Աշոտ Հովսեփյան․ Անցյալի դասերի չիմացության հետեւանքները

Աշոտ Հովսեփյան․ Անցյալի դասերի չիմացության հետեւանքները

Ըստ իս միանգամայն աներկբա է, որ անցյալի դասերի բազմակողմանի քննումն ու հիմնավոր, ճիշտ հետևությունների կատարումն ինքնին գործուն սպեղանի է հազար ու մի ցավին ու դարդին ընդդեմ: Այդ առումով անչափ կարևոր եմ համարում փորձն ու փորձառությունը և, ըստ այդմ, անդրադարձը մեր մեծերին, նրանց բանին ու գործքին, նրանց ստեղծագործությանը՝ հատկապես գրական տարածքում, ընդ որում, ինչու չէ՞, որոշակիորեն նաև այդ տարածքի մեծերի անսպառ ու մեծարժեք ժառանգությանն անդրադառնալը: Զորօրինակ, դասեր քաղելու համար հենց միայն Պատմահայր Մովսես Խորենացու «Ողբն» ինչ ասես արժե: Բավ է, ինքներս մեզ շարունակ ու անդադար հարկի-անհարկի նվաստացնենք, թե ուղենիշներ չունենք, ընդօրինակման ելակետ չունենք, դասեր քաղելու նյութ չունենք, էս չունենք, էն չունենք: Այլ բան է, որ դասեր քաղելու ցանկություն չունենք։ Այդ առումով անվարան պիտի փաստենք, որ մեր շատ մեծերի շատ գործեր հիրավի անանց արժեքներ են, ինչը մենք շատ հաճախ չենք գիտակցում կամ լավ չենք գիտակցում: Կամ պարզապես չգիտենք, ու էդ չիմացությունն է նաև այն ծանրակշիռ պատճառներից մեկը, որ մեր իսկ ձեռքերով մեր տունը քանդել ենք նախկինում ու դեռ շարունակում ենք քանդել։ Եվ ուրեմն ամենևին ավելորդ չէ, թերևս ավելին՝ անգամ պիտի հրամայական անհրաժեշտություն դիտել մեր մեծերի անսպառ ժառանգության վերագտնումն ու վերաբացումը, նրանց գործերի ընթերցումը, նորովի ընթերցումն ու դրան համահունչ՝ նորովի ընկալումը, նորովի ըմբռնումը և, ըստ այդմ, նաև անսպառ նյութի անվարան ու հրա­պարակային քննարկումների հարուցումը, որ իր հերթին պիտի հարուցի երևի կարծիքների հնարավոր բախում­ներ, ի արդյունս ինչի՝ էդ թոհուբոհում էլ, ինչպես ասում են, պիտի ծնվի Մեծն Ճշմարտությունը: (Թերևս տվյալ պարագայում՝ ընթերցելով մեծերին, կարծում եմ, որ ավելի շուտ պիտի տեղի ունենա Ճշմարտության վերածննունդը): Իսկ ինչո՞ւ հատկապես գրականության անդաստանում: Դե, որովհետև հենց միայն այն պատճառով, որ գրողն իրավունք չունի անտարբեր գտնվելու իր Երկրի (ինչո՞ւ չէ՝ նաև ողջ Մոլորակի) ճակատագրի առնչությամբ: Ավելին՝ գրողը պարտավոր է խորամուխ լինել և անաչառ վեր հանել կյանքն արատավորող բացասականը (հանց «հին ու բարի» ժամանակներում էր ասվում՝ «նեգատիվ» երևույթները), գոնե տալ ախտորոշումը, եթե ի զորու է՝ նաև ապաքինման դեղատոմսը, ինչն իրենց ժամանակին որոշակիորեն փորձել են անել ու հաճախ էլ (գուցե թե՝ երբեմն, չգիտեմ) հաջողել են մեր շատ երախտավորներ (վկա՝ Պատմահոր բանքն ու գործքը): Համոզված եմ, որ նույնը պարտ ենք անել մենք, կամ թերևս փորձենք անել դա... 

Ամենևին գաղտնիք չէ, որ բարդ ու դժվարին ժամանակներում ենք ապրում: Այսօրեական ու առօրեական ամենաքննարկելի իրողություններից է Երկրիս ներկա վիճակը, որ շատ առումներով գնահատվում է անմխիթար: Հետպատերազմյան իրողություններով (դրա չարաղետ արդյունքներով) պայմանավորված (մասամբ)՝ հասարակության անլուր դեգրադացումը, հասարակական-քաղաքական հարթությունում կառուցակարգերի փլուզումն ու հանրային վարքուբարքի խաթարումները, սոցիալ-տնտեսական հարթությունում (վերջին քառորդ դարի ընթացքում նաև) հասարակության է՛լ ավելի լայն շերտերի շարունակական աղքատացումը՝ երբեմն (գուցե՝ հաճախակի՞) անկառավարելի գնաճի պայմաններում, գործազրկության անզուսպ աճը, հիմա նաև հիրավի աղետալի չափերով ահագնացող արտագաղթի անկանգ թափն այլևս ցավալի փաստեր են: Վերջինիս առումով առկա իրավիճակի բնութագիրը միանգամայն տեղավորվում է Մեծն Լեռ Կամսարի բնորոշումների ծիրում, ըստ այդմ՝ նրա բառերով ասած՝ սա նշանակում է, որ՝ «...ինչ չկարողացավ լուծել մարդու գլուխը, շատ հաջող լուծեցին նրա... ոտները»: Այս տխուր (մեղմ ասած) հանգամանքներին զուգընթաց, որ ակներևաբար ձախավեր արդյունքն ու հետևանքն են մեր նորօրյա վայ-մեծավորաց (նույն կերպ՝ մեղմ ասած) նույնքան ձախավեր (նորեն՝ մեղմ ասած), իսկ ավելի ստույգ՝ դավադիր, թշնամական կառավարման, ի հավելումն՝ ընչաքաղց ունևորաց ագահության (էլի՝ մեղմ ասած), միևնույն ժամանակ սոցիալ-քաղաքական հարթությունում աներկբա են նաև է՛լ ավելի տխուր՝ կոռուպցիոն ֆոնի և մենաշնորհային օլիգարխիկ տնտեսու­թյան առկայության միանգամայն անժխտելի և կործանարար հանգամանքները՝ պետական պարտքի անզուսպ աճի համապատկերին։ Հանգամանքներ, որոնց դեմ իբր թե պայքարում էին քայլառաստները՝ մինչև իշխանազավթումը։ Այդ ամենի հետ մեկտեղ նաև խիստ մտահոգիչ են ֆինանսական դեֆոլտի մշտառկա սպառնալիքի առկայությունն ու սովորական դարձած կադրային սովի և դրա պատճառով էլ կադրային կարուսելի ողբալի շքահանդեսը (զորօրինակ՝ «հին ու բարի» ԽԾԲ-ից սկսած՝ մինչ վերջին «դեպքը»՝ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երկարատև փնտրտուքի ոդիսականը և «հրաշափառ հայտնաբերման» ու սպասվող՝ այլևս «անվիճելի» նշանակման հարցը)։ Եվ ի հավելումն այս ամենի՝ արտաքին այլևայլ ճնշումների, տարբեր առիթներով միջազգային այլևայլ կառույցների և օտարերկրյա տարբեր տրամաչափի պաշտոնյաների (առավելաբար՝ դեսպանների ու տարաբնույթ պաշտոնաթող էմիսարների) կասկածելի և անպտուղ այցերը, այլև տարբեր երկրների իշխանական ու մերձիշխանական շրջանակների գոռ հոխորտանքները։ Էլ չասած՝ դարավոր ոխերիմ ոսոխների՝ ապագա (հիշում ենք, չէ՞, որ «կա՛ ապագա») «ջերմ բարեկամության» թեկնածու թշնամական երկրների գոռ սուլթանի ու խրոխտ սուլթանիկի նենգամիտ դրսևորումները, հոխորտանքներն ու սպառնալիքները, միևնույն ժամանակ մեր դարավոր «դաշնակցի» կողմից մեր Երկրի գաղութացման (նեոգաղութացման) փորձերի (թաքուցյա՞լ, թե՞ անթաքույց՝ միևնույն է) բացահայտ ձախողումն ու դրանից էլ ածանցված՝ անհուսորեն խոտորված ու իր խոտորումների բավիղներում խարխափող մեր Երկրի ակնհայտ անտեսման (մանավանդ՝ լքելու) ընթացք որդեգրելը (անկախ օրվա վայ-իշխանավորաց անձերից, գործերից ու պահվածքից) և իր դաշնակցային անմիջական պարտավորություններում թերանալը (մեկ անգամ ևս՝ մեղմ ասած), ըստ այդմ էլ՝ մեզանում շարունակական անկման՝ դադար չառնող գործընթացների անկանգ ծավալումը: Եվ այս ամենից, այսքան ցավից ու դարդից, բնականաբար, զերծ մնալ չի կարող նաև սոցիալ-մշակութային դաշտը, ինչին ևս, ըստ ամենայնի, անդարադարձումներ եղել են նախկիններում ու դեռ կլինեն հետագայում էլ...

Այն գործընթացները, որ կատարվում են ներկայումս մեզանում, ըստ էության նոր չեն Աշխարհի չափ հին մեր Երկրում: Եվ այդ ամենի մասին վաղուց (տարբեր դարաշրջաններում) բազմիցս ասել են մեր մեծե­րը, բայց ձայն բարբառո հանապատի: Ու հիմա էլ՝ գրեթե նույնն է կատարվում: Պարզապես հիմա դրսևո­րումներն են նորովի՝ համաշխարհայնացման (իմա՝ «գլոբալիզացիոն») նոր հովերի ու նորագույն մեթոդ­նե­րի ու միջոցների կիրառմամբ, ինչն հաջողությամբ համադրված է նաև հնից՝ դեռևս սովետական ճահճային անցյալից մեզ ժառանգություն մնացած կոմսոմոլյան ձևականության (իմա՝ «պոկազուխայի») ամենեքյան՝ լայնքով, երկայնքով ու խորքով գործադրմամբ, որ առանց այդ էլ մոլորյալ հանրությանը է՛լ ավելի մոլորեցնելու (հասկանանք՝ մանիպուլացնելու) գործառույթ է նաև իրականացնում: Այնպես որ մեծ հավակնություններ չունենք, թե մեր ասած­ներն ավելի ընկալելի, ավելի ըմբռնելի և ավելի ընդունելի կլինեն, քան մեր մեծերի ասածներն են: Սակայն և անկասկած ասել պետք է:

Այդուհանդերձ, այդ առումով էլ հենց անդրադարձը մեծերին, հիրավի՜, միանգամայն անհրաժեշտ է, զի ընթերցելով մեծերին՝ խորաթափանց, խորամուխ ընթերցողի խորազնին հայացքի ներքո շատ բաներ կհառնեն, ըստ այդմ՝ մեկ անգամ ևս կբացահայտվեն ու կպարզվեն, ասենք, օրինակ, որ պատմության մեջ ամենայն ինչ կրկնվելու սովորություն ունի, այն էլ՝ գեշ սովորություն, ու որ ամեն ինչի մասին արդեն իսկ վաղուց ասվել է, գրվել է, թեկուզ թե՝ ձայն բարբառո հանապատի։ Ու թեպետև դրանից բան չի փոխվել, բայց միևնույն է՝ ասել, այնուամենայնիվ, պետք է։

Օրինակ, երբեք ուշ չէ, այլև միշտ ու մշտապես պետք է նորեն ու վերստին անդրադառնալ մեծերի հայացքին, որ նրանք իրենց ժամանակին սևեռել են մասնավորաբար մեր ներքին ազգային ցավերին ու խնդիրներին: Արդ, մենք էլ պարտ ենք մեր հայացքն անցյալի պրիզմայի միջով հառել մեր մեծերին, զի այն­քա՜ն արդիական, այնքա՜ն համոզիչ են նրանց այս կամ այն արձանագրումները, կյանքի այս կամ այն (գրե­թե բոլոր) բնագավառների առնչությամբ: Այդ ծիրում առաջինն, ինչ խոսք, Պատմահայր Մովսես Խորե­նացին է, և հատկապես նրա «Ողբը»: Հիշում ե՞նք. «Ողբամ զքեզ Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն. զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող. վրդովեցաւ խաղաղութիւն, արմատացաւ անկարգութիւն. դրդուեցաւ ուղղափառութիւն. կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն»: Ահավասիկ, Պատմահոր փաստարկումներից բազում դարեր անց՝ այժմ ևս ճիշտ նույն կերպ ողբալի է Հայոց աշխարհի ներկա վիճակը։ Որովհետև նախնյաց վեհությունից կարծես թե բան չի մնացել, և անցյալի ճշմարիտ թագավորաց վերացմանը հաջորդել է դարերի խավարն ու դատարկությունը՝ հասնելով ներկա եղծ ու պիղծ, կեղծ ու պատիր կառա­վարիչների ժամանակները։ Ու թե դեռևս Պատմահոր ժամանակներից սկսած՝ դեպքերն ու դիպվածները, երևույթներն ու իրավիճակները  համադրելով՝ գանք մինչ մեր օրերը, էն ամենի առնչությամբ, ինչի մասին վկայել է նա, թերևս նույնությամբ կարելի է փաստել, ու նաև՝ քահանայաց, խորհրդականաց և ուսուց­չաց առնչությամբ, ի հետևանք ինչի էլ՝ հիմա նմանապես խստագույնս վրդովված է Երկրիս խաղաղությունը, այլև բոլորեքյան արմատացած է անկարգությունը, խախտված է ուղղափառությունը, հիմնավորված է չարափառությունը, որ մերկանդամ է իրապես, քանզի զինք զգեցած է ընդամենը... տգիտությամբ: Ու՝ միայն։ Եվ ամենևին տեղին չեն իսկն անտեղի լավատեսական դրսևորումները՝ երեսպաշտության աստիճանի կեղծ ու պատիր, լիովին ու ամբողջովին իրականությունից կտրված՝ «Ասենք լավ է, որ լավ լինի» անհեթեթ բանաձևումով, հարդյունս արդ միանգա­մայն դավադրաբար, թշնամաբար մեզ հույլ ու հեղգ, անհարկի, հիմար ինքնահանգստացում է «պարտադրվում» լոկ՝ դատապարտելով ինքնակործանման...