«Ժողովուրդ», դուք հայերեն կարդալ գիտե՞ք 

«Ժողովուրդ», դուք հայերեն կարդալ գիտե՞ք 

Երեկ մենք լուր էինք հրապարակել, որտեղ գրել էինք․ «ՄԱԿ ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հնարավոր է առաջիկա շաբաթներին վայր դնի պատգամավորական մանդատը: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետ ունեցած անհամաձայնությունն է, որն առաջացել է մոտ մեկ տարի առաջ: Արսենյանն իր շրջապատում չի թաքցրել, որ դեմ է գույքահարկի թանկացմանը եւ այլ «ռեֆորմների», որոնցով այս իշխանությունները, ըստ էության, ոտնահարում են ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները․․․»։

«Ժողովուրդ» օրաթերթը, որը իր խնդիրները թողած՝ որոշել է վերջին շրջանում «Հրապարակին» «դասեր տալ», այսօր անդրադարձել է մեր լուրին եւ փորձել մի կողմից հերքել, մյուս կողմից՝ հաստատել մեր գրածը։ 

Բայց տարօրինակն այն է, որ հայալեզու լրատվամիջոցում կարդացել են մեր գրածը եւ պարզ շարադրանքը չեն հասկացել։  

Գրել են․ «Երեկ «Հրապարակ»-ը գրեց, որ Գուրգեն Արսենյանը դուրս է եկել ՔՊ խմբակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց պատգամավորի հետ, որն ասաց, որ երկրում չի եւ տարածված լուրերը համարեց դեզինֆորմացիա։ Նա կտրուկ հերքեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու տեղեկությունը, բայց «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Արսենյանը, այնուամենայնիվ, կհեռանա ՔՊ-ից, եւ հեռացումը խորը արմատներ ունի, որին կանդրադառնանք առաջիկայում»:

«Հրապարակը» չի գրել, որ Արսենյանը դուրս է եկել խմբակցությունից։ Խմբակցությունից դուրս գալն ու մանդատը վայր դնելը տարբեր բաներ են՝ պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ, բայց մանդատը վայր չդնել։ Իրեն լրագրող համարող ամեն մեկը պետք է իմանա դրա մասին։ Բացի այդ՝ չենք գրել, որ արդեն դուրս է եկել, այլ գրել ենք, որ «հնարավոր է առաջիկա շաբաթներին վայր դնի մանդատը»։ 

Մենք հասկանում ենք լրագրողական խանդն ու մրցակիցների դեմ պայքարելու ձեր կիրքը, բայց աշխատեք դուրս չգալ բարեկրթության սահմաններից եւ չափի մեջ մնալ։

Արեգ Մարգարյան