Ինչու է Հնդկաստանը հետաքրքրված Հայաստանի հետ հարաբերություններով 

Ինչու է Հնդկաստանը հետաքրքրված Հայաստանի հետ հարաբերություններով 

Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները զարգանում են` ձեռք բերելով դաշնակցային կամ ռազմավարական գործընկերային բնույթ։ Սա կարեւոր է երկու կողմի համար, քանի որ երկու երկիրն էլ շրջապատված են իրենց հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված հարեւաններով, գրում է «Eurasia Review»-ն, մանրամասնելով, որ սկսած 2020 թվականից երկու երկրների միջեւ հետեւողականորեն եւ շեշտակի կերպով աճել է առեւտրաշրջանառությունը։ 
2022-23 ֆինանսական տարում առեւտրաշրջանառությունը Երեւանի եւ Դելիի միջեւ կազմել է 134 միլիոն դոլար, առանց հաշվի առնելու ռազական տեխնիկայի եւ սպառազինությունների արտահանումը, որը կատարվել է Հնդկաստանից դեպի Հայաստան։ Եթե այս բաղադրիչը հաշվի առնվեր, ապա առեւտրաշրջանառության ծավալը կհասներ 360 միլիոն դոլարի։ Հնդիկները արտահանել են 61,3 միլիոն դոլարի ապրանք, ներկրել՝ 72,8 միլիոնի։ Հնդկաստանը հիմնականում արտահանել է դեղագործական արտադրանք, կիսաթանկարժեք քարեր, մսամթերք, նավիգացիոն համակարգեր։ Հայաստանն իր հերթին արտահանել է ոսկի, բժշկական սարքավորումներ, թանկարժեք քարեր, մետաղներ, կաշի, ներկեր եւ այլն։ Ավելի բարձր մակարդակի եւ ընդլայնված առեւտրային հարաբերությունների հաստատումն Հնդկաստանի հետ ոչ միայն տնտեսապես է ձեռնտու Հայաստանին, այլ նաեւ բարձրացնում է Երեւանի աշխարհաքաղաքական արժեքը։ 

Հնդկաստանը` Իրանի հետ միասին, Հայաստանի ամենից արժեքավոր դաշնակիցներն են, հաշվի առնելով այն վատ հարաբերությունները, որոնք առկա են Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի միջեւ, ինչպես նաեւ վատացող հարաբերությունները` Ռուսաստանի հետ։ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություններ, այդ թվում հրթիռային համակարգեր, հրետանային եւ ռադիոլոկացիոն համակարգեր, հակատանկային միջոցներ է վաճառում` սկսած 2020 թվականից։ Ադրբեջանի դժգոհությունները, մեծ հաշվով, չկարողացան խանգարել այդ գործարքներին։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Հնդկաստանը վերջին տարիներին հստակ դիրքորոշում է ունեցել այդ առնչությամբ, վաճառել է զենք հայկական ուժերին եւ դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները։ 

Հայաստանի հանդեպ Հնդկաստանի այս բարեհաճ հետաքրքրվածությունը, սակայն, պատահական չէ։ Ադրբեջանի եւ Պակիստանի վաղուցվա բարեկամությունն ու դաշնակցությունը Հնդկաստանի համար անհանգստացնող է։ Բացի այդ, Հարավային Կովկասը առանցքային ռեգիոն է Հնդկաստանի համար, որտեղ վերջինս մտադիր է կարեւոր տրանսպորտային ճանապարհ ստեղծել, որը նրան թույլ կտա միանալ Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ։ Այդ մուլտիմոդալ նախագիծը, որը միավորում է ծովային, ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտները, Հայաստանի կողմից ջերմ ընդունելության է արժանացել։ Հնդկաստանը դրա համար պետք է կառուցի երկաթուղի, որը կանցնի Իրանի հյուսիս-արեւմուտքով, ապա Հարավային Կովկասով եւ կհասնի Ռուսաստան կամ Սեւ ծով։ Դրա համար էլ Դելին պետք է երկու հնարավորություն օգտագործի՝ կամ երկաթուղային գիծ կառուցի Հայաստանի Սյունիքի մարզով, կամ` երկաթգիծ կառուցի Ադրբեջանով։ Խնդիրն այստեղ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է, որը եթե կյանքի կոչվի, կանցնի Հայաստանի տարածքով։ Այն անցնելով Հայաստանի Սյունիքի մարզով, միացնելու է Ադրբեջանի հիմնական տարածքները Նախիջեւանի ԻՀ հետ։ Ընդ որում, ըստ Ադրբեջանի, այն պետք է լինի Հայաստանի իրավազորությունից դուրս, եւ հայկական ուժերի կողմից չվերահսկվի, որով կդառնա թյուրքական աշխարհը կապող միջանցք։ Ղարաբաղի վերջնական գրավումը 23 թվականին մեծ հաշվով հարված էր նաեւ Հնդկաստանի շահերին, քանի որ Դելին իր միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծով ցանկանում է շրջանցել Պակիստանը, իսկ Պակիստանն էլ իր հերթին ցանկանում է Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան գնացող ճանապարհային հաղորդակցական ենթակառուցվածքների հանդեպ հասանելիություն ձեռք բերել։ 

Սա է պատճառը, որ Իսլամաբադը աջակցում է Բաքվին Երեւանի հետ հակամարտությունում։ Բացի այդ, Հնդկաստանը մտադիր է իր միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծով Իրանը դուրս բերել Չինաստանի ուղեծրից եւ առաջ անցնել Չինաստանի նախաձեռնած համանման նախագծերից։ Սրանով է նաեւ պայմանավորված, որ Բաքուն վերջերս բավականին շատ ժեստեր արեց Պեկինի ուղղությամբ։ Դելիի համար ընդհանուր առմամբ անհանգստացնող է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքը եւ դրան փորձ է արվում հակադրել Հայաստան-Հնդկաստան-Իրան, ինչպես նաեւ՝ Հայաստան-Հնդկաստան-Ֆրանսիա-Հունաստան դաշինքը։ Այս համատեքստում է, որ Հայաստանը ձեռք է բերում կարեւոր աշխարհաքաղաքական, տրանսպորտային եւ էներգետիկ հանգուցային արժեք Հնդկաստանի համար եւ Երեւան-Դելի հարաբերությունների նման ամրացումը հենց այս լույսի ներքո պետք է դիտարկել։ 
Ահա այսպիսի վերլուծություն է արել «Eurasia Review»-ն: