Լրագրողը Պուտինին ձերբակալելու մասին է հարցնում, ինքն իրեն գցում է «պեչենու բաղերը» 

Լրագրողը Պուտինին ձերբակալելու մասին է հարցնում, ինքն իրեն գցում է «պեչենու բաղերը» 

«Ստիպված եմ եղել դիտել Փաշինյանի՝ The Telegraph-ին տրված հարցազրույցը, որովհետև պետք էր հասկանալ, վերջիվերջո, հերթական ինչ հիմարություններն է դուրս տալու», անդրադառնալով Փաշինյանի կիրակնօրյա հարցազրույցին, ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Կարողացա՞վ արդյոք Փաշինյանը սպառիչ պատասխաններ տալ բավականին լավ պատրաստված լրագրողին, հարցին ի պատասխան, Սարգսյանն ասաց, որ մի հատված է լսել, որովհետև դրանից ավել Փաշինյանին դժվար է հիմա լսելը։ Սակայն կարող է ասել, որ լրագրողը, ով իսկապես պրոֆեսիոնալ էր, մի քանի անգամ նույն հարցը տալիս էր` չիմանալով, որ այդ մարդուն որքան ուզում ես ուղիղ հարցը տուր՝ պատասխան չես ստանա։ 

«Սպառի՞չ էր արդյոք՝ իհարկե ոչ, որովհետև, ըստ էության, ինչպես ինքն է սիրում ասել` որևէ հստակ պատասխան չտվեց։ Գործը հասավ նրան, երբ հարց էին տալիս, թե Դուք ո՞նց կվարվեք, եթե Վլադիմիր Պուտինը հանկարծ որոշի գալ Հայաստան, ինքն ընկավ, ժողովրդի լեզվով ասած, պեչենու բաղերը՝ սկզբից, թե նախագահներն ունեն անձեռնմխելիության կարգավիճակ, հետո` որ դա իր գործը չի, վերջ ի վերջո ինքն ո՞վ է, որ այդպիսի հրաման տա, ոստիկանություն կա՝ ոստիկանությունը կանի, ոստիկանության խնդիրն է դա և այլն, և այլն։ Հասկանալի է ի վերջո, թե ինչ ձևով է ինքը ներկայացնում պետությունը, որովհետև պետության մակարդակն ու վարկանիշն է այդպիսով ցույց տալիս, ավելի շուտ` իշխանության։ Այնպես որ սպառիչ պատասխաններ կամ բովանդակային պատասխաններ տալու մասին խոսելը կարծում եմ իմաստ չունի»,-ասաց Սարգսյանը։ 

Նա կարծում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանների, այս կամ այն գործընթացների մասին, որոնք իրենից չեն կախված, ընդամենն ասում է, որ ինքը հույս ունի, իսկ դա նշանակում է, որ ինքը որևէ համոզմունք չունի, իսկ երբ երկրի ղեկավարը որևէ հարցի վերաբերյալ հստակ չունի դիրքորոշում՝ դա արդեն շատ վտանգավոր է։ «Պետության ղեկավարը ոչ միայն հստակ որոշումներ կայացնելու ունակ պետք է լինի, այլ որոշումների հեռանկարը տեսնի և այդ հեռանկարից բխող հետևանքները տեսնի։ Այս անձը ոչ դա գիտի, ոչ այն, ոչ էլ երրորդը, կամ` եթե գիտի, ուրեմն անում է միտումնավոր։ Մենք ամփոփել ենք հրաժարական պահանջելու հարյուր պատճառները և կներկայացնենք հանրահավաքի ժամանակ»,-ասաց Սարգսյանը։ 

Մեր զրուցակիցը հետեւություն է անում` այն ղեկավարը, ով այսպես է պահում իրեն, կարող է շատ հանգիստ սուտ ասել, իրարամերժ հայտարարություններ անել, ոչ մի ռեալ գործողություն չանել. «Ադրբեջանին անընդհատ ասել՝ արի գնանք խաղաղության, գիտեք դա ինչի՞ է նման, երբ մի տղամարդը կնոջն ասում է՝ արի գնանք ԶԱԳՍ ամուսնանանք, կինը մի անգամ է մերժում, երկրորդ անգամ է մերժում, երրորդ անգամ, չորրորդ անգամ, ասում է՝ լսիր, հո դու հիմար չե՞ս, ասեցի չէ, հո դու տուպոյ չե՞ս։ Հիմա սրանն է. այն մարդը քեզնից հրաժարվում է, դու անընդհատ գնում, ասում ես՝ արի խաղաղություն կնքենք։ Այնպես որ իր ամեն գործողությունը համարում ենք շատ վնասարար»,-եզրափակեց Արամ Սարգսյանը։