Բնակիչներն ու ջրմուղն իրար հակասո՞ւմ են․ ո՞վ է վնասել ջրի խողովակը
Մի քանի օր է՝ Գյումրու Օյունջյան կրթահամալիրին հարակից բնակելի շենքերի, ինչպես նաև Աբովյան փողոցի նրբանցքների տները կանոնավոր ջրամատակարարումից զուրկ են: Օրվա ընթացքում մի քանի ժամով ջրամատակարարումը դադարեցնելն այս թաղամասերի համար սովորական է դարձել : Hraparak.am-ին ահազանգած քաղաքացիները վստահեցնում են, թե 5 օրից ավել է, ինչ այդ վիճակն է, եւ անհասկանալի է, թե ինչ խնդիր է առաջ եկել, որ կանոնավոր ջրամատակարարումը վերականգնել չի հաջողվում: Ոմանց տեղեկություններով՝ Գյումրու «Գալվանոմետրի»՝ «Օմեգա ռեզիստորների գործարան»ին մերձակա տարածքում ինչ-որ շինություն են կառուցում, հավանաբար ռեստորանային համալիր, որի շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել են ջրի խողովակները, ավելին՝ «մեղքը» Գազպրոմինն է: Գազի խողովակներ անցկացնելիս վնասել են ջրատար խողովակները:
«Շիրակ-ջրմուղկոյուղի» թեժ գծից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ օրվա ընթացքում մի քանի ժամով պլանային աշխատանքներ կատարելու նպատակով անջատումները նորմայի սահմանում են: Իսկ թե ինչ պլանային աշխատանքներ են ընթանում Գյումրու նշված հասցեներում, որի պատճառով բնակիչները ժամերով ջուր չունեն, եւ արդյոք Գազպրոմն է մեղավորը, փորձեցինք պարզել ջրմուղկոյուղու Շիրակի մարզի պատասխանատու Վարոսյանից․«Էդպես չէ, որ ամբողջ օրը ջրամատակարարումը դադարեցված է, օրվա մեջ 1-2 ժամ գործ ենք անում, էդ ընթացքում է միայն անջատվում:Այդտեղ, այո, շինարարական աշխատանքներ են ընթանում, մենք էլ խողովակներն ենք թարմացնում, որևէ լուրջ վթար չկա, Գազպրոմը չէ, մենք ենք խողովակներ փոխում»,-ասաց պատասխանատուն՝ չհստակեցնելով, թե վերջնական երբ կավարտվեն աշխատանքները եւ կվերականգնվի նորմալ ջրամատակարարումը:
Նկատենք, որ օրվա ընթացում անգամ մեկ-երկու ժամով ջրանջատման դեպքում բնակիչներին հստակ տեղեկատվություն չի տրամադրվում:
Կարծիքներ