, բայց մեր պետությունը սնանկ է և մեր պետության ղեկավարները կոնկրետ պարտականություններ և պլաններ չեն ունեցել և չունեն ժողովրդի ընդհանուր բարեկեցությունը ապահովելու վերաբերյալ։ 
   
 Կարապետ ԼԱԶՈՒՐԻ
 Քաղաքագետ