Ինչպես է արձագանքում միջազգային մամուլը Պուտինի վերընտրությանը

Ինչպես է արձագանքում միջազգային մամուլը Պուտինի վերընտրությանը

The Economist-ը, անդրադառնալով Ռուսաստանում մարտի 15-17-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին, դրանք համարել է կեղծ եւ արձանագրել, որ փաստացի ընտրությունների արդյունքները հայտնի էին դեռ մի քանի շաբաթ առաջ, եւ պաշտոնական թիվը, որը հրապարակվելու է որպես ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրության արդյունք, իրականության հետ կապ քիչ է ունենալու։

Ֆրանսիական Le Monde-ն էլ արձանագրում է, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում մեկ բան են նշանակում՝ ոչ մի բան չի փոխվելու, իսկ եթե ինչ-որ բան էլ փոխվի, ապա դա լինելու է երկրորդական ինչ-որ բան։
Xinhua-ում էլ Վլադիմիր Պուտինի վերընտրությունը համարում են կարեւոր՝ արձանագրելով, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները կայունացնող գործոն են ողջ եվրասիական տարածքում։ Պարբերականը, հղում տալով Պուտինի խոսքերին, նշել է՝ կարեւոր է, որ երկրների շահերը համընկնեն։ Դա լավ ֆոն է ապահովում միջազգային հարաբերություններում ընդհանուր հարցերի կարգավորման եւ խնդիրների լուծման համար։

The Washington Post-ն էլ գրում է, որ այս տարին հարուստ է ընտրություններով։ Սակայն զուգահեռաբար նաեւ նշում է, որ տարին հենց այդ ընտրական գործընթացների պատճառով աչքի է ընկնում նաեւ դեմոկրատիայի հետընթացի տեսանկյունից։ Ներկայում, ըստ ամերիկյան պարբերականի, ողջ աշխարհում դեմոկրատիայի վիճակը վատացման միտումներ ունի։

BBC-ն արձանագրել է, որ Պուտինի հակաարեւմտյան տոնայնության խստացումն ինքնին շատ շարքային ռուսաստանցիների աչքում նրան գրավիչ է դարձրել։ Գերմանական Der Spiegel-ը Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն անվանել է «ֆարս» եւ անդրադարձել հատկապես աշխարհի տարբեր քաղաքներում ընդդեմ այդ ընտրությունների անցկացված բողոքի ակցիաներին։ Գերմանական մեկ այլ առաջատար լրատվամիջոց՝ DW-ն էլ ընդհանուր գծերով ներկայացրել է ՌԴ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ հատկապես ուշադրության կենտրոնում պահելով այն բացասական երեւույթները, որոնք տեղ են գտել այդ ընտրություններում։ Ընդհանուր առմամբ՝ միջազգային առաջատար լրատվամիջոցներում, Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին խոսելիս, առավել հաճախ հանդիպում են հետեւյալ որակումները․ «ընտրությունները եղել են հարթ», «եղել են կանխատեսելի», «վերահսկվող», «ոչ մրցակցային» եւ այլն։