Երբ դատախազին իշխանությունից պաշտպանում է ընդդիմությունը

Երբ դատախազին իշխանությունից պաշտպանում է ընդդիմությունը
Արթուր Դավթյան

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դատախազության տարեկան հաղորդումն էր ներկայացնում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Ստանդարտ հաշվետվություն էր՝ ստանդարտ թվային ցուցանիշներով, որով փորձ էր արվում ցույց տալ, որ դատախազությունն ավելի արդյունավետ է աշխատել, քան նախորդ տարիներին։

Եվ սա շատ դուր եկավ «Իմ քայլի» որոշ նորաթուխ պատգամավորների, որոնք մինչ իրենց իրավական գիտելիքները կցուցադրեին, նախընտրեցին նախ քծնանքի ու գովեստի խոսքեր ասել դատախազի հասցեին՝ որ շատ հետաքրքիր էր նրա ելույթը լսելը, նախկինում այս զեկույցներն այդքան հետաքրքիր չէին անցնում, հիմա հետաքրքրությամբ լսեցին եւ այլն։ Դատախազի ելույթից տպավորված էր, օրինակ, Սուրեն Գրիգորյանը՝ մի երիտասարդ պատգամավոր, որը նախկինում հայտնի չէ, թե որտեղ է լսել դատախազի հաշվետվությունը։ Տպավորված էին նաեւ Սերգեյ Ատոմյանը, Նազելի Բաղդասարյանը։ Միակ դժգոհը, պարզվեց, Վահագն Հովակիմյանն է, ով հեղափոխական տոնայնությամբ արձանագրեց, որ ոչինչ էլ չի փոխվել, ամեն ինչ նույնն է մնացել, եւ դատախազն էլ նույն ոճով է պատասխանում հարցերին, ինչ առաջ։


«Ես հասկանում եմ, որ թղթաբանությունն ավելացել ա, բայց հանրությանը թղթաբանությունը չի հետաքրքրում․․․ Այն, որ մեր իրավապահ համակագն այլեւս նոր իրողությունների պայմաններում է գործում, պիտի որ այս հաղորդումից տեսնեինք։ Բայց ես էդ ամենը չտեսա։ Ես ընդամենը տեսա նախկինի պես թվերի վիճակագրության համախմբում, որտեղ, երբ որ նայում ենք տողատակը, տեսնում ենք, որ համակարգը շարունակում է մնալ էնպիսին, ինչպիսին որ եղել ա։ Ընդամենը ոչ միայն անձերը չեն փոխվում, այլ նաեւ անձերի գործելաոճը չի փոխվում»,-արձանագրեց իշխանական պատգամավորը՝ թերեւս ակնարկելով, որ դեմ է Դավթյանի պաշտոնավարմանը։

Այստեղ գլխավոր դատախազին օգնության հասավ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ կանգնելով Արթուր Դավթյանի թասիբին։
«Պարոն Հովակիմյան, մեր աշխատանքի ժամն ավարտվում ա ժամը վեցին, իսկ ոմանք ավելի շուտ են փախուստի դիմում աշխատավայրից, բայց Դուք գիտե՞ք, որ էսօր դատախազության համակարգում բոլոր դատախազներն առավոտ 9-ից մինչեւ երեկոյան 9-ը աշխատում են, եւ բացարձակ համահունչ չի իրենց կատարած աշխատանքի դիմաց իրենց ստացած աշխատավարձը։ Եվ էդպես մի նախադասությամբ ամբողջ դատախազության համակարգի վրա ցեխ շպրտել, թե ամեն ինչ նույնն ա մնացել, դա էդպես չի, հարգելի պարոն Հովակիմյան»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։

Նիստից հետո հարցրինք Վահագն Հովակիմյանին, թե ինչը նրան դուր չեկավ հատկապես գլխավոր դատախազի զեկույցում, Հովակիմյանն ասաց, որ խնդիրն իր քաղաքական ընկալումն է։ «Այսինքն՝ իմ ընկալմամբ, նույն հանրությունից եկող ազդակներով դատախազության գործելաոճը, կարելի ա ասել, էապես չի փոխվել, ինչ եղել է նախկինում»,- ասաց նա։

- Իսկ ի՞նչ էիք ակնկալում նրանից։

- Ես ակնկալում եմ, որ դատախազությունն ավելի հետեւողական պիտի լինի հանցագործությունների ոչ միայն բացահայտման, թղթաբանության մեջ, այլ նաեւ, որ պատասխանատվության ենթարկվեն։ Այսինքն՝ մարդիկ իմանան, որ երբ իրենք դիմում են իրավապահ համակարգին, էդ ունենում ա ազդեցություն։

- Իսկ Գեւորգ Պետրոսյանի արձագանքին ինչպե՞ս կարձագանեք։

- Նորմալ ա, ընդդիմությունը դատախազին ա պաշտպանում։