Կան վնասված մեքենաներ, փորձում ենք պահնորդական ընկերությունների հետ պայմանավորվել

Կան վնասված մեքենաներ, փորձում ենք պահնորդական ընկերությունների հետ պայմանավորվել

Ռուս-ուկրաինական պատերազմը, ի թիվս տնտեսական սանկցիաներով պայմանավորված խնդիրների, նաեւ լոգիստիկ խնդիրներ է առաջացրել Ուկրաինայի հետ բեռնափոխադրում ունեցող երկրների համար։ Անմասն չէ նաեւ Հայաստանը։ Հիմա հայ բեռնափոխադրողները հայտնվել են բարդ խնդրի առջեւ՝ նրանց բեռնատարները մնացել են Ուկրաինայի տարբեր քաղաքներում, նավահանգիստներում եւ չեն կարողանում դուրս գալ, անգամ թալանվում են, վնասվում, հայտնվում հրետակոծության տակ։ Վտանգված է նաեւ վարորդների կյանքը։

«Ապավեն» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս պահին Ուկրաինայում մեքենաներ ունեն, որոնք չեն կարողանում դուրս բերել երկրից։ «Հենց հիմա Ուկրաինայում չորս հատ բարձված մեքենա ունենք ու մտածում ենք բեռների եւ վարորդների անվտանգության մասին»,- ասաց Գագիկ Աղաջանյանը։

- Իսկ մենք ի՞նչ ծավալի բեռնափոխադրում ունենք Ուկրաինայի հետ։

- Նախ՝ Ուկրաինան բավականին լուրջ շուկա եւ մատակարար էր Հայաստանի համար, եւ էդ ամբողջը կորավ՝ ե՛ւ մատակարարումը, ե՛ւ շուկան։ Իսկ մասնավորապես այս պահին, այո, կան խնդիրներ, այսինքն՝ կան բեռներ, որոնք տեղ չեն հասել, գտնվում են նավահանգիստներից դուրս գտնվող տարածքներում եւ չեն կարողանում հասնել ո՛չ Կիեւ, ո՛չ նշանակման մյուս կետեր, ո՛չ էլ այնտեղից դուրս եկած բեռները կարող են ինչ-որ ձեւով գալ հասնել Հայաստան։ Հիմա մենք ունենք այդ խնդիրները, որոնք փորձում ենք լուծել։

- Դեսպանատա՞ն հետ եք փորձում լուծել։

- Չէ, դեսպանատան հետ դեռեւս չենք աշխատում, մենք փորձում ենք լուծել դեռեւս մեր ունեցած հնարավորությունների ու կապերի շնորհիվ, որից հետո կերեւա։

- Ո՞ր հատվածներում են գտնվում այդ մեքենաները։

- Տարբեր տեղերում են։ Երկուսը գտնվում են Չեռնոմորսկի նավահանգստում, բայց բուն նավահանգստից դուրս, մյուս երկուսից մեկն էլ Օդեսայի մոտ է, մյուսը՝ Կիեւի մոտ։

- Դրանց մեջ կա՞ն վնասված մեքենաներ։

- Այո, արդեն ունենք վնասված մեքենաներ, արդեն բացել տարել են միջից որոշ քանակներ, դրա համար մենք շատ անհանգիստ ենք, ուզում ենք էնտեղից որեւէ կերպ հանել, փորձում ենք մասնավոր պահնորդական ընկերությունների հետ պայմանավորվել, որ ապահովենք մեր մեքենաների եւ վարորդների անվտանգությունը։

- Իսկ տարանցի՞կ բեռներ էին դրանք, թե՞ հենց Ուկրաինայից են բարձվել կամ Ուկրաինայում պետք է դատարկվեին։

- Չէ, տարանցիկ չեն, հենց Ուկրաինա գնացող եւ Ուկրաինայից Հայաստան եկող էին։ Երկու մեքենա բերում են ապրանք Ուկրաինայից Հայաստան, մյուս երկու մեքենան Հայաստանից ապրանք էին տարել Ուկրաինա։

- Իսկ Ռուսաստանի հետ կապված՝ այս պահին լոգիստիկ խնդիրներ ունե՞նք։

- Չէ, Ռուսաստանի մասով ոչ մի խնդիր չկա, ամբողջ համակարգը, որը նախկինում աշխատել է, շարունակում է աշխատել։ Բարդությունն այն է, որ որոշ փոխադրումների մեխանիզմներ, որ նախկինում գործում էին, հիմա չեն գործի։ Բայց մենք դրանից շատ քիչ ենք օգտվել, դրա համար մեզ վրա դա չի արտացոլվի։ Մասնավորապես, կոնտեյներային փոխադրումները Փոթի նավահանգստից մինչեւ Նովոռոսիյսկ նավահանգիստ, որն իրականացնում էին համաշխարհային մասշտաբի խոշոր ծովային ընկերությունները, նրան` ռուսական նավահանգիստներ չմտնելու պատճառով, քանի որ հրաժարվում են մտնել, էդ ուղղությունը, այսինքն՝ կոնտեյներային փոխադրումների ձեւը, ըստ էության, դադարում է գոյություն ունենալ մեզ համար։

- Այդ տնտեսական սանկցիաները, որ կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, նաեւ ռուբլու արժեզրկումն ու դոլարի արժեւորումը, ի՞նչ հետեւանքներ կարող են առաջացնել մեզ համար։

- Մենք պետք է դրանից մեծ օգուտներ քաղենք, պետք է այնպիսի ծրագրեր մշակենք, որ դրանից դուրս գանք եռապատիկ, քառապատիկ շահած։ Ու դրա հնարավորություններն ու շանսերն ունենք։ Իսկ դրա համար պետք է համապատասխան կառույցները կարողանան ճիշտ աշխատել։

- Դուք նախադրյալներ տեսնո՞ւմ եք այդ աշխատանքի համար։

- Ոչ թե տեսնում եմ, ես հիմա կոնկրետ գործով եմ զբաղված․ այն, որ Եվրամիության ապրանքը Ռուսաստանի վրա չի վաճառվում, մենք ենք հիմա էդ ապրանքը ձեռք բերում, որ վաճառենք ռուսներին։ Բնական է, մենք մեջը կոմիսիա կունենանք։ Ու էնպիսի ապրանքներ, որոնք այլանդակ թանկ են։ Հենց հիմա մենք էդ բանակցությունների մեջ ենք իրենց հետ, թե ոնց անենք, ինչ անենք, որովհետեւ ընդամենը մի շաբաթ է անցել։ Հիմա պատկերացրեք՝ վեց ամիս կամ մի տարի տեւի էդ սանկցիան։

- Իսկ բացի նրանից, որ ապրանքների մասով մենք կարող ենք միջանկյալ օղակ լինել, որ եվրոպական ապրանքը մեր միջոցով վաճառվի ՌԴ-ին, ռուբլու կուրսի արժեզրկմամբ վնասներ չե՞նք կրի։

- Հայաստանի այն տնտեսվարողը, որն ապրանք է վաճառում Ռուսաստան, բնական է՝ նա կորուստներ է ունենալու, իսկ ով որ Ռուսաստանից ապրանք է ձեռք բերել ու բերում է Հայաստան՝ վաճառելու, նա շահած դուրս կգա։ Այսինքն՝ դա ընդհանուր բալանսի եկող հարց է։ Բայց դա բիզնեսմենի ռիսկն է։