«Ռապիսկան» սարքի խափանման պատճառով Լարսում նորից բեռնատարների կուտակումներ են

 «Ռապիսկան» սարքի խափանման պատճառով Լարսում նորից բեռնատարների կուտակումներ են

Լարսում նորից խնդիր է առաջացել, և Հայաստանից ուղևորվող բեռնատարները դարձյալ չեն կարողանում հատել սահմանը, գոյացել է մեծ հերթ։ Մեզ ասացին, որ մեր բեռնատարներին նախևառաջ հայ-վրացական սահմանին՝ վրացական անցակետում թույլ չեն տալիս կամ հորդորում են չհատել սահմանը՝ պատճառաբանելով, թե «Լարսում խնդիր կա, իզուր մի՛ գնացեք, գնալու եք կանգնեք»։ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ ասացին, որ իրենք նման տեղեկություն չունեն, իրենց տեղեկությամբ՝ Լարսը բաց է։ 

Մենք տեղեկացանք, սակայն, որ խնդիրը տեխնիկական է։ Իրականում Լարսը բաց է, բայց «Ռապիսկան» սարքն է խափանվել, և այն բեռները, որոնք պետք է սքանավորվեն, նոր անցնեն, չեն կարողանում դա իրականացնել, ուստի այդ բեռներով մեքենաները մնացել են կանգնել, ինչի հետևանքով էլ մեծ հերթ է գոյացել։ Արդյունքում նորից տուժում են հայկական արտահանող ընկերությունները, որոնց ապրանքը երկար կանգնելու դեպքում կարող է փչանալ։