Եթե չի վախենում՝ դուրս է գալիս փողոց, պետք է կարողանա յուրաքանչյուր հարցադրման պատասխանել

Եթե չի վախենում՝ դուրս է գալիս փողոց, պետք է կարողանա յուրաքանչյուր հարցադրման պատասխանել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ դոցենտ Աստղիկ Ավետիսյանը:

-Համացանցը կիրակի օրվանից քննարկում է Ալեն Սիմոնյանի և կանադահայ քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպը Կասկադում: ԱԺ նախագահը թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա: Ի՞նչ անուն կարելի է տալ այս երևույթին:

- Անկեղծ ասած, այդ մասին խոսելը մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից էլ` ողբերգություն է: Երբ մարդը ստանձնում է բարձրաստիճան պաշտոն, նա պետք է առավել քան երբևէ հետևի իր վարքագծային կանոններին: Վարքագծային կանոն ասվածի մեջ մտնում է սովորական շփումից մինչև պաշտոնական հաղորդակցություն ասվածը: Մենք ականատես եղանք անդաստիարակ վարքագծի, որը բնութագրում է տվյալ մարդու ստացած կրթությունն ու անցած ճանապարհը: Սա խոսում է այն մասին, թե տվյալ գործիչն ինչպես է աշխատում հասարակության, տվյալ պարագայում` հասարակ քաղաքացու հետ: Մենք գործ ունենք մի պաշտոնյայի հետ, ով չի հարգում հասարակությանը: Տարբեր քաղաքական իրավիճակներ ենք տեսել և այդ իրավիճակների կիզակետում մարդիկ գիտակցել են, որ իրենք հանրային դեմքեր են, իսկ հանրային գործիչը, նույնիսկ այն պարագայում, երբ իրեն հայհոյում են, պարտավոր է կոռեկտ և հանդուրժող լինել: Հանրային կարծիքը տարբեր չափանիշների հիման վրա է ձևավորվում: Յուրաքանչյուր հանրային գործչի էլ կարող է դուր չգալ, երբ իրեն պիտակավորում են, սակայն նույնիսկ այդ դեպքում Ազգային ժողովի նախագահը պետք է կոռեկտության սահմանները պահպաներ: Եթե Ալեն Սիմոնյանի փոխարեն մեկ այլ նորմալ քաղաքական գործիչ լիներ, պարզապես կհարցներ, թե ինչու է քաղաքացին իրեն դավաճան անվանում: Եթե նա դուրս է գալիս փողոց, ոչ մի բանից չի վախենում, ապա պետք է կարողանա յուրաքանչյուրի հարցադրմանը պատասխանել:

- Եթե մի պահ պատկերացնենք, թե Հայաստանն իսկապես դեմոկրատ և իրավական երկիր է, ապա ի՞նչ քայլեր պետք է սրան հաջորդեին: Ազգային ժողովի նախագահը թքում է քաղաքացու դեմքին և հպարտորեն այդ մասին գրառումներ անում:

- Աբսուրդ մի բան էր կիրակի օրը տեղի ունեցել: Ոստիկանները ոչ թե Ալեն Սիմոնյանին էին բերման ենթարկել, այլ` նրան դավաճան անվանած քաղաքացուն, այն դեպքում, երբ բռնության այդ քաղաքացին էր ենթարկվել, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանը: Տեղի է ունեցել կոնկրետ ֆիզիկական բռնության դեպք, ի՞նչ է թքելը՝ բռնության ձև: Ալեն Սիմոնյանի պարագայում հավանաբար թքելը նորմալ է: Եթե Հայաստանը լիներ նորմալ երկիր, որտեղ օրինական նորմերը պահպանվեին, ապա այդ քաղաքացին պետք է Ալեն Սիմոնյանին դատի տար, իրեն բռնության ենթարկելու համար: Անհամաչափ գործողությունների ենք ականատես լինում: Որևէ մեկն իրավասու չէ փողոցում ռեպլիկ խփող մարդուն պախարակել, ենթարկել ֆիզիկական բռնության, դրանից հետո էլ տանել ոստիկանություն: Ի՞նչ է սա, եթե ոչ վախի մթնոլորտ ձևավորելու մեխանիզմ:

- Քաղաքական գործչի իմիջի տեսանկյունից կատարվածին ի՞նչ անուն կարելի է տալ:

- Վերբալ իմիջի տեսանկյունից սա նշանակում է, որ քաղաքական դեմքը, որն առաջնորդ է ինչ-որ առումով, խարխլում է ողջ պետական համակարգը: Միջազգային մամուլում տեղ գտած մեկնաբանություններին հետևելով կարող եմ ասել, որ կատարվածը մեծագույն ամոթ է: Արդեն որերորդ անգամն է Ալեն Սիմոնյանը հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Շատ ամոթ է, երբ ԱԺ նախագահն այնքան անհավասարակշիռ է, որ անգամ սովորական մարդկային հարաբերություններում չի կարողանում իրենց հավուր պատշաճի դրսևորել: Փաստացի նրանց նպատակը քաղաքակրթության ոտնահարումն է: Ցինիզմը հասել է բարձրագույն աստճանի: Իշխանությունները կարծում են, թե ամեն ինչ ճիշտ են անում: Ես ամենաշատը վախենում եմ վաղվա սերնդից: Ի՞նչ օրինակ է ծառայում իշխանությունն ապագա սերնդին:

- Գրագետ իշխանություններն ի՞նչ պետք է անեին, կատարվածով հպարտանալու փոխարեն: Կարո՞ղ է ինչ-որ բան փրկել նրանց խայտառակվող իմիջը:

- Հիմա որևէ բան չի փրկի իշխանությունների իմիջը: Ես առաջարկում եմ, որ Ալեն Սիմոնյանի հանրային կապերի պատասխանատուն ազատման դիմում գրի և հեռանա, քանի որ Սիմոնյանի պահվածքն անարգանք է առաջին հերթին հենց այդ ինստիտուտի նկատմամբ: Ալեն Սիմոնյանը եթե ունենա կամք և ուժ, պետք է հրաժարական տա և ներողություն խնդրի: Ընդդիմությունը պետք է քննադատի` զգաստացնելով իշխանություններին, բայց մեր իշխանությունները սխալ ընկալումներ ունեն ընդդիմադիրների մասին:

- Իշխանավորները նորից խոսում էին նախկին իշխանություններից: Ալեն Սիմոնյանը հենց ինքը գրառում էր արել, կատարվածը համեմատելով տարիներ առաջ «Պապլավոկում» Պողոս Պողոսյանի սպանության հետ: Նա ակնարկել է, թե որքան մեծահոգի է ինքը, որ միայն թքել է, այլ մարդ չի սպանել:

- Այս իշխանությունները մինչև հիմա չեն հասկացել, որ արդեն հինգ տարի է իրենք են իշխանության ղեկին: Ես որպես քաղաքացի սպասում եմ, որ այս իշխանությունը կանի գործողություններ, որոնք հավուր պատշաճի կլինեն և որոնք կապահովեն իմ, իմ ընտանիքի և իմ երկրի անվտանգությունը: Հասարակությունը հոգնել է նախկիններ ձևակերպումից: Օրվա իշխանություններն արդեն վաղուց նախկին են: Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների սխալներին, ապա եթե այն ժամանակ կային արատավոր երևույթներ, դա չի նշանակում, որ հիմա էլ պետք է լինեն: Մարդիկ 2018 թվականից իշխանափոխություն արեցին, որովհետև չէին ցանկանում այդ արատավոր երևույթները տեսնել: Այսօր ստացվում է, որ օրվա իշխանությունը նախկին իշխանության քառակուսին է: Սրանից կարելի է եզրակացնել, որ իշխանության եկած մարդիկ կիրթ չեն: