Օնիկ Գասպարյան, ո՞ւր են քո «ձվերը» (հասկացեք՝ ինչպես ուզում եք)

Օնիկ Գասպարյան, ո՞ւր են քո «ձվերը» (հասկացեք՝ ինչպես ուզում եք)

Խոստովանեմ, որ մեծ դժվարությամբ հաղթահարեցի ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ թույլ տվեք ասել՝ արձագանքը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում (այսուհետ՝ Անդոյի հանձնաժողով) Նիկոլ Փաշինյանի բենեֆիսին: Նախ՝ Օնիկ Գասպարյանի արձագանքի ծավալն էր մեծ, եւ ապա՝ այն որեւէ արձագանք Փաշինյանի ասածներին չէր պարունակում: Դա ընդամենը հետաքրքիր նյութ էր ընթերցանության համար, որտեղ Նիկոլի ստերը բացահայտող ոչինչ չկար: Ես որեւէ քաղաքական գնահատական չտեսա Օնիկ Գասպարյանի արձագանքի մեջ, իսկ որ ինձ համար շատ զարմանալի էր, այդպես էլ չհասկացա՝ Օնիկ Գասպարյանն այսօր է՞լ է Նիկոլ Փաշինյանին համարում ՀՀ անվտանգության սպառնալիք, թե՞ ոչ: Ես կասեի՝ Անդոյի հանձնաժողովում Նիկոլի դուրս տված ստերն ու մասնագիտական վերլուծությունից զուրկ հայտարարություններն ավելի «հետաքրքիր» էին ու անբռնազբոսիկ, քան ԳՇ նախկին պետի՝ թվացյալ խորքային մեկնաբանությունները: Կարդում էի Օնիկ Գասպարյանի արձագանքն ու մտածում՝ սա գրվել է Նիկոլ Փաշինյանի կաբինետում՝ Օնիկի պաշտոնանկության օրերին:

Այսինքն՝ Օնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը միասին են գրել այդ երկարաշունչ, ցաքուցրիվ տեքստը, որը, ըստ էության, պատերազմի մեջ այդ երկու անձնավորությունների մեղավորության ու պատասխանատվության վերաբաշխման եւ բազմաթիվ դրվագներում նրանց արդարացման նպատակ է հետապնդում: Տպավորություն է ստեղծվում, թե Նիկոլ Փաշինյանն ու Օնիկ Գասպարյանը պարզապես ժամանակ չեն ունեցել պատրաստվելու պատերազմին՝ առաջինը չի հասցրել դիվանագիտական մակարդակում կանխարգելել պատերազմը, իսկ երկրորդը՝ բավականաչափ զենք ու զորք չի ունեցել դիմադրելու համար: Եվ, ուրեմն, Անդոյի հանձնաժողովին էլ ի՞նչ է պետք՝ Նիկոլ Փաշինյանին կամ Օնիկ Գասպարյանին արդարացնելու համար: Նրանք պարտվել են միանգամայն օբյեկտիվ, իրենց կամքից անկախ պատճառներով: Այդ նախկիններն են մեղավոր, որ դիվանագիտական համապատասխան ժառանգություն եւ մինչեւ ատամները զինված բանակ չեն թողել Նիկոլ Փաշինյանին եւ Օնիկ Գասպարյանին:

Կռիվ կինոն կարելի էր այստեղ ավարտել, եթե Օնիկ Գասպարյանի արձագանքում մի քանի հետաքրքրաշարժ, միաժամանակ մտահոգիչ դրվագներ չլինեին: Առաջինը դասալքության մասին ԳՇ պետի տեսակետն է: Նա պնդում է, որ այդ երեւույթն իրոք տեղ է գտել մեր զինված ուժերում: Նիկոլն էլ նույնն է ասում, մի տարբերությամբ, սակայն, որ Օնիկ Գասպարյանը որոշակի բացատրություն է դնում դրա հիմքում, Նիկոլը՝ ոչ: Օնիկ Գասպարյանը խոսում է նաեւ օպերատիվ իրավիճակի շուրջ Արցախից պարբերաբար ստացված իրարամերժ տեղեկությունների մասին: Ըստ Օնիկ Գասպարյանի՝ Արցախի նախագահը մի բան էր ասում, ՊԲ հրամանատարությունը՝ մեկ այլ բան, ինքն էլ մի երրորդ բան էր լսում, ու այսպես դժվարանում էր օպերատիվ իրավիճակի գնահատումը: Դարձյալ հարց է առաջանում՝ բա խեղճ Նիկոլն ի՞նչ աներ այս պայմաններում, մի՞թե նա մեղավոր է, որ Շուշիի ընկնելը վերջինն է իմացել: Եվ, իհարկե, Օնիկ Գասպարյանի արձագանքի մեջ շատ հետաքրքիր է ԳՇ 2021թ. փետրվարի 25-ի հայտարարության հիշատակումը. «Ինչ վերաբերում է 2021 թ․ փետրվարի 25-ին Գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ` գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Իմ կայացրած որոշումները որեւէ այլ պետության պաշտոնական կամ ոչ պաշտոնական շրջանակների, ինչպես նաեւ ներքաղաքական ուժերի հետ առնչություն չեն ունեցել: Կարեւորում եմ նաեւ այն հանգամանքը, որ ոչ մի պաշտոնատար անձի վրա իմ կողմից ճնշում չի գործադրվել»: 

Խոսքն այն հայտարարության մասին է, որով Նիկոլ Փաշինյանը հայտարարվեց մեր ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիք, հետեւաբար՝ ենթակա հեռացման: Ես հավատում եմ Օնիկ Գասպարյանին, նա այդ հայտարարության տեքստն իսկապես չի համաձայնեցրել այլ պետությունների պաշտոնական եւ ոչ պաշտոնական որեւէ շրջանակի հետ, չի քննարկել ՀՀ քաղաքական որեւէ ուժի հետ: Ուրեմն, ինչո՞ւ ԳՇ-ն նման հայտարարություն արեց եւ հետամուտ չեղավ իր հայտարարության՝ կյանքի կոչմանը, այն է՝ Նիկոլի հեռացմանը: Իսկ գուցե անձամբ Նիկոլի հե՞տ էր քննարկվել այն: Այլապես ինչպե՞ս հասկանալ Օնիկ Գասպարյանին, որ նախապես, մինչեւ տանկերը կառավարության շենքին մոտեցնելը, հայտարարեց Նիկոլին «լիկվիդացնելու» անհրաժեշտության մասին:

Հասկացանք, Նիկոլը ոչ մի բանի տաղանդ չուներ, բայց մի՞թե ինքնապաշտպանության բնազդ էլ չուներ ու պիտի նստեր-սպասեր, թե երբ է Օնիկ Գասպարյանն իրեն բռնելու: Իսկ թե ինչով ավարտվեց մեծ տրագիկոմեդիայի այդ դրվագը, բոլորս գիտենք: Ուղղակի մի փոքր թարմացնեմ այդ հիշողությունը: Նիկոլն իսկույն հրապարակ կանչեց իր հարբած զորքն ու երթեր սկսեց Երեւանով: Օնիկ Գասպարյանը կարող էր նաեւ այդ երթերը ճնշել, բայց, ինչպես ասում են՝ Նիկոլը ճիշտ դուրս եկավ, Օնիկը՝ սխալվեց: Այդ «հաղթանակից» հետո Նիկոլը, իհարկե, կարող էր բանտ դնել Օնիկ Գասպարյանին, գնդակահարել դավաճանության համար, բայց՝ ոչ, բավարարվեցին մի փոքր քաշքշուկով ու պաշտոնանկությամբ: 2021թ․ այդ օրերին Անդոյի հանձնաժողովն արդեն ստեղծված էր, իսկ Օնիկ Գասպարյանը թերեւս միակ պաշտոնյան էր, որ կարող էր Անդոյի հանձնաժողովում Նիկոլի արդարացման հիմքեր ստեղծել:

ՀԳ. 2021թ․ փետրվարի 25-ի առավոտյան Ազատության հրապարակում, իսկ երեկոյան՝ Բաղրամյան փողոցում ես վանկարկում էի՝ Օ-նիկ, Օ-նիկ, Օ-նիկ…

ՀԳ. Դավաճանված ենք եղել բոլորից ու բոլոր կողմերից:  Պարտությունն ու կապիտուլյացիան այլ պատճառներ չունեն: